Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը «Հանրային հեռուստաընկերության» հետ կատարված միջադեպի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ` հայտնելով նաև գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին։

«Խորհուրդը «Հանրային հեռուստաընկերության» գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել «Հանրային հեռուստաընկերության» ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանին։ Իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը», –նշված է հաղորդագրության մեջ։

Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։ Առաջիկայում Խորհուրդը կձևավորի մրցութային հանձնաժողով և կհայտարարի մրցույթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար:

Ապրիլի 20-ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։

***

Ուրբաթ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիներին ուղիղ եթերով հղած ուղերձի տեխնիկական նախապատրաստման կադրերը հայտնվել են համացանցում, առիթ տվել տարաբնույթ մեկնաբանությունների։ Արտահոսած կադրերից անհայտ մի օգտատեր պատրաստել է ծաղրական հոլովակ և տարածել Ֆեյսբուքում։

Վարչապետի հետ ուղիղ աշխատանքը վերապահված է վարչապետի աշխատակազմին․ Հ1