Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին մեկնաբանեց փողոցներում մարդկանց տեղաշարժի աճը։
«Այո՛, մեր քաղաքացիների թվաքանակը փողոցներում ավելացել է։ Դա ոստիկանությունը կապում է նրա հետ, որ պարետի որոշմամբ՝ որոշակի տնտեսվարող սուբյեկտների գործունեության ծավալը մեծացավ, բնականաբար մեր քաղաքացիները պետք է հաճախեն աշխատանքի, աշխատանքից տուն»,- նշեց նա։
Մհրյանի խոսքով՝ ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ ոստիկանությունը չէր կարող կանխատեսել համավարակը, «և այդ պայմաններում ոստիկանության ուժերն ու միջոցները մնացել են նույնը, և ոստիկանությունը, բացի իր բուն գործառույթներն ու խնդիրները կատարելուց, այժմ կատարում է նաև հսկայածավալ աշխատանք՝ կապված պարետի բոլոր ցուցումների հետ»։
Փոխոստիկանապետը նշեց, որ մարդկանց շարժը վերահսկելու համար տարվող աշխատանքները նույնն են։
«Ոստիկանությունը փորձում է աչալուրջ իրականացնել իր հիմնական խնդիրները և կորոնավիրուսի շրջանակում կատարվող խնդիրները»,- ասաց նա։
Հայկ Մհրյանը անդրադարձավ նաև բանկերի և սուպերմարկետների մոտ կուտակումներին։
«Բանկերի և սուպերմարկետների մոտ մեր ուժերի հնարավորության սահմաններում ծառայությունը իրականացվում է և համակարգվում, որպեսզի հերթեր չգոյանան»,- նշեց Մհրյանը՝ ավելացնելով, որ քաղաքացիների շարժի ավելացումը չի նշանակում՝ ոստիկանությունը չի հսկում իրավիճակը։
«Ոստիկանները իրենց հնարավորության սահմանում ստուգում են տեղաշարժման թերթիկները և անձը հաստատող փաստաթղթերը»,- ասաց նա։
Լուսինե Վարդանյան