Վիվա-ՄՏՍ-ն այսօր ուժեղ է, քան երբևէ․ ընկերության արձագանքն իր մասին հրապարակմանը

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը ապրիլի 16-ին ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում հայտարարել էր, թե ««Վիվա-ՄՏՍ»-ի վիճակը ևս ծանր է, չունեն ենթակառուցվածքներ, օպտիկամանրաթելային մալուխների բազա […], «Վիվասել-ՄՏՍ»-ի կողմից չենք տեսնում ակտիվություն, որ, օրինակ, զարգացնեն իրենց խողովակաշարերը։ Ապագան մշուշոտ է երևում»:

Այս պնդումները, այն էլ՝ փորձագետի կողմից, առնվազն տարակուսանք են առաջացնում,- ասված է Վիվա-ՄՏՍ-ի տարածած պարզաբանման մեջ: Վիվա-ՄՏՍ-ն այս կապակցությամբ պարզաբանում է տարածել՝ նշելով, որ ընկերությունն այսօր ուժեղ է, քան երբևէ:

«Ընկերությունն ունի կուռ ու մասնագիտական լուրջ թիմ, չունի ու երբևէ ծանրաբեռնված չի եղել վարկային պարտավորություններով, մշտապես եղել է խոշոր հարկատուների ցանկի ամենավերևի հորիզոնականներում և, հաշվի առնելով ընկերության շահութաբերությունը, զարգացման ծրագրերն ու ներդրումների ծավալները, տնտեսապես լիովին ինքնաբավ է:

Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում մենաշնորհին վերջ տված ու մինչ օրս, խիստ մրցակցային պայմաններում բջջային կապի շուկայի ավելի քան 60% մասնաբաժին պահպանող ընկերությունն ունի ռազմավարական զարգացման առանձնահատուկ մոդել ու այլ օպերատորների հետ ուղղակի համեմատությունը պարզապես անտեղին է ու մասնագիտորեն ոչ ճշգրիտ:

Ինչ վերաբերում է օպտիկա-մանրաթելային կապուղիներին, կարծում ենք, որ փորձագետը պետք է որ տեղեկացված լիներ այն մասին, որ Վիվա-ՄՏՍ-ը շատ վաղուց ունի սեփական օպտիկամանրաթելային մալուխների ցանց երկրով մեկ, որը ձգվում է Հայաստանի հյուսիսից՝ հարավ: Վիվա-ՄՏՍ-ը շատ վաղուց ներկրում է ինտերնետ Վրաստանից իր սեփական օպտիկամանրաթելային կապուղիներով՝ ներքին շուկայի կարիքների համար:

Հարկ ենք համարում հիշեցնել նաև, որ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն գործարքներից էր 2017 թվականին Վիվա-ՄՏՍ-ի կողմից լայնաշերտ ինտերնետի մատակարար, օպտիկամանրաթելային սեփական ցանց ու տեխնոլոգիական հզորություններ, ինչպես նաև բաժանորդային զգալի բազա ունեցող ADC ընկերության ակտիվների ձեռքբերումը: Արդյունքում Վիվա-ՄՏՍ-ը զգալիորեն ընդլայնել է լայնաշերտ ֆիքսված ինտերնետի ու հարակից ծառայություններից օգտվող իր բաժանորդների բազան, որը ներառում է իրավաբանական անձանց՝ մասնավոր/կորպորատիվ սեկտորի ընկերությունների, պետական ու համայնքային կառույցների:

Վիվա-ՄՏՍ-ը նաև լայնաշերտ ֆիքսված ինտերնետի, IP հեռախոսակապի, ինչպես նաև՝ բջջային կապի համալիր ծառայություններ (3-ը մեկում փաթեթ) է տրամադրում  տնային տնտեսությունների՝ աշխարհագրական առանձին տեղանքներում:

Վերը նշված ծառայությունների հետագա զարգացման մոդելն ուսումնասիրության ու մշակման փոլում է:

Վիվա-ՄՏՍ-ն հեռահաղորդակցային առաջին ընկերությունն է, որ Հայաստանում ներդրել է 4G ցանց: Ինչ վերաբերում է 5G ցանցի ներդրմանը, ընկերությունը, ի պատասխան հարցումների, բազմիցս է ներկայացրել, որ ընկերության վերջերս ներդրված կամ հզորացված 4G/4G+ կայանները կառուցված են այնպես, որ ցանկության դեպքում, համապատասխան ծրագրային ապահովման (վերակոնֆիգուրացման) դեպքում, կարող են լիովին ծառայել որպես 5G կայաններ:

Ամենակարևորը. Վիվա-ՄՏՍ-ի՝ Երևանում գործող վերը նշված գրեթե բոլոր 4G/4G+ կայանները միմյանց միացված են օպտիկամանրաթելային մալուխով: Սա ընդամենն ընդհանուր փաստեր են՝ ի պատասխան հարցազրույցում տեղ գտած ու Վիվա-ՄՏՍ-ի վերաբերմամբ կիրառված՝ «մշուշոտ ապագա», «ծանր վիճակ» և նմանատիպ այլ որակումների հիմնազուրկ լինելու մասին:  

Դժվարանում ենք նաև հիշել Վիվա-ՄՏՍ-ից բացի հեռահաղրդակցության հայաստանյան որևիցե այլ օպերատորի ներկայացուցչի  ծրագրային ելույթ կամ հարցազրույց, որտեղ ավելի մանրամասն է ներկայացված, թե ինչպե՞ս է այդ ընկերության կողմից Հայաստանում ներդրվելու 5G ցանց: Հստակեցնենք նաև, որ ներկա դրությամբ Վիվա-ՄՏՍ-ի կողմից 5G ցանցի ներդրմանն ուղղված քայլեր չեն իրականացվում:  

Հեռահարդակցությունը դինամիկ զարգացող ոլորտ է: Համաշխարհային միտումների արագ փոփոխումը ենթադրում է զարգացման գործող մոդելի շարունակական քննարկում և ընթացիկ ռազմավարության հնարավոր ճշգրտումներ, ինչը, հավատացնում ենք, Վիվա-ՄՏՍ-ն իրականացնում մշտապես: Հեռահաղորդակցության զարգացումը չի ենթադրում բացառապես աշխարհագրական ընդլայնում: Իհարկե, Վիվա-ՄՏՍ-ը շարունակու է հզորացնել ու նաև ընլայնել է իր բջջային 4G ցանցը, ինչպես նաև՝ դիտարկում է ֆիքսված լայնաշերտ ինտերնետի հետագա զարգացման սցենարներ:

Վերը նշվաշի հետ մեկտեղ, Վիվա-ՄՏՍ-ը, հետևում է համաշխարյահին ամենագերակա միտմանը, այն է՝ աստիճանական փոխակերպում թվային համապարփակ ծառայություններ մատուցող օպերատորի (digital transformation), որի գործառույթների շրջանակը շատ ավելին է, քան հեռահաղորդակցային ծառայությունների տրամադրումը»: