Լավրովի առաջարկի շուրջ․ պետք է պատասխանել մարտավարական մեկ և ռազմավարական երկու հարցի

2020 թ․ ապրիլի 21-ին Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցման ակումբի անդամների հետ առցանց ձևաչափով կազմակերպված հանդիպման ժամանակ պատասխանելով արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ադրբեջանցի մասնակցի հարցին՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ներկայում կողմերը ակտիվ քննարկում են կարգավորմանն առնչվող այն նախագծերը, որոնք շրջանառության մեջ են դրվել 2019 թ․ ապրիլին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը։ Ըստ Ռուսաստանի արտգործնախարարի՝ այդ փաստաթղթերը նախատեսում են հակամարտության փուլային կարգավորում, ընդ որում՝ առաջին փուլում նախատեսվում է Ղարաբաղի շուրջ գտնվող որոշ տարածքների ազատում և տրանսպորտային, տնտեսական և հաղորդակցության այլ միջոցների ապաշրջափակում։  

Ռուսաստանի արտգործնախարարի այս հայտարարությունը Հայաստանում վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել։ Վերջին մեկ տարվա ընթացքում Մինսկի խմբի երեք համանախագահները իրենց մի շարք հայտարարություններում (2019 թ․ մարտի 9, 2019 թ․ դեկտեմբերի 5) հստակ նշել են, որ հակամարտության տևական և արդար կարգավորումը և դրան միտված բանակցությունները պետք է հենվեն համանախագահ պետությունների նախագահների դեռևս 2009 թ․ հուլիսին արված հայտարարությունում ներառված վեց տարրերի վրա։ Դրանք նախատեսում են հակամարտության փուլային կարգավորում և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններից դուրս գտնվող տարածքների գերակշիռ մասի վերադարձ Ադրբեջանին։ 

Իհարկե, կարելի է պնդել, որ վերջին երկու տարիներին ընթացել են ոչ թե բանակցություններ, այլ խորհրդակցություններ, որոնց ժամանակ փաստաթղթեր չեն քննարկվել, սակայն հակամարտությունների կարգավորման գործընթացին քիչ թե շատ տեղյակ յուրաքանչյուր մարդու համար ակնհայտ է, որ արտգործնախարարների երբեմն մինչև 11 և պետությունների ղեկավարների մի քանի ժամ տևած հանդիպումներում չեն կարող բացառապես քննարկվել հակամարտության կարգավորման գործընթացում էական նշանակություն չունեցող դետալներ, ինչպիսին է, օրինակ, լրագրողների փոխայցերի կազմակերպումը։

Չցանկանալով խորանալ հակամարտության կարգավորման պատմության մեջ, որի առանձին փուլերին անդրադարձել եմ մի քանի ամիս առաջ հրապարակած «Տարածքների հանձնման տանջալից դիլեման» հոդվածում, նշեմ միայն, որ այս կամ այն տարբերակով որոշ տարածքների հանձնման առաջարկին համաձայնել են Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահները։ Առաջին նախագահը չկարողացավ իրականացնել իր մտադրությունը պարտադրված հրաժարականի պատճառով, իսկ երկրորդ և երրորդ նախագահների դեպքում համաձայնագրերը չեն ստորագրվել ադրբեջանական կողմի մերժման հետևանքով։ 

Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է փորձել պատասխանել մեկ մարտավարական և երկու ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի։ Մարտավարական հարցը հետևյալն է՝ ինչու Ռուսաստանը որոշեց այսօր պաշտոնապես հրապարակայնացնել փուլային տարբերակի վերաբերյալ շուրջ մեկ տարի ընթացող բանակցությունները՝ շատ լավ հասկանալով, որ դրանով Հայաստանի իշխանություններին դնում է մեղմ ասած «անհարմար վիճակում»։ Ամենայն հավանականությամբ, հայ-ռուսական հարաբերություններում ձևավորվել են մի շարք կնճռոտ, թեև ոչ անլուծելի խնդիրներ, և սա ընդամենը ազդակ է ՀՀ իշխանություններին հարցերի կարգավորման գործընթացն արագացնելու անհրաժեշտության մասին։ Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի հնարավոր իջեցման վերաբերյալ հարցին Ռուսաստանի արտգործնախարարի պատասխանը ևս պարունակում էր ռուսական կողմում առկա որոշակի դժգոհության տարրեր։

Սակայն Հայաստանի համար շատ ավելի կարևոր են ռազմավարական նշանակության հետևյալ հարցերի պատասխանները։ Նախ, ինչու է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը վերջին 24 տարիների ընթացքում հակամարտության կարգավորման գործընթացում առաջ քաշում և պաշտպանում Հայաստանի կենսական շահերին հակասող առաջարկներ։ Հասկանալի է, որ Ռուսաստանը ցանկանում է մեծացնել իր ազդեցությունն Ադրբեջանում և որոշակի տարածքների վերադարձը համարում է այդ նպատակին հասնելու արդյունավետ ուղիներից մեկը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, թերևս, Ռուսաստանում գտնում են, որ հինգ շրջանների վերադարձը կենսական սպառնալիք չէ Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Արցախի Հանրապետությունը կշարունակի վերահսկել նախկին ԼՂԻՄԻ-ի տարածքի մեծ մասը ու ևս երկու շրջան, և այդ գործընթացը հետագայում չի հանգեցնի Արցախի հայաթափմանն ու ամբողջական կորստի։ 

Իհարկե, կա մեկ այլ տարբերակ, որ նույնիսկ Արցախի ամբողջական կորուստը Ռուսաստանը չի համարում անդառնալի վնաս Հայաստանի Հանրապետության կենսական շահերի համար, և «ապահովելով Հայաստանի Հանրապետության անվտանգությունը  վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմաններում բազմակի անգամ ավելի ուժեղ թուրք-ադրբեջանական համատեղ սպառնալիքից՝ Ռուսաստանը լիովին կատարում է իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ»։ 

Ինչ կարելի է անել ստեղծված պայմաններում

Հայաստանի համար ամենաէականը, սակայն, երրորդ հարցին պատասխանելն է, ինչ կարելի է անել ստեղծված պայմաններում։ Բոլորի համար թերևս ակնհայտ է, որ եթե մինչև 2016 թ․ Ապրիլյան քառօրյա պատերազմը Հայաստանի բնակչության զգալի մասն էր դեմ արտահայտվում հնարավոր տարածքային զիջումներին, ապա Ապրիլյանից հետո այդ տարբերակին դեմ է բնակչության գերակշիռ մեծամասնությունը։ Հասկանալի է, որ ներկայում Հայաստանի որևէ կառավարություն (անկախ այն հանգամանքից՝ ժողովրդավար է, թե ավտորիտար, իշխանության է եկել բնակչության լայն զանգվածների աջակցության շնորհիվ, թե զանգվածային ընտրակաշառքի միջոցով) Արցախի հարցում տարածքային զիջումների դեպքում եթե ոչ անմիջապես, ապա կարճաժամկետ հեռանկարում կզրկվի իշխանությունից։ Սակայն իրադարձությունների նման զարգացման դեպքում մեծ է քաոսի առաջացման վտանգը, ինչը կարող է ծայրահեղ բացասական հետևանքներ ունենալ թե՛ Արցախի և թե; Հայաստանի կենսական շահերի համար։ 

Պետք է հստակ արձանագրել, որ չնայած Մինսկի խմբի երեք համանախագահ պետություններն էլ հանդես են գալիս հակամարտության փուլային լուծման և տարածքների վերադարձի օգտին, նրանց կողմից Հայաստանի նկատմամբ ուղղակի ռազմական կամ տնտեսական ճնշումները գրեթե բացառված են։ (Ոչ մի պետություն կամ ռազմական դաշինք ավելի քան երկու ամիս չի ռմբակոծի Հայաստանը, ինչպես դա արեց ՆԱՏՕ-ն 1999 թ․ մարտ-հունիս ամիսներին Սերբիայում, ստիպելով վերադարձնել տարածքները)։ 

Ոչ էլ միջազգային հանրությունը կամ առանձին պետություններ Հայաստանի նկատմամբ կկիրառեն տնտեսական պատժամիջոցներ կամ ռազմական մատակարարումների էմբարգո։ 

Ներկա իրավիճակում Հայաստանի իշխանություններն ունեն առաջ գնալու երկու ճանապարհ․ 

ա) Շարունակել բանակցությունները՝ անկախ բանակցվող փաստաթղթի բովանդակությունից՝ զուգահեռաբար մշակելով և իրականացնելով Արցախի տնտեսության զարգացման և ժողովրդագրության ցուցանիշների բարելավման ծրագիր՝ առավելագույնը տասը տարի տևողությամբ և յուրաքանչյուր տարվա համար չափելի միջանկյալ արդյունքներով։ 

բ) Գնալ տարածքային զիջումների՝ հիմքեր ստեղծելով ներքաղաքական իրավիճակի լուրջ ապակայունացման համար։