Լավրովն ասել է՝ ինչն է խանգարում Հայաստանի համար գազնի գնի նվազեցմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ ԱԳՆ-ին առընթեր գործող Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի ակումբի անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ անդրադարձել է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի խնդրին, որն այժմ օրակարգային է դարձել երկու պետությունների հարաբերություններում:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է՝ ժամանակին, երբ գազի գինը Հայաստանի ու Բելառուսի համար 2-3 անգամ ցածր էր շուկայականից, որևէ մեկը խնդիր չէր տեսնում և չէր անվանում այն քաղաքականություն: 

«Բոլորն ասում էին՝ մեզ դա հասնում է: Իհարկե, ես կարծում եմ, որ դաշնակիցները պետք է ստանան տնտեսական առավելություններ: Որևէ կասկած չկա: Բայց երբ գինը հասավ այնտեղ, որտեղ այժմ գտնվում է, կան որոշակի պայմանագրային պարտավորություններ… Վստահ եմ, որ մեր բելառուս և հայաստանցի բարեկամների դիմումների դիտարկման ժամանակ դաշնակցային հարաբերությունները հաշվի կառնվեն», – ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ ճիշտ չէ գազի գնի մասին հիշել միայն այն ժամանակ, երբ իրավիճակը փոխվում և տրամագծորեն տարբերվում է 3-4 տարի առաջվա իրողություններից, երբ գնագոյացման մեխանիզմները ձևավորվել են՝ հաշվի առնելով դաշնակցային հարաբերությունները:

«Եթե կոնկրետ խոսենք Հայաստանի մասին, ապա այս հարցով զբաղվում է մեր էներգետիկայի նախարարությունը, «Գազպրոմը»: Սակայն Հայաստանի ներքին սակագների խնդիրը չի լուծվում վերջին տարիների ընթացքում և խրոնիկ բնույթ է կրում: Ներքին սակագներն այնպիսին են, որ դժվարացնում են գնագոյացման մաքսիմալ արտոնյալ մոտեցումների կիրառումը», – ասել է նա՝ հիշելով Ռուսաստանի երկաթուղիներին պատկանող «Հարվակովկասյան երկաթուղիներ» ընկերության դեմ սկսված դատական գործընթացի մասին:

«Եթե խոսում ենք դաշնակցային հարաբերությունների մասին, մենք հույս ունենք, որ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում համատեղ ձեռնարկությունների, այդ թվում՝ «Հարվակովկասյան երկաթուղիներ»-ի դեմ սկսված դատական գործընթացները կկարգավորվեն առանց որևէ քայլերի, որոնք դաշնակիցներին բնորոշ չեն: Ես դրա մասին շատ բաց եմ խոսում, քանի որ ռուսական ընկերությունները հայտնվել են մի քանի բարդ իրավիճակում», – ասել է նա:

Լավրովը հիշեցրել է, որ բոլորովին վերջերս տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Նրանք տեսնում են մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների զարգացման ուղիներ: Հավատացնում եմ ձեզ, որ հենց այդ հունով էլ լուծվելու են խնդիրները», -ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը: