Մեղադրանք է առաջադրվել Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին 

ՀՀ քննչական կոմիտեն պարզել է Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի կողմից թույլ տրված առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Մասնավորապես պարզվել է, որ Դիլիջան համայնքի ղեկավարը, որը 2005 թվականից մինչ օրս զբաղեցրել է հիշյալ պաշտոնը, 2013-2016 թվականներին արտադրական կոոպերատիվի նախագահի հետ, որն իր մտերիմն է, կնքել է պայմանագրեր, որոնց հիման վրա՝ Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներից առաջացած շուրջ 21.205 մ/խ ավազակոպճային խառնուրդն անհատույց տրամադրվել է հիշյալ կոոպերատիվին՝ պետության, համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Ըստ ՔԿ-ի, նա այս գործողությամբ անտեսել է «Ընդերքի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների պահանջները, չի ունեցել ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու լիազորություն և համայնքի գույքը օտարելու իրավունք: Պայմանագրերը կնքել է առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու:

«Այնուհետև, համայնքի ղեկավարը, 2016-2019թթ. ընկած ժամանակահատվածում, կրկին առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, համայնքին պատկանող «TLB-825-RM» մակնիշի էքսկավատորը և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը, առանց որևէ փաստաթղթային ձևակերպման, պարբերաբար, անհատույց օգտագործման համար, տրամադրել է վերոհիշյալ կոոպերատիվի նախագահին:

Իսկ երբ համայնքի գույքն առանց փաստաթղթային ձևակերպման հանձնելու փաստն իրավապահ մարմինների կողմից բացահայտվել է, այն թաքցնելու համար, նախնական համաձայնության գալով արտադրական կոոպերատիվի նախագահի հետ, համայնքի ղեկավարը հետին թվով կազմել է կեղծ փաստաթուղթ՝ պայմանգիր՝ նշված տեխնիկան կոոպերատիվին վարձակալության հանձնելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով»,- ասված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

#CivilNet #News

Մեկնաբանել