Սահմանը, գյուղը, մարդիկ. Բարեկամավան

Թաթուլ Հակոբյան

Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան գյուղը երեք կողմից շրջափակված է Ադրբեջանով և երեք ադրբեջանական գյուղերով. այն ուղղակի հակառակորդի ափի մեջ է:

1991-1994 թթ. հայ-ադրբեջանական զինված հակամարտության տարիներին և հաջորդած «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» շրջանում ՀՀ որևէ գյուղ այնքան զոհեր ու վիրավորներ չի տվել, որքան Բարեկամավանը: Զոհեր եղել են և՛ զինվորականների, և՛ խաղաղ բնակչության շրջանում:

Բնակիչների համար, սակայն, պակաս կարևոր չէ ջրի խնդիրը: Ջուր չլինելու պատճառով մարդիկ չեն կարողանում այգի մշակել և ստիպված՝ հեռանում են:

Գյուղի 220 տներից այսօր միայն 70-ում է լույս վառվում, շատ տներում մնացել են ծերեր: Նրանց զավակները թողել են ծնողներին, գյուղը, հայրենիքը և հեռացել Ռուսաստան: Այսօր գյուղում 170 բնակիչ է մնացել: 70-ականներին գյուղն ուներ շուրջ 1 000 բնակիչ:

Ժամանակին գյուղի դպրոցում սովորում էր 330 աշակերտ, այսօր նրանց թիվը 16 է: Վերջին տարիներին առաջին դասարան հազվադեպ է լինում:

Այսօրվա Բարեկամավան գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությունը հանդիպում ենք 1831 թվականին: Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանը իր հեղինակած հատորում նշում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 302 բնակիչ, բոլորն էլ՝ հայ:

Այսպիսով, 200 տարի առաջ Բարեկամավանը կրկնակի ավելի բնակչություն է ունեցել, քան ունի այսօր:

Նախկինում Բարեկամավանը ունեցել է Ղուրումսուլու և Դոստլու անունները: Բարեկամավան է կոչվում 1978-ի հունվարի 25-ից:

Բարեկամավանը 1873 թվականին ունեցել է 427 հոգի, 1886-ին՝ 566, 1897-ին՝ 740 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), 1916-ին՝ 769, 1922-ին՝ 635, 1926-ին՝ 681 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), 1931 թվականին՝ 847 հոգի:

Գյուղից արտագաղթը սկսվել է խորհրդային վերջին տարիներից, սակայն բնական աճի շնորհիվ բնակչությունը միշտ աճել է ընդհուպ մինչև 1980-ականներ:

Հայ-ադրբեջանական կռիվներ այստեղ եղել են 1918-1920 թվականներին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կարճ ժամանակով, նախքան ԽՍՀՄ մաս կազմելը, անկախություն ունեին:

Գյուղը այդ տարիներին մի քանի անգամ ենթարկվել է հարձակումների և հրդեհվել է:

Մինչև Հայաստանի Հանրապետության (1918-1920) կազմ մտնելը Բարեկամավանը Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840), Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) և Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի (1868-1918) մաս:

Հայաստանի Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Երկու երկրների միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: 1920-ի օգոստոսին Հայաստանը անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

Խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1922-1936 թվականներին, այսօրվա Նոյեմբերյանի շրջանի գյուղերը մտնում էին Իջևանի և Ալավերդու շրջանների մեջ: Բարեկամավանը Իջևանի շրջանի գյուղ էր՝ նախքան Նոյեմբերյանի շրջանի ձևավորումը, որը տեղի է ունեցել 1937-ին:

Մեկնաբանել