Վարչապետի հետ ուղիղ աշխատանքը վերապահված է վարչապետի աշխատակազմին․ Հ1

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուրբաթօրյա ուղիղ եթերով ուղերձին նախորդած՝ հրապարակման ոչ ենթակա կադրերի մասին, որոնք ծաղրական տեսահոլովակի տեսքով հայտնվել են համացանցում։

«[…] վարչապետի հետ ուղիղ աշխատանքը վերապահված է ոչ թե Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին, այլ վարչապետի աշխատակազմին: Ինչպես նախկինում, այս դեպքում էլ ուղիղ եթերից առաջ տրամադրվել է բաց կապուղի ՀՀ կառավարության հորդորով, որից րոպեներ առաջ կատարվել է կապուղու փորձարկում, որպեսզի հեռարձակող հեռուստաընկերությունները կարողանան ստուգել հնարավոր խնդիրները և լուծել դրանք։

Եթերից առաջ հեռուստաընկերության աշխատակիցը ներկաներին բարձրաձայն տեղեկացրել է՝ մենք REC. ենք, ինչը նշանակում է՝ մենք ձայնագրման փուլում ենք: Սա պարտադիր ընթացակարգ է:

Նկարահանման ամբողջ ընթացքին ներկա են եղել ինչպես վարչապետի խոսնակը, այնպես էլ տեղեկատվական վարչության աշխատակիցները: Հեռուստաընկերության որևէ աշխատակից առանց հատուկ ցուցման կամ թույլտվության չի կարող թողնել իրեն վստահված տեղը:

Այս պարագայում շահարկվող «արտահոսք» բառը մասնագիտորեն տեղին չէ, քանի որ բաց կապուղով տրամադրվող նյութը, ինչպես նշված է, հասանելի է եղել նախապես հայտարարված ութ հեռուստաընկերություններին և ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջին:

Հանրային հեռուստաընկերությունը աշխատել և աշխատում է ապահովել անխափան եթեր ու այն հասանելի դարձնել բոլորին: Առաջին ալիքի թիմը պատրաստ է մասնագիտական պատասխանատվություն կրել միայն իր գործառույթների համար»,- նշված է հայտարարությունում:

․․․

Ուրբաթ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիներին ուղիղ եթերով հղած ուղերձի տեխնիկական նախապատրաստման կադրերը հայտնվել են համացանցում, առիթ տվել տարաբնույթ մեկնաբանությունների։ Արտահոսած կադրերից անհայտ մի օգտատեր պատրաստել է ծաղրական հոլովակ և տարածել Ֆեյսբուքում։

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել է, որ վարչապետի աշխատակազմը պարզաբանում է պահանջում Հանրային հեռուստաընկերությունից։

#CivilNet #News

Լուսանկարում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Հանարային հեռուստաընկերություն, սեպտեմբեր 19, 2019:

Մեկնաբանել