«Մարդիկ կարող են մահանալ նաև սովից». զրույց «Գլորիա» արտադրամասի աշխատակցի հետ

Ապրիլի 21-ին Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել․ մոտ 3 տասնյակ մարդ գնացել է արտադրամաս և պահանջել վերականգնել աշխատանքը: ՍիվիլՆեթը զրուցել է «Գլորիա» կարի արտադրամասի աշխատակցի հետ, որը, սակայն, ցանկացավ անանուն մնալ։ Արտադրամասն ունի 2 600 աշխատակից, մեր զրուցակիցն այնտեղ աշխատում է 6 տարի: Արտակարգ դրության պահանջի համաձայն՝ դադարեցվել է նաև այս արտադրամասի գործունեությունը: Աշխատակիցների մեծ մասը մեկ ամիս անց սոցիալական լուրջ խնդիրների առաջ կանգնեց․ գումար չունեն սնունդ և դեղամիջոց ձեռք բերելու համար։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մարդիկ չեն կարողանում օգտվել նաև պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցութունից:

«Վիրուսի մասին բոլորն էլ գիտեն, հասկանում են, բայց երբ քաղաք ենք դուրս գալիս ու տեսնում, որ շատ մարդ կա դրսում, ինչո՞ւ չաշխատել: Մարդիկ կարող են մահանալ նաև սովից», -ասում է նա։

Մեր զրուցակիցը նաև մտավախություն հայտնեց, որ եթե արտադրամասը շարունակի չաշխատել, գուցե խզեն իրենց աշխատանքային պայմանագրերը:

Այս դեպքին ապրիլի 22-ին Ազգային ժողովում անդրադարձավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա հիշեցրեց, որ պետությունը հայտարարել էր, թե ապրիլի 20-ից այս ոլորտի աշխատանքը կարող է վերականգնվել և կոչ արեց չեղյալ համարել այս դեպքի ընթացքում կազմված վարչական արձանագրությունները՝ չտուգանելով մարդկանց:

«Գլորիայի» աշխատակիցը տեղեկացրեց, որ ղեկավարությունում քննարկումներ են գնում, իրենց անելիքների մասին կիմանան այսօր կամ վաղը: Եթե ոչինչ չփոխվի, բողոքի ակցիաները հնարավոր է՝ շարունակվեն:

Զրուցեց Ժաննա Ավագյանը

Մեկնաբանել