էլեկտրոնային կառավարման գործիքներ, որ բարելավում են մեր կյանքը 

Ինչպես են հանրային կառավարման ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրումը, բարելավում մեր կյանքը։

Կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխելու նպատակով Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ընթացքում աճել է Հայաստանի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին էլեկտրոնային համակարգերի միջոցով ուղղված դիմումների ընդհանուր ծավալը։

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ e-request.am–ի միջոցով, օրինակ, 2020-ի մարտին քաղաքացիներն ուղարկել են 5 329 դիմում, ապրիլին ևս նկատվել է զգալի աճ։ Համեմատության համար նշենք, որ 2020-ի հունվարին քաղաքացիներն այս նույն հարթակով ուղարկել էին ընդամենը 910 դիմում, այսինքն՝ դիմումների թիվն ավելացել է ավելի քան 5 անգամ։

Այս կտրուկ աճը վկայում է, որ կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրումը ոչ միայն նորարարական և արդյունավետ միջոց է պետական տարբեր կառույցներին դիմում, բողոք կամ հարցում ներկայացնելու համար, այլև քաղաքացիների առօրյա կյանքը հեշտացնող օգտակար գործիք։

Ինչպես էլեկտրոնային հարցումների միասնական հարթակը, այնպես էլ հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների մաս կազմող էլեկտրոնային կառավարման մի շարք այլ գործիքներ Հայաստանում ստեղծվել են Եվրոպական միության աջակցությամբ և միտված են բարելավելու հանրային ծառայությունների մատուցման գործընթացները։

2016-ից ի վեր Եվրոպական միությունը տրամադրել է ավելի քան 20 մլն եվրո` աջակցելու Հայաստանում հանրային կառավարման և հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում ներդրվել է էլեկտրոնային կառավարման ավելի քան մեկ տասնյակ հարթակ, այդ թվում պետական կառույցներում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» համակարգը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգը՝ e-register.am, իրավական ակտերի հրապարակման միասնական կայքը՝ e-draft.am, էլեկտրոնային նոտար համակարգը՝ e-notary.am, տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և համարանիշների հատկացման Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային համակարգը՝ e-police.am և այլն:

Հայաստանի մի շարք պետական կառույցների ներկայացուցիչներ և քաղաքացիական ծառայողներ մեկնել են Եվրոպական միության տարբեր երկրներ՝ փորձառություն ձեռք բերելու և նպաստելու էլ ավելի արդյունավետ, հաշվետու և նորարարական հանրային կառավարման համակարգ ունենալուն:

Հանրային կառավարման ոլորտի բարեփոխումները հորիզոնական բարեփոխումների ամենակարևոր օղակներից են, որոնք էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրման միջոցով բարելավում են քաղաքացիների կյանքը։ Հանրային կառավարման բարեփոխումների արդյունքում հանրային կառավարման համակարգը դառնում է ավելի թափանցիկ, հաշվետու, նորարարական և արդյունավետ։

Ալինա Նահապետյան

Մեկնաբանել