Արտակարգ դրություն՝ աշխատողների համար

Պատրիկ Նժդեհի Ազատյան

Թեև աշխարհը գլխիվայր շրջած համաճարակի ընթացքում բժիշկների և բուժքույրերի նվիրական աշխատանքն արդարացիորեն գտնվում է հասարակության և պաշտոնյաների ուշադրության և գովեստի կենտրոնում, այլ  ծառայությունների ոլորտների աշխատողները, որոնք նույնպես կորոնավիրուսի դեմ պայքարելու կամ այդ պայքարին սատարելու առաջնագծում են, պատշաճ ուշադրության չեն արժանանում: Մեր իմացած աշխարհը՝ առանց սուպերմարկետների և սննդի ծառայությունների աշխատակիցների, օբյեկտների տեխնիկական սպասարկմամբ զբաղվող և ախտահանում իրականացնող աշխատակիցների, առաքիչների և գործարանների աշխատակիցների նվիրվածության, կանգ կառներ։ Առանց նրանց, մենք նույնպես ենթարկվելու էինք ավելի բարձր ռիսկերի:

Այս աշխատանքները կատարող մարդիկ գտնվում են համաճարակի ռիսկային գոտում, ինչը ոչ միայն պետք է ճանաչվի և գնահատվի հասարակության կողմից, այլ, ինչն առավել կարևոր է, այդ մարդիկ պետք է աջակցություն և պաշտպանություն ստանան ոչ միայն մասնավոր հատվածից, այլև պետությունից: Թագաժահրի (կորոնավիրուս) բռնկման և վարակվածների թվի ամենօրյա աճի հետևանքով ստեղծված հատուկ հանգամանքներում այդ աշխատողները արժանի են հատուկ վերաբերմունքի և պետական կառույցների կողմից օժանդակության: Այս նոր իրականության մեջ չափազանցություն չի լինի նրանց աշխատանքը համարել հանրային ծառայություն, իսկ աշխատանքային միջավայրը՝ վտանգավոր։ 

Այս աշխատողների աշխատանքային պայմանների նկատմամբ ուշադրության և ապրումակցման պակասը կարող է աննկատ մնալ խիստ շերտավորված և պատրիարխալ հասարակություններում, որտեղ հարուստների և աղքատների, տղամարդկանց և կանանց միջև եկամտի մեծ անդունդ կա: Աշխատողների պաշտպանության մասին գործող օրենքների խստագույն հարկադիր կատարման և կառավարական հսկողության ու արդյունավետ արհմիությունների բացակայության պայմաններում այդ աշխատողների և նրանց ընտանիքների առողջությունն ու ընդհանուր բարեկեցությունը գտնվում են իրենց գործատուների ողորմածության ներքո և հեշտությամբ կարող են վտանգի ենթարկվել, եթե առանց հսկողության մնան: 2018-ին Հայաստանի 2,95 միլիոն բնակիչներից մոտ 700 000-ը աղքատության շեմից ներքև էր (am.undp.org), իսկ բնակչության 17,7 տոկոսը գործազուրկ էր (ceicdata.com):

Ավելին, Հայաստանում կանանց միջին եկամտի վերջին ցուցանիշները կազմել են տղամարդկանց շահույթի 66,4%-ը, կամ գենդերային աշխատավարձի բացը կազմել է 33,6 տոկոս, չնայած այն փաստին, որ ըստ Յունեսկոյի տվյալների, կանայք 10%-ով գերազանցում են տղամարդկանց՝ բարձրագույն կրթություն ստանալու ցուցանիշներով։ Այս թվերը և հետխորհրդային ժամանակից ի վեր աշխատանքային իրավունքները պաշտպանող օրենսդրության անփույթ կիրառման նախապատմությունը ենթադրում են, որ այդ աշխատողները (հաճախ՝ կանայք) սակարկելու շատ տեղ չունեն, եթե կառավարությունը պատրաստ չէ նոր օրենսդրություն մշակել` պաշտպանելու նրանց իրավունքները այս նոր և զարգացող հանգամանքներում, կամ գոնե վերահսկել գործող աշխատանքային օրենսդրության ավելի խիստ կիրարկումը։

Հայաստանի Սահմանադրությունն ու Աշխատանքային օրենսգիրքն այս առումով հույս են ներշնչում: Հայաստանում աշխատանքային օրենսդրական դաշտը ամրագրված է Սահմանադրությամբ, ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքով և սոցիալական ու տնտեսական ոլորտում այլ իրավական ակտերով: Միասին, նրանք աշխատողներին և գործատուներին ապահովում են միավորման ամուր շրջանակ և տեսականորեն երաշխավորում են աշխատողների իրավունքները: Օրինակ, Աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածն ամրագում է.

1. Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:

2. Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ սույն օրենսգրքով, օրենքով, այլ իրավական ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:

3. Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից:

Խստորեն կարգավորվում է արտաժամյա աշխատանքը, մասնավորապես, որոշ սահմանափակումներ են մտցվում երիտասարդ և հաշմանդամություն ունեցող աշխատողների, ընտանեկան պարտականություններ ունեցող աշխատողների կամ առողջության համար վնասակար և (կամ) վտանգավոր գործոնների ազդեցության պայմաններում աշխատող անձանց համար (հոդված 144): 146-րդ հոդվածի համաձայն՝ գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցի չորս ժամը, իսկ տարվա ընթացքում` 180 ժամը: 148-րդ հոդվածը կարգավորում է նաև աշխատանքը գիշերային ժամերին։ Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև առավոտյան 6-ը: Եվ, վերջապես, Աշխատանքային օրենսգրքի 183-189 հոդվածները նշում են, որ հատուկ աշխատավարձի պայմաններ են նախատեսված արտաժամյա աշխատանքի կամ գիշերային ժամերի աշխատանքի, վտանգավոր պայմաններում իրականացված աշխատանքի համար, հանգստյան և ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին, պարապուրդի և կես դրույքով աշխատանքի համար։ 

Ազատ շուկան բազմաթիվ բաներ շատ լավ է անում։ Այն օգնում է խթանել ձեռնարկատիրական ոգին և մարդկանց դրդում է նոր գաղափարներ ներկայացնելու: Կարծում եմ՝ Բիլ Գեյթսն է ասել. «Ոչ ոք չի հավատում բացարձակապես չվերահսկվող դրամատիրության ()»: «Ոչ ոք»-ը, հավանաբար, չափազանցություն է, քանի որ կան մարդիկ, որոնք կսիրեին պետության կողմից չկարգավորվող տարբերակը, բայց դա նրանց չի հաջողվի՝ ի դեմս կազմակերպված աշխատող և բանվոր դասակարգերի  ընդդիմության:

Անկախ Հայաստանի ազատ շուկայական տնտեսության և դրամատիրության տարբերակը օլիգարխիայի և տարածված կաշառակերության հետևանք է, ինչպես նաև խորհրդային խեղաթյուրված ընկերվարության (սոցիալիզմ) վարկածի արդյունք: Ազատ շուկայում բոլոր քաղաքացիների համար հավասար խաղային դաշտ ապահովելու համար կպահանջվի ավելին, քան ժողովրդական հեղափոխությունն է: Միևնույն ժամանակ, սակավաթիվ մարդկանց ձեռքում հսկայական հարստության կենտրոնացման, աղքատության և գործազրկության բարձր մակարդակի և պետական խիստ վերահսկողության բացակայության պայմաններում աշխատավարձային սանդղակի ստորին հատվածի աշխատողները կարող են խոցելի մնալ՝ իդեալականից հեռու աշխատանքային պայմաններում:

Համաճարակը, այնուամենայնիվ, կարող է հասարակության, մասնավոր հատվածի և կառավարության կողմից համատեղ աշխատելու հնարավորություն լինել` հայաստանյան աշխատուժի կարիքները հոգալու համար։ Այս նոր իրականության մեջ աշխատողների բարեկեցությունը միայն սահմանադրական կամ օրենսդրական հրամայական չէ, այն կարող է համարվել նաև ազգային անվտանգության և առողջապահության խնդիր: Օրինակ, մարդիկ, որոնք աշխատում են սուպերմարկետներում, սննդի ծառայությունում, գործարաններում կամ հիվանդանոցներում, կարող են համարվել հիմնական, առաջնագծի աշխատողներ: Նրանք անընդհատ շփվում են հանրության հետ, աշխատում են երկար ժամեր և կարող են ենթարկվել թագաժահրի վտանգին՝ իրենց աշխատանքային միջավայրում կամ աշխատանքի գնալու ճանապարհին։ Այս մարդիկ կարող են վարակվել, գնալ տուն և վարակել իրենց ընտանիքի անդամներին և հարևաններին: Իրենց ընկերային  պայմանների և ընտանեկան պարտավորությունների պատճառով նրանք իրենց չեն կարող թույլ տալ ինքնամեկուսացման ճոխությունը:

Ավելի քան երբևէ, Հայաստանի կառավարությունը համաճարակի պատճառով առաջ եկած նոր իրականության մեջ պետք է լինի շարժիչ ուժ, և ոչ միայն՝ կրավորական դիտորդ աշխատողների բարօրության պաշտպանության գործում: Արտակարգ դրությունը պետք է տարածվի նաև Աշխատանքային օրենսգրքի և Սահմանադրության խստագույն կիրառման վրա, երբ խոսքը վերաբերում է աշխատողների բարեկեցությանը և առողջությանը: Մասնավոր հատվածի հետ համագործակցության միջոցով կառավարությունը պետք է երաշխավորի այնպիսի միջավայր, որտեղ աշխատողներն արդարացիորեն փոխհատուցվում են իրենց աշխատանքի համար` հաշվի առնելով դրա վտանգավոր բնույթը, որտեղ արդարացիորեն հաշվարկվում և փոխհատուցվում է արտաժամյա աշխատանքը, պատշաճ ընդմիջումներն ու սնունդը մատչելի են աշխատանքային ժամերին, մատչելի և պարտադիր է համապատասխան պաշտպանիչ հանդերձանքը, պարբերաբար վերանայվում են հիգիենայի բոլոր հիմունքները, իսկ աշխատանքային միջավայրը կանոնավոր մաքրվում ու ախտահանվում է ընկերության սեփականատերերի կողմից:

Անցած մի քանի շաբաթների ընթացքում կառավարությունը երկար ճանապարհ է անցել ՝ ընկերությունների և հասարակ քաղաքացիների համար համաճարակի տնտեսական բեռը թեթևացնելու համար միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։ Սակայն այն հեղափոխությունը, որը աշխատողների իրավունքների և պայմանների կտրուկ բարելավումների չի հանգեցնում, հատկապես այս պայմաններում, շարքային քաղաքացու կարիքների նկատմամբ անտարբերության համար կարող է արժանանալ անարգանքի մեղադրանքի։ Ինչպես Էռնեստո Չե Գևարան է ասել, «Հասարակության ցավերի ու վշտերի մասին իմանալու համար պետք է իմանալ՝ ինչից և են տառապում, և ինչպես»:

Անկախ նրանից, թե ինչ ենք մտածում Չեի քաղաքականության կամ նրա հեղափոխության տարբերակի մասին, նրա դիտարկման մեջ ճշմարտության անհերքելի տարր կա: Հայաստանի հետհեղափոխական կառավարությունը պետք է նպատակ դնի՝ հասկանալու, թե ինչից է տառապում հասարակությունը, և ինչպես: Իսկապես հասկանալը, լոզունքներից ու գեղեցիկ խոսքերից անդին, հանուն աշխատողների և հասարակ քաղաքացիների բարօրության, հեղափոխության հաջողության կարևոր գրավականներից մեկն է, որը ժողովրդի ընտրյալներին նաև կդարձնի բացահայտորեն ավելի ունակ առաջնորդներ՝ քան իրենց նախորդները։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Read the article in English.