Կյանքը՝ դիլիջանյան մեկուսացումից հետո

Լուսանկարը՝ Բիայնա Մահարիի

Պատմության սկիզբը՝ Իմացե՛ք՝ կարանտինում տխուր չի․ կյանքը մեկուսացման պատերից ներս

Մի քիչ հոգնած, մի քիչ երջանիկ, մի քիչ զարմացած ու շատ կարոտած` վերջապես վերադարձանք տուն:

Բոլորը խոսում են կարանտինի մասին, բայց ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչ է լինում կարանտինից հետո. այ սենց դրամատիկ կարող էր սկսվել գրածս, եթե «հետո»-ն լիներ իրոք դրամատիկ. իրականում համարյա այդպես էլ կա։ Լրիվ անտեղյակ նոր իրականությունից, մաքուր թեստերի արդյունքներով բոլորս լցվեցինք ավտոբուս, որը մեզ պետք է տաներ Հանրապետության հրապարակ, որտեղ արդեն սպասում էին մեզ կարոտած (հույս ունեմ) բարեկամներն ու ընկերները՝ բոլորը դիմակներով, մռայլ, իրարից հեռու կանգնած դատարկ հրապարակում։ Մենք`ակտիվ, ուրախ, երջանիկ, վերջապես էսքան ժամանակ անց Երևանը` էն էլ միանգամից հրապարակը տեսնելուց մի քիչ խելագարված, իրար ազատ գրկող, վազվզող, մարդա մի քանի ճամպրուկներով` նայվում էինք երևի մոտավորապես այլմոլորակայինների պես։ «Աստված գիտի՝ երբ Երևանում էլի կտեսնեմ ճամպրուկով մարդ»,- կմտածեի ես, եթե անցնելիս լինեի այդ շրջիկ կրկես հիշեցնող խմբի կողքով:

Բայց ուրախությունը ահագին շուտ ավարտվեց. պարտադիր դիմակ հագնել, ցանկալի է ձեռնոցներ. ցտեսություն ասել մարդկանց, որոնց հետ թվումա թե պատերազմ ես անցել, ինչքան էլ հասկանում եմ՝ համեմատությունը տեղին չի, նստել մեքենաներ` պարտադիր մեկ-մեկ ու ուղևորվել ամեն մեկս մեր բարեկամների մոտ որպես առողջության փոքրիկ դեսպաններ:

Տարօրինակ զգացողություն է այդ թեստի բացասական արդյունքը, նույնիսկ մի օր անց դեռ քեզ զգում ես մյուսներից (ցանկացած մյուսներից) մի քիչ ավելի լավը, չէ որ դու առողջ ես. թե ինչն է այդտեղ քո նվաճումը, չգիտեմ, բայց դու մեկա շատ հպարտությամբ ես կրում այդ դրոշմը, չնայած, որ այն բացի քեզնից ոչ ոք չի տեսնում։ Մի քիչ մեծամիտ, ոնց որ թե մի քիչ ավելի քիչ կեղտոտված, քան մյուսները․ կարճ ասած՝ ահավոր զգացողություն. բայց բացի զուտ քիթը բարձր պահելու ֆունկիցիայից, թեստի արդյունքը ունի նաև շատ պոզիտիվ կիրառություն` հնարավորություն տեսնելու տատիկ-պապիկներին հիմա, երբ արդեն մի ամիս է չես տեսել, գոնե մի անգամ մարդավարի նստել պատմել արկածներիցդ՝ չիմանալով, թե մյուս անգամ երբ կկարողանաս սենց հանգիստ հետները նստել ու խոսել, այլ ոչ թե դռան մոտ փաթեթ թողնել ու դպրոցականի պես դուռը զանգել փախնել, համոզել տատիկին, պապիկին, որ դրսից բերված ցանկացած իր պետք է սրբել՝ իմանալով, որ իրենք ի սրտե կհամաձայնեն, բայց իհարկե երբեք չեն անի։ Պատմել դատարկ Իտալիայի մասին, տուն հասնելու պատմություններդ, մի քիչ նկարներ ցույց տալ ու գնալ առաջ՝ հասկանալու, թե էս նոր աշխարհում ոնց են գոյատևում:

Արդեն պարզ ա` ինձ պետք ա դիմակ…ներ։ Ու խանութ, մեծ խանութ, լիքը ուտելիքով։ Այս անհասկանալի աշխարհը, որտեղ սրճարանները փակ են, խոսք է տալիս ինձ սովամահ անել, բայց ես առանց պայքար չեմ հանձնվի. մի մեծ զամբյուղ ուտելիք` հավաքելու ընթացքում փորձելով հասկանալ՝ ինչն է հույժ կարևոր, ինչը՝ երկրորդական (առաջ ընկնելով ասեմ՝ դրամարկղի մոտ պարզվեց, որ կարևոր են կիտ-կատն ու առհասարակ բոլոր շոկոլադները, երկրորդական` բրինձ, գրեչկա ու մնացած անիմաստ ուտելիքները), մի երկու հատ ջղային հայացք ու նեռվայնություն սոցիալական հեռավորությունը պահպանելու մասին նույնիսկ չմտածող հերթի անդամներին ու առհասարակ նոր արտահայտություն` սոցիալական հեռավորություն։ Տեսնես մարդ կա՞, որ վերջը կարողացել ա հասկանալ՝ ինչիյա այդ հեռավորության անունը սոցիալական ? երևի կա, բայց ես կընտրեմ մնալ իմ չիմացության մեջ, թող դա էլ կոռոնայից մի հանելուկ մնա…

Ահագին շուտ պարզվեց, որ խանութ կարելի է գնալ ամեն օր, օրը մի քանի անգամ, լրիվ սովորական, հանգիստ ռեժիմով` բայց դրա հետ մեկ տեղ պարզվեց, որ այդպես են կարծում բոլորը, ու խանութ գնալը դու մի ասա ավելի վտանգավոր ճանապարհորդություն է, քան Իտալիայում կորոնայի բռնկման սեզոնին երկու շաբաթ անցկացնելը։ Ու քանի դեռ ես` նոր մարդ, այս, արդեն իր օրենքներով աշխարհում, մի քանի ապրանք կրծքիս սեղմած վախից հավանաբար շատ կլոր աչքերով փորձում եմ սողոսկել տան մոտի սուպերմարկետի նեղ գալարներով` մերթ ընդ մերթ հայտնվում եմ շրջափակման մեջ՝ վրաս շատ զարմացած նայող ու կլոր աչքերիս բուն պատճառը չհասկացող, հանապազորյա լավաշը գնած և առավոտյան զբոսանքը սուպերմարկետում վայելող շարքային քաղաքացիներին։

Թվում էր, թե գնումների կազմակերպման հարցում կավարտվեն զարմանքներն ու նորությունները, բայց արի ու տես..․

Շարունակելի․․․

Մեկնաբանել