Որոշ «փորձագետներ» ստվեր են նետում բանկային համակարգի վրա. Հայաստանի բանկերի միություն

Կոչ ենք անում զերծ մնալ բանկային համակարգի շուրջ անհիմն շահարկումներից, ոչ մասնագիտական գնահատականներ տալուց․ այս մասին ասված է Հայաստանի բանկերի միության հայտարարությունում։

Հաղորդագրությունում ասվում է, որ բանկային ոլորտը, ելնելով իր գործունեության առանձնահատկություններից, ինչպես նաև երկրի և տնտեսության համար կենսական նշանակություն ունենալով, առավելագույնս կանոնակարգված է և խիստ վերահսկվող:

«Ավելին, բանկային համակարգը լիովին թափանցիկ է, և համակարգին վերաբերող՝ բնակչությանն անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը հրապարակային է․ ոլորտի մասնագետները պարբերաբար ներկայացնում են հանրամատչելի տեղեկատվություն՝ ըստ անհրաժեշտության տրամադրելով համապատասխան պարզաբանումներ` թվերով ու փաստերով հիմնավորված:

Միևնույն ժամանակ բանկային համակարգը մշտապես եղել է և կլինի անհիմն քննադատությունների և ապատեղեկատվության թիրախ՝ երբեմն պայմանավորված ֆինանսական գրագիտության պակասով: Երբեմն էլ առկա կամ ենթադրյալ խնդիրները ոմանց կողմից պարզապես շահարկվում են բնակչության մի մասի շրջանում այլևայլ նպատակներով «միավորներ» հավաքելու նպատակով», – նշում են Հայաստանի բանկերի միությունից:

Հայաստանի բանկերի միությունը նշում է, որ վերջին շրջանում լրատվամիջոցներում կրկին ակտիվացել են հրապարակումները ֆինանսական համակարգի գործունեության վերաբերյալ։

«Երկար տարիների ընթացքում ձեռք բերված դրական արդյունքների վրա փորձում են ստվեր նետել այնպիսի «փորձագետներ», ովքեր ոչ միայն ֆինանսաբանկային ոլորտի մասնագետ չեն, այլև որոշ դեպքերում չեն տիրապետում անգամ համակարգային տարրական գիտելիքների։ Փոխարենը, օգտվելով լրատվամիջոցների և այլ հարթակների՝ իրենց ընձեռած հնարավորությունից, նրանք հայտնում են իրենց ոչ մասնագիտական կարծիքն այս կամ այն երևույթի վերաբերյալ՝ հանրության մի մասին ապատեղեկացնելով, մարդկանց թյուրիմացության մեջ գցելով, որոշ դեպքերում սխալ սպասումներ ձևավորելով, նրանց շեղելով առկա խնդիրներին իրական լուծումներ գտնելու ուղիներից։

Ըստ այդմ, կոչ ենք անում առկա իրավիճակում զերծ մնալ անհիմն շահարկումներից, ոչ մասնագիտական գնահատականներ տալուց և «վերլուծություններ» հնչեցնելուց»,- ասված է հաղորդագրությունում։