«Յուքոմի» նոր տնօրենը միավորվելու կոչ է արել

«Յուքոմ» (Ucom) ընկերության նորանշանակ տնօրեն Արա Խաչատրյանը տեսաուղերձ է հղել ընկերության աշխատակիցներին՝ խոսելով «Յուքոմի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ «Յուքոմի» ավելի քան 850 աշխատակիցներ աշխատանքից դուրս գալու դիմումներ էին ներկայացրել նախկին տնօրեն Հայկ Եսայանի հետ միասին։

Խաչատրյանը դարձյալ միավորվելու կոչ է արել՝ «Յուքոմը» ավելի արդյունավետ ու հզոր ընկերություն դարձնելու համար. «Ես ուզում եմ հստակ ասել՝ Հայկը, Ալիկը (Հայկ և Ալեքսանդր Եսայանները, ովքեր ընկերության հիմնադիրն են ու տնօրինում են բաժնեմասերի 6 տոկոսը – խմբ) ու շատերը այս կազմակերպությունում իմ ընկերներն են ու իրենց կատարած աշխատանքը «Յուքոմի» կայացման մեջ անգնահատելի է։ Բայց մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու, որ զարգացնենք մեր ընկերությունը»,- հայտարարել է Արա Խաչատրյանը ու թվարկել երեք հիմնական մարտահրավեր, որոնց առաջ կանգնած է «Յուքոմը»։ Ըստ նրա՝ դրանք են՝ ներքին խնդիրների հաղթահարումը, կորոնավիրուսով պայմանավորված աննախադեպ խնդիրները, և երրորդը՝ ոչ հեռու ապագայում «Յուքոմի» զարգացման ու ընդլայնման պլանները։

«Մեծ պատրաստակամություն ու ցանկություն ունեմ հանդիպել բոլորիդ հետ, քննարկելու խնդիրներն ու հարցերը, որ գտնենք առաջ գնալու ամենաճիշտ ու արդյունավետ ձևերը։ Հարգելու եմ, ընդունելու եմ բոլորիդ որոշումները, բայց կխնդրեմ ձեզ մինչ որոշումների կայացումը հնարավորություն տալ բոլորիս միավորվելու ու էներգիան ուղղելու դեպի կառուցողական աշխատանքի»,-ընկերության աշխատակիցներին դիմել է նոր տնօրենը։

Ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ հեռահաղորդակցության ոլորտի օպերատորի կառավարման օղակները հրաժարականներ են ներկայացրել՝ ընկերության տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ։ Վերջիններս ավելի ուշ պարզաբանել էին, որ հակասություններ ունեն բաժնետոմսերի մեծ մասը տնօրինող սեփականատերերի հետ։ Ավելի ուշ եղբայրները առաջարկ էին ներկայացրել մոտ 70 միլիոն դոլարով գնել ընկերության մնացած 94 տոկոսի բաժնետոմսերը, սակայն գործարք չկայացավ, իսկ ապրիլի 20-ին Եսայան եղբայրները հայտնեցին, որ վերջնականապես հեռանում են «Յուքոմից»՝ նպատակ ունենալով նոր կապի օպերատոր հիմնել։ «Յուքոմի» խոշոր բաժնետերերն են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքն ու «Տաշիր» խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանը։

Մեկնաբանել