Հայաստանում շուտով կգործի քաղցկեղային հիվանդությունների վաղ ախտորոշման համակարգ

Ֆիզիկայի ինստիտուտի ռադիոիզոտոպերի կենտրոնում վերջապես տեղի է ունեցել իզոտոպերի առաջին արտադրությունը, որոնք օգտագործվում են քաղցկեղային հիվանդությունների վաղ ախտորոշման համար․ այս մասին կառավարության ապրիլի 23-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ դեռ անցյալ տարի նման հանձնարարական էր տրվել, ու այդ ուղղությամբ աշխատանքներ էին տանում: Այնուհետև վարչապետը խոսքը փոխանցեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որն ավելի մանրամասն ներկայացրեց իրավիճակը և այն, թե ինչ խնդիրների են բախվում այժմ քաղցկեղով հիվանդները Հայաստանում: 

«Եթե կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը չլիներ, ապա կենտրոնն արդեն կկարողանար ընդունել իրական պացիենտներ և կատարել հետազոտություններ: Այս տարի կենտրոնը որևէ պետական ֆինանսավորում չի ստացել», – ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ այդ հարցը կարճաժամկետ լուծել են՝ իրենց մեկ այլ ՓԲԸ-ից կենտրոնին փոխառություն տալով:

Նախարարը նշեց, որ այժմ կառավարությունում ներկայացված է որոշման նախագիծ, որով նախատեսվում է այդ փոխառությունը վերադարձնել ու ապահովել կենտրոնի գործունեության շարունակականությունը:

«Գործարկման համար մնացել է երկու փուլ: Շատ պարզ գործողություններ են դրանք: Մի քանի կարևոր նյութի տեղափոխում Բելգիայից, որով մենք հիմա էլ փորձում ենք զբաղվել այս իրավիճակում: Հնարավոր է՝ տեղափոխվի Գերմանիա, ապա նոր՝ Հայաստան: Դրանք վտանգավոր նյութեր են, և սովորական փոխադրումների միջոցով հնարավոր չէ կատարել: Այնուհետև այդ նյութերով տեղի կունենա լաբորատորիայի վերջնական որակի գնահատում, որն այս նոր իրավիճակում պայամանավորվել են տեսակապով անել, քանի որ մասնագետները չեն կարող այցելել մեր սահմանափակումների պատճառով, ու թռիչքներ էլ չկան», – հիշեցրեց նախարարը:

Քաղցկեղային հիվանդությունների վաղ ախտորոշումն այս իրավիճակում առավել կարևոր է, վստահ է նախարարը և բացատրում՝ ինչու. «Առաջ, երբ մենք այս հնարավորությունը չունեինք, մեր քաղաքացիներն արտերկրում էին անցնում նման հետազոտություն: Այժմ իրավիճակն այնպիսին է, որ նրանք չեն կարողանում նաև արտերկիր գնալ, այդ թվում՝ Վրաստան և Ռուսաստան: Ըստ այդմ՝ մեզ համար օրվա խնդիր է այդ սարքավորումները Երևան հասցնել, գործարկել և հետազոտությունները սկսել»։

Նախարարը նշեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը պատրաստ է ստանձնել այս հիմնարկի կառավարումը, եթե այն դուրս բերվի մասնավորեցման ցանկից․ «Մենք պատրաստ ենք ստանձնել լիազորությունները: Ավելին՝ մենք մեծ ուշադրություն արդեն դարձնում ենք ուռուցքաբանության ոլորտին և զարգացնում ենք ուռուցքաբանության մեր ազգային կենտրոնը: Ծախսերի արդյունավետության տեսանկյունից ավելի արդյունավետ կլինի նաև քննարկել նրանց մեկ կոնգլոմերատում դիտարկելու տարբերակը»։