Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ կլինի քաղաքացիների համար

Ապրիլի 21-ին հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումների ցանկը:

Ըստ այդմ՝ միջոցառումները կսկսվեն ապրիլի 23-ին երեկոյան ժամը 21:00-ից: Նախատեսվածի համաձայն՝ այդ ընթացքում Հայաստանում կհնչեն եկեղեցական զանգերը, որոնց ներքո կմարվեն Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հորդորեց քաղաքացիներին այդ ժամին մարել նաև իրենց բնակարանների լույսերը և պատուհանների մոտից բջջային հեռախոսների լույսերը վառելով՝ խորհրդանշել միասնական ներկայությունն անմար կրակի շուրջ:

Լուսավառ ոգեկոչման րոպեն կունենա իր խորհրդանշական արձագանքը Ծիծեռնակաբերդից՝ Լիանա Ալեքսանյանի և Կամո Սեյրանյանի «Արի՛ իմ սոխակ» երգի կատարման ներքո:

Ապրիլի 24-ին առավոտյան 08:00-ից սկսած՝ քաղաքացիները կարող են ուղարկել հաղորդագրություն իրենց անվամբ՝  հաստատելու հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին: Հայաստանից հաղորդագրությունները կարելի է ուղարկել 1915 կարճ համարին, իսկ արտասահմանից՝ 0037433191500 հեռախոսահամարներին: 

Հաղորդագրություն ուղարկած անձանց անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին:

Ապրիլի 24-ին՝ ժամը 10:00-ից, կմեկնարկեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի  և կաթողիկոսի այցերը Ծիծեռնակաբերդ: Խոնարհումի արարողությունը ուղեկցվելու է հանրահայտ դաշնակահար Հայկ Մելիքյանի կենդանի կատարմամբ:

Հարգանքի տուրքը գեղարվեստական ծրագրով կմեկնարկի նույն օրը՝ ժամը 22:00-ին, պետական կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցությամբ: Ծրագիրն ընդգրկելու է դասական և ժողովրդական ստեղծագործություններ և տևելու է մինչ լուսաբաց:

Գեղեցիկ Ոսկանյան