Կորոնավիրուսն Արցախում․ բացակայում է համաճարակի դեմ պայքարի գլխավոր գործոններից մեկը 

Քաղաքական ռեժիմների տեսակի ու տնտեսական աճի, արդյունավետ կառավարման, անվտանգության և այլ ցուցանիշների միջև կապը մշտապես եղել և մնում է քաղաքագիտական տարբեր ուղղությունների ուշադրության կենտրոնում: Վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ հատորներ են նվիրվել այս փոխհարաբերակցության ուսումնասիրությանը: Նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկումը աշխարհում ևս առիթ է դարձել, որպեսզի քաղաքական տարբեր ռեժիմների արդյունավետության հարցը կրկին այժմեական դառնա: Այս անգամ արդեն համաճարակի դեմ պայքարի համատեքստում:

Ռեյչլ Կլայնֆելդի «Ավտորիտա՞ր, թե՞ ժողովրդավարական երկրներն են ավելի արդյունավետ պայքարում համաճարակի դեմ» հոդվածը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի կայքում նվիրված է հենց այդ թեմային: Հեղինակը նշում է, որ չնայած տարբեր առաջնորդներ համաճարակի դեմ պայքարի համատեքստում փորձում են քարոզչություն իրականացնել իրենց երկրների օգտին, մինչ այսօր քաղաքական ռեժիմների և համաճարակի դեմ պայքարի արդյունավետության միջև ուժեղ կորելյացիա չի նկատվում: Կան ավտորիտար ռեժիմներ (Սինգապուր), որոնք օրինակելի կերպով են պայքարում համաճարակի դեմ, և կան բռնապետություններ (Իրան), որտեղ իրավիճակը պարզապես աղետալի է: Նույնը վերաբերում է նաև ժողովրդավարություններին. ԱՄՆ-ը և Իտալիան չկարողացան պատշաճ կերպով կանխարգելել համաճարակի տարածումը, իսկ Հարավային Կորեան ու Թայվանը շատ արդյունավետ քայլերի դիմեցին:

Ըստ Կլայնֆելդի` գոյություն ունեցող տվյալները ցույց են տալիս, որ Նոր կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետությունը կախված է երեք հիմնական գործոններից` անցյալում նմանատիպ համաճարակների հետ առերեսվելու փորձից, պետական համակարգերի արդյունավետությունից և լեգիտիմ քաղաքական համակարգերի առկայությունից:

Արցախի պարագայում հետաքրքրական է դիտարկել լեգիտիմության և վստահության գործոնները: Իշխող ռեժիմների լեգիտիմությունը կարևոր է առաջին հերթին այն պատճառով, որ համաճարակի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումները պահանջում են բնակչության ակտիվ համագործակցությունը իշխանությունների հետ, ինչը անհնար է վերջիններիս նկատմամբ վստահության բացակայության պարագայում:

Հեղինակը բերում է Հոնկոնգի օրինակը, որտեղ իշխանությունները փորձել են կրկնօրինակել հարևան երկրների հաջողված փորձը, սակայն բուժքույրերի գործադուլի և կարանտինի դեմ բնակչության բռնի դիմադրության պատճառով ձախողել են: Խնդիրն այն է, որ Հոնկոնգի կառավարությանը չի վստահում բնակչության 60 տոկոսը: Նույն պատկերը տեսնում ենք նաև այլ երկրների պարագայում: Համաճարակի դեմ արդյունավետ պայքար մղող կառավարություններն ունեն բնակչության կողմից վստահության բարձր մակարդակ, իսկ անարդյունավետ պայքար մղողները` ցածր:

Այս առումով Արցախը ևս բավական բարդ իրավիճակում է: Երկրի գործող իշխանություններն ի սկզբանե լեգիտիմության խնդիր ունեին, քանի որ Բակո Սահակյանի երրորդ ժամկետը հակասահմանադրական է: Իսկ համաճարակի դեմ պայքարում իրականացվող գործողությունները և որդեգրված գործելաոճը օրեցօր ավելի են նվազեցնում նրանց նկատմամբ վստահության մակարդակը:

Դեռևս մարտի 18-ին Արցախում ստեղծվել էր նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ երկրի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի նախագահությամբ: Ստեղծվել էր նաև այդ հանձնաժողովի աշխատանքները լուսաբանող տեղեկատվական շտաբ: Սակայն այդ շտաբի աշխատանքի արդյունքում տեղեկատվական դաշտում անորոշությունը չի վերացել: Սա պայմանավորված է նրանով, որ տարբեր պաշտոնյաներ և կառույցներ հաճախ իրարամերժ հայտարարություններ են անում:

Օրինակ, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեռ մարտի 17-ին Ֆեյսբուքում գրառում էր արել և, հղում անելով առողջապահության նախարարին, նշել, որ Արցախում արդեն 71 հոգուց կորոնավիրուսի թեստ էր վերցվել: Մոտ մեկ ամիս հետո` ապրիլի 12-ին, տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է վիճակագրություն, ըստ որի, Արցախում թեստավորված քաղաքացիների ընդհանուր թիվը 57 է: Պարզ չէ, թե պաշտոնական լրատվությանը հետևող Արցախի քաղաքացիները այս երկու իրարամերժ տեղեկությունից որին պետք է վստահեին:

Տեղեկատվական շտաբի աշխատանքը անկազմակերպ է, ինչը կասկածների պատճառ է դառնում բնակչության շրջանում: Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, որտեղ կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրությունը թարմացվում է ամեն օր ու նույն ժամին, Արցախում օրեր են լինում, երբ այդ վիճակագրությունը ընդհանրապես չի թարմացվում: Բացի այդ, հրապարակվող տեղեկությունները ևս երբեմն հակասական են լինում: Այսպես, ԼՂՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը, որը համաճարակի հետ կապված հարցերով մամուլի պատասխանատուն է, ապրիլի 18-ին «Հետք»-ի լրագրողի հետ զրույցում նշել էր, որ Արցախում մեկուսացված քաղաքացիների թիվը 27 էր: Հաջորդ օրը առավոտյան տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում հրապարակվում է վիճակագրություն, ըստ որի՝ մեկուսացվածների թիվը 19 էր: Որոշ ժամանակ անց այս գրառումը ջնջվում է, հրապարակվում է նոր վիճակագրություն, ըստ որի, արդեն մեկուսացված քաղաքացիների թիվը 25 էր:

Միջգերատեսչական հանձնաժողովի, տեղեկատվական շտաբի, այժմ նաև պարետատան աշխատանքում բացակայում է կոնկրետությունը և թափանցիկությունը: Տարբեր տեղեկություններ շատ հաճախ հրապարակվում կամ հստակեցվում են քաղաքացիների բազմաթիվ պահանջներից հետո: Տարբեր պաշտոնյաների կողմից քաղաքացիների հետ ուղիղ շփման ծավալը ևս քիչ է, եթե համեմատում ենք, օրինակ, Հայաստանի Հանրապետության հետ:

Արցախի իշխանությունների նկատմամբ անվստահության մակարդակի աճին զգալիորեն նպաստել է նաև համաճարակի պայմաններում ընտրություններն անցկացնելու որոշումը: Դեռ ընտրությունների առաջին փուլից առաջ, երբ Հայաստանի Հանրապետությունում արդեն համաճարակը լուրջ թափ էր առել, սկսեցին հնչել կոչեր դրանք չեղարկելու վերաբերյալ: Այդ կոչերին մարտի վերջին միացավ նաև նախագահի թեկնածուների մի մասը: Այնուամենայնիվ, որոշում կայացվեց ընտրությունները չչեղարկել: Երկրորդ փուլից առաջ իրավիճակը ավելի բարդ դարձավ: Արդեն Արցախում էլ հայտնաբերվեցին կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներ:

Արտակարգ դրություն մտցնելու իշխանություններին ուղղված պահանջները համատարած դարձան: Սակայն Բակո Սահակյանը արտակարգ դրություն հայտարարելու փոխարեն հայտարարեց արտակարգ իրավիճակ, որով ընտրությունների չեղարկում չէր նախատեսվում: Երկրորդ փուլը տեղի ունեցավ: Արցախի իշխանությունները իրենց քաղաքական շահը գերադասեցին հասարակության առողջությանը և երկրի անվտանգությանը:

Եկրում տիրող անվստահության մթնոլորտի երրորդ պատճառը հասարակության երկբևեռվածությունն է: Վերջին երկու տարվա ընթացքում Արցախում ձևավորվել էր փոփոխություններ ակնկալող լուրջ զանգված, որը հույս ուներ նախագահական և խորհրդարանական ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության: Սակայն ընտրական գործընթացը անցավ այնպիսի պայմաններում, որոնք նպաստեցին օլիգարխիկ ուժերի հաղթանակին: Այս ամենի արդյունքում հասարակությունը պառակտվեց երկու խոշոր ճամբարների` իշխանության եկած ուժի կողմնակիցների և այդ ուժին չհանդուրժող և չվստահող մարդկանց մի ստվար հատվածի: Այս իրավիճակը նմանություն ունի ամերիկյան իրականության հետ, որտեղ ևս հասարակությունը միմյանց չհանդուրժող երկու խոշոր ճամբարի է բաժանված: Սակայն եթե այնտեղ տարաձայնությունները քիչ թե շատ գաղափարական են, ապա Արցախում այդ բաժանումը ավելի սուր է: Իշխանության է եկել երկրի բոլոր արատավոր երևույթների մարմնավորում համարվող գործիչ, որին շատերը նույնիսկ ճգնաժամային իրավիճակներում ի վիճակի չեն վստահել:

Այս բոլոր գործոնները համաճարակի կանխարգելումը զգալիորեն բարդացնում են: Վստահության դեֆիցիտ ունեցող իշխանությունները, ինչպես արդեն նշվել է, խնդիրներ են ունենում համաճարակի պայմաններում կայացվող որոշումների կիրառման հարցում, քանի որ անընդհատ զգում են հասարակության կողմից ակտիվ համագործակցության կարիքը: Եթե սրան գումարենք նաև կառավարման և առողջապահական համակարգերի պատրաստվածության ներկայիս աստիճանը , ապա պարզ է դառնում, որ իրավիճակը բավականին լուրջ է: Այսպիսի պայմաններում մնում է միայն հույս դնել արցախցիների բարձր ինքնագիտակցության ու պատասխանատվության և անհրաժեշտության դեպքում Հայաստանի իշխանությունների ակտիվ միջամտության վրա:

Մեկնաբանել