Յուքոմի նախկին տնօրենը հայտարարել է կապի նոր օպերատոր հիմնելու մտադրության մասին

Հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր «Յուքոմ»-ի փոքր բաժնետեր, նախկին տնօրեն Հայկ Եսայանը հանդես է եկել հերթական տեսաուղերձով՝ հայտնելով, որ ինքը վերջնական դադարեցնում է ընկերության կառավարումը և իր թիմով պատրաստվում է հիմնել նոր կապի օպերատոր։

«Յուքոմն» ավելի վաղ դիմել էր իրավաբանական անձանց ռեգիստր՝ ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանին նշանակելու համար։ «Որոշ իրավաբաններ նշում են, որ ամսի [ապրիլի] 14-ից Արա Խաչատրյանն է տնօրեն։ Շատ լավ, եթե Արա Խաչատրյանն է, ու՞ր է Արա Խաչատրյանը, ինչու չի եկել ոչ մեկիդ հետ հանդիպել, սա ի՞նչ ընկերություն է, ինչու՞ է կապի ապահովում իրականացնում։ Թող ինքը գա, որոշումներ կայացնի, ես պաշտոնապես ասում եմ՝ ես դադարեցնում եմ «Յուքոմով» զբաղվել»,- ասել է Եսայանը։

Եսայան եղբայրները ցանկություն էին հայտնել ավելի քան 34 միլիարդ դրամով գնել ընկերության 94 տոկոս բաժնեմասը։ Ըստ նրանց՝ այդ պատճառով մեծամասնական բաժնետերերի հետ իրենք կապը պահպանում էին։

«Հետո հանկարծ լուրերով լսում եմ, որ ամսի 14-ին խորհրդի նիստով ես այլևս տնօրեն չեմ։ Ոչ մի որոշում, դիմում ես չեմ ստացել»,- ասել է «Յուքոմի» Եսայանը՝ ավելացնելով, որ ինքն ու իր թիմը գնում են նոր օպերատոր հիմնելու ճանապարհով, ու եթե անհրաժեշտություն լինի, ինչպես 12 տարի առաջ, նոր «կաբելներ կքաշեն» և կստեղծեն ավելի լավը։ Նա հայտարարել է՝ իրենք խաբված են, և իրենց մեջքի հետևում խաղեր են եղել։

Տե՛ս նաև՝

«Յուքոմի» ողջ տնօրինությունը հրաժարական է տվել. հակասություններ մեծամասնական բաժնետերերի հետ

«Յուքոմի» կառավարման խորհրդի հայտարարությունը

#CivilNet #News

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել