Հատուկ ռեժիմ Վարդենիսում. ելումուտն արգելված է

Վերջին օրերին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գրանցվել է կորոնավիրուսի բռնկման նոր օջախ. կա հաստատված 30-ից ավելի դեպք: Գեղարքունիքում առաջին դեպքը գրանցվեց ապրիլի 17-ին «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ–ի աշխատակցի մոտ, այդ օրվանից բուժհաստատությունը չի գործում։

Պարետի որոշմամբ ապրիլի 22-ին՝ ժամը 08:00-ից մինչև ապրիլի 28-ը՝ ժամը 23:59-ը, սահմանվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ, կիրառվելու են սահմանափակումներ։ Արգելվում է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։ Սահմանափակվում են նաեւ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ–ի աշխատանքները։ Գործում է միայն շտապ օգնության ծառայությունը՝ իրականացնելու միայն անհետաձգելի բուժսպասարկում։ Հիվանդանոցի 12 աշխատակցի մոտ կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունք է գրանցվել։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գրում է, որ բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է:

Ժաննա Ավագյան