Անվճար նավթ. ի՞նչ է դա նշանակում և պե՞տք է արդյոք վախենալ

BBC-ի ռուսական ծառայության հոդվածագիր Ալեքսեյ Կալմիկովի հոդվածը նավթի շուկայում տեղի ունեցող զարգացումների մասին։

Նավթի մեկ բարելի համար՝ մինուս 40 դոլար: Աշխարհը նավթի նման գներ չէր տեսել (եթե կարելի է դա անվանել գին): Պե՞տք է անհանգստանան նավթ վաճառողները, և ուրախանան նավթ գնողները՝ նրանք, ովքեր մեքենա են վարում, ճանապարհ ասֆալտապատում կամ տունը տաքացնում:

Պետք չէ: Ամերիկայում նավթի բացասական գինը պարզապես մատրիցայի սայթաքում է, տեխնիկական ձախողում, ֆինանսական արկածախնդրություն, ինչը շատ քիչ կապ ունի իրական աշխարհի հետ:

Սովորական նավթը` սև, մածուցիկ, հոտավետ հեղուկը, դեռ արժեք ունի, նույնիսկ եթե այս գինը պատմական տեսանկյունից ծիծաղելի է թվում: Նավթի երկու հիմնական տեսակները, որոնց հետ կապված է նավթի մյուս շատ տեսակների գինը, վաճառվում են նույն մակարդակի վրա, ինչ մի քանի օր առաջ: Ամերիկայում Texas WTI տեսակի նավթի մեկ բարելի հունիս ամսվա արժեքը, առաքումը ներառյալ, 22 դոլար է, իսկ Brent-ի եվրոպական նավթատեսակի մեկ բարելն արժի 26 դոլար:

Իսկ այն, որն արժեր մինուս 40 դոլար՝ մեկ բարելի համար, արդեն անհետացել է: Մինուս գինը կապված էր ֆյուչերսների՝  նավթով ապահովված ֆինանսական գործիքի հետ, այսինքն` որոշակի ժամանակահատվածում հումքի մատակարարման պայմանագրի հետ:

Ինչ է պատահել

Ֆյուչերսային պայմանագիրը մայիսյան էր, դրա ժամկետը սպառվեց երեքշաբթի՝ ապրիլի 21-ին: Եվ քանի որ ոչ ոք այս պահին նավթի կարիք չունի (դրա մասին ավելին՝ ստորև), պայմանագրի ժամկետը լրանալուց մեկ օր առաջ ներդրողները փորձեցին ամեն գնով ազատվել դրանից:

Պարզվեց՝ ամեն գին բացասական է:

Որպեսզի նավթը չհայտնվի իրենց մոտ՝ ներդրողները պատրաստ էին վճարել նրանց, ովքեր պայմանագրով պարտավորվել էին մատակարարել այդ նավթը։ Հակառակ դեպքում ստիպված կլինեին նավթը ստանալ Տեխասում և պահեստավորել մոտակա Օկլահոմա նահանգի Քուշինգ քաղաքի պահեստում, որը պարզվեց՝ բերնեբերան լիքն է։

Չափից շատ նավթ կա

Ցանկացած այլ իրավիճակում մայիսին լրացած պայմանագրերի տերերը կարող էին ձեռք բերել ֆիզիկական նավթ, այն վերամշակել այլ նավթամթերքի և վաճառել: Բայց դա գրեթե անհնար է կորոնավիրուսի պատճառով սպառված տնտեսությունում պահանջարկի կտրուկ անկման պայմաններում:

ԱՄՆ-ի նավթի շուկայում Սև երկուշաբթին տեղի ունեցավ այն ժամանակ, երբ աշխարհում նավթի միջազգային պահանջարկը փլուզվեց աշխարհում տնտեսական ակտիվության անկման հետևանքով․ մոտ 30 տոկոս: Դրա պատասխանը եղավ Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի երկրների կողմից նավթի համաշխարհային մատակարարումների շուրջ 10%-ով կրճատման մասին պայմանավորվածությունը։  

Այս կրճատումը կլինի միայն մայիսին: Բայց նույնիսկ դրանից հետո կպարզվի, որ շուկայում նավթի մոտ 20 տոկոսը ավելորդ է: Նավթի գերհագեցած առաջարկից խուսափելու համար նավթը պետք է պահեստավորվի, ինչը խնդիր է: Մոլորակի վրա նավթի պահեստները լցված են մոտ երեք քառորդով: Իսկ ազատ մեկ երրորդը՝ մոտ 1 միլիարդ բարել, մոտ 10 անգամ ավելի է, քան համաշխարհային նավթի պահանջարկը, որը մինչ ճգնաժամը կազմում էր օրական մոտ 100 միլիոն բարել:

Կորոնավիրուսային համաճարակի պատճառով նավթի համաշխարհային պահանջարկը կնվազի 30 տոկոսով: Այսինքն ՝ թրեյդերները, նավթավերամշակման գործարանները և պետական պաշարները ստիպված կլինեն օրական 30 միլիոն բարել ինչ-որ տեղ պահել: Պահեստները կբավականացնեն մոտ մեկ ամիս, առավելագույնը՝ մեկուկես:

Եվ այս պահեստային օբյեկտների պահանջարկը ֆենոմենալ է: Շուկայում ապագա մատակարարումների գներն այժմ ավելի բարձր են, քան ներկայինը, ուստի թրեյդերները պահում են նավթը՝ ապագայում դրա գնի բարձրացման ակնկալիքով: Պահեստներն արագ լցվում են ոչ միայն ցամաքում, այլև ծովում:

Նավթի առանցքային շուկաներում, ինչպիսիք են Սինգապուրը և ԱՄՆ-ը, նավթի պահեստները կրկնակի թանկացել են: Եվ եթե մոտ երեք միլիարդ բարել նավթ է պահվում ցամաքում, գների անկման պատճառով թրեյդերները սկսեցին նավթը պահել նաև ծովում, նավթատար նավերի վրա, որոնք սովորաբար օգտագործվում են այն տեղափոխելու համար:

Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում ոչ մի տեղ չգնացող նավթատար նավերում նավթի ծավալը կրկնապատկվեց՝ հասնելով 160 միլիոն բարելի, ըստ Reuters-ի հաշվարկների։ Հիսունից ավելի նավթատար նավեր, որոնցից յուրաքանչյուրը մինչև երկու միլիոն բարել նավթ կարող է փոխադրել, խարիսխ գցած սպասում են: Ամբողջ աշխարհում դրանց թիվն ընդամենը 770 է, և երեքից մեկն արդյունքում կարող է բեռնված մնալ՝ սպասելով ավելի լավ ժամանակների, կարծում են թրեյդերները:

2009-ի ֆինանսական ճգնաժամի պայմաններում տնտեսության փլուզումից ի վեր աշխարհը նման բան չէր տեսել։ Բայց նույնիսկ այդ դեպքում ծովում անգործ կանգնած էր ընդամենը 100 միլիոն բարել նավթ:
Արդյոք Ռուսաստանը ստիպված կլինի՞ հավելյալ վճարել իր նավթի գնորդներին

Ինչպե՞ս կանդրադառնա այս ամենը Ռուսաստանի վրա, որը, ինչպես Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը, համաշխարհային շուկա նավթի առաջատար երեք մատակարարներից մեկն է: Ռուսական Urals-ի գները կապված են հյուսիսծովյան Brent-ի, և ոչ թե Texas WTI-ի հետ: Այս շուկայում դեռևս որևէ բացասական գնանշում չի նկատվել:

Բայց ներկայիս գները ևս հեռու են կատարյալից:

Ներկայում ռուսական նավթի գինը ՌԴ բյուջեում ամրագրված 42,4 դոլարի մոտ կեսն է։ Առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը կսահմանի այս գնի հետագա դինամիկան, և ոչ թե ֆյուչերսային պայմանագրային շուկաներում առկա իրավիճակը, ինչպես դա տեղի ունեցավ «Սև երկուշաբթի»: Եվ այդ հավասարակշռությունը կհստակեցվի միայն այն ժամանակ, երբ աշխարհը դուրս գա կորոնաճգնաժամից:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հոդվածի բնօրինակը՝ Бесплатная нефть: виноват ли коронавирус в том, что цены упали ниже нуля, и что теперь будет