Հեղափոխությունից երկու տարի անց. քրեական գործերը առաջ չեն գնում

2018-ի թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները սկսեցին ուսումնասիրել ու կոռուպցիոն բնույթի քրեական գործեր հարուցել նախկին իշխանությունների հայտնի ներկայացուցիչների ներգրավմամբ։ Այդ աղմկահարույց գործերի մեծամասնությունը երկար ժամանակ է, ինչ նախաքննության փուլում է, ու քննությունն իրականացնող մարմինը դեռ գործը չի ուղարկում դատարան։ Որոշ դեպքերում ապօրինի օտարված գույքն ուղղակի հետ է վերադարձվում, և գործը կարճվում է։ ՍիվիլՆեթը քննչական մարմիններին հարցումներ է ուղարկել և ամփոփել մի շարք քրեական գործերի ներկա ընթացքը։ 

«Խութ» հիմնադրամի նախկին տնօրենը՝ մեղադրյալ, վնասի  չափը պարզ չէ

2019-ի սեպտեմբերին ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ «Խութ» հիմնադրամին քաղաքացիների կողմից կատարած նվիրատվությունների հարցով։ Ըստ Գլխավոր դատախազության՝ 2013-2014 թթ. ընթացքում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի առանձին պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերևույթ ապօրինի ներգործության միջոցներ՝ վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ։ Ավանի թաղապետարանի համապատասխան պաշտոնատար անձը քաղաքացիներից պահանջել է գումարներ փոխանցել հիմնադրամին՝ շինթույլտվություն տրամադրելու դիմաց։ 

«Խութ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր։ Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել են, որ մեղադրանք է առաջադրվել միայն հիմնադրամի նախկին տնօրենին, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ նախկին տնօրենը եղել է Կարինե Վարդանյանը, որը հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2005-2018  թթ․։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ քննության ներկա փուլում տուժողներ չկան, հասցված վնասի չափը հաշվարկված չէ։ 

«Գումարային փոխանցումների, ինչպես նաև պատճառված վնասի չափը պարզելու նպատակով նշանակվել է դատահաշվապահական և դատաֆինանսատնտեսագիտական համալիր փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է»,- պատասխանել են կոմիտեից։ 

Չարաշահումներ ֆուտբոլում. Ռուբեն Հայրապետյանը վկա է

2019-ի հոկտեմբերին «Փաստերի ստուգման հարթակ» կայքը գրեց, որ Հայաստանում կառուցված ֆուտբոլային ակադեմիաները կառուցվել են մեկ շինարարական ընկերության՝ «Զեյթուն կահույքի ֆաբրիկայի» կողմից, որի սեփականատերը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն է։ Ֆեդերացիան հրաժարվել էր լրատվամիջոցին տրամադրել ակադեմիաների կառուցապատման պայմանագրերը։ Դրանց կառուցումը միլիոնավոր դոլարներ էր արժեցել։ 

Հրապարակումից ամիսներ անց ոստիկանության 6-րդ վարչությունում  հարուցվեց քրեական գործ՝ մարզադաշտերի, մարզադպրոցների կառուցման ընթացքում չարաշահումների հատկանիշներով։ 

Մարտի 13-ին քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել են, որ այս գործում ներառված են նաև փաստեր «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի վերանորոգման աշխատանքերի ընթացքում չարաշահման վերաբերյալ։ 

«Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել խարդախության ու փաստաթղթերի կեղծման համար։ Նա գրավով ազատ է արձակվել։ Շինարարական աշխատանքների հսկողություն իրականացնող  Ֆեդերացիայի նախկին աշխատակցին ևս մեղադրանք է առաջադրվել՝ դարձյալ նույն հատկանիշներով։ Վերջինս երկու ամսով կալանավորվել է։ 

«Սույն քրեական գործով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահներ Ռուբեն Հայրապետյանն ու Արթուր Վանեցյանը հարցաքննվել են որպես վկա և ունեն վկայի դատավարական կարգավիճակ»,- հայտնել են Քննչական կոմիտեից։ 2012-2018 թթ. ընթացքում Ֆեդերացիայի կողմից իրականացված շինարարության արդյունքում Ֆեդերացիային պատճառված վնասը կազմել է ավելի քան 413 միլիոն դրամ, նախաքննությունը շարունակվում է։ 

Չարաշահումներ զինվորականներին բնակարաններ բաշխելու ընթացքում. Վիգեն Սարգսյանը երկրում չէ

2019-ի սեպտեմբերի 25-ին քննչական կոմիտեն հաղորդեց, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին մեղադրանք առաջադրելու համար։ Հարուցված քրեական գործը վերաբերում է զինծառայողներին բնակարանների բաշխման կարգի խախտումներին։ Գործի հարուցումից հետո այն Քննչական կոմիտեից ուղարկվեց Հատուկ քննչական ծառայության վարույթ, իսկ հետո Հատուկ քննչական ծառայությունը գործը հետ ուղարկեց Քննչական կոմիտեին։

Մարտի 13-ին Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել են, որ գործը գտնվում է նախաքննության փուլում, Վիգեն Սարգսյանին հարցաքննության ծանուցագիր է ուղարկվել և պարզվել, որ վերջինս «գտնվում է ՀՀ սահմաններից դուրս»։ 

Սիվիլնեթը հետաքրքրվել էր, թե մասնավորապես ինչ դրվագով է պաշտպանության նախկին նախարարը չարաշահել իր լիազորությունները։ Ի պատասխան՝ Քննչական կոմիտեն հայտնել է, որ դա նախաքննական գաղտնիք է։ 

Հետախուզում են ճոպանուղու նախկին տնօրենին

2019-ի ապրիլին գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ Ծաղկաձորի ճոպանուղին շահագործող ընկերությունը հարկեր չվճարելու տեսքով պետությանը պատճառել է ավելի քան 476 միլիոն դրամի վնաս։ Ճոպանուղին պատկանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, սակայն  հավատարմագրային կառավարման է հանձնվել «Լեռնատուր» ընկերությանը։ Ընկերության նախկին տնօրենը՝ Ասատուր Պողոսյանը, գործով մեղադրյալ է և հետախուզվում է։ ՍիվիլՆեթի հարցերին, թե արդյոք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկա և նախկին նախագահներ Գագիկ Ծառուկյանն ու Իշխան Զաքարյանը հարցաքննվել են այս գործով, Պետական եկամուտների կոմիտեի քննչական բաժնից չեն պատասխանել։ 

Սիգի գործով մեղադրյալներ, կալանավորվածներ չկան 

2019-ի հուլիսին Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ սիգ ձկնատեսակի որսի արգելված լինելու պայմաններում 2017-2018 թթ․ ապօրինի արդյունահանվել, արտահանվել է ավելի քան 44 000 կիլոգրամ սիգ։ Հարուցվել էր քրեական գործ։ Դրան նախորդել էր հրապարակում այն մասին, որ սիգի որսով, պահածոյացմամբ ու արտահանմամբ է զբաղվում  «Գալիլիա» ՍՊԸ-ն, որի համասեփականատեր է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչը՝ Հեղուշ Գալստյանը։ Պարզվել էր նաև, որ Սևան ազգային պարկի նախկին տնօրենը մինչև պաշտոն զբաղեցնելը եղել է «Գալիլիա»-ի տնօրեն։ 

Մարտի 2-ին քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել են, որ ««Գալիլիա» ՍՊԸ-ի աշխատակիցները քրեական գործի քննության շրջանակում  հարցաքննվել են և ներկա փուլում դատավարական կարգավիճակ չունեն»։ Քրեական գործով մեղադրյլաներ, ձերբակալված կամ կալանավորված անձինք չկան։ 

«Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ պետությանը պատճառված վնասի հստակ չափը, ինչպես նաև դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և գործով անցնող անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է Քննչական կոմիտեի պատասխանում։ 

Վլադիմիր Գասպարյանը ոչ մեղադրյալ է, ոչ էլ կասկածյալ

«Հետք» էլեկտրոնային թերթը 2018-ի օգոստոսին գրեց, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տարբեր սխեմաների կիրառման արդյունքում ձեռք է բերել Երևանի Հաղթանակի զբոսայգուն կից շքեղ առանձնատներից մեկը՝ 200 000 դոլարով, այնինչ այն գնահատվում էր 3 միլիոն դոլար։ Առանձնատան սեփականատեր է եղել գործարար Աղասի Դանիելյանը, ապա՝ ոստիկանապետի զոքանչ Հեղուշ Գալստյանը։ Այնուհետև վարկային պարտավորությունները չկատարելու դիմաց գույքը դրվել է աճուդի, և այդ ժամանակ այն գնել է Վլադիմիր Գասպարյանի կնոջ ազգականը, որը գնումից օրեր անց առանձնատունը նվիրել է Գասպարյանի որդուն։ 

2018-ի սեպտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդեց, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 

2020-ի մարտի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը ՍիվիլՆեթին հայտնել է, որ այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։ «Գործով մեղադրյալի կամ կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։ Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործով այլ մանրամասներ, այդ թվում՝ հարցաքննված անձանց վերաբերյալ տվյալներ, չենք կարող հայտնել»,- նշված է պատասխանում։ 

Ապրիլի 13-ին «Հետքը» հաղորդեց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճռով նախկին ոստիկանապետը 900 միլիոն դրամ պետք է փոխհատուցի առանձնատան նախկին սեփականատիրոջը։ Անկախ դատական ելքից՝ Հատուկ քննչական ծառայությունում առանձնատան վերաբերյալ քրեական գործը շարունակվում է։ 

Գագիկ Բեգլարյանն ու Մհեր Սեդրակյանը քրեական հետապնդման չեն ենթարկվի

2018-ի օգոստոսի 29-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ նախկին նախարարի և պատգամավորի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել։ Ըստ հաղորդագրության՝ ունիվերսալ վարկային կազմակերպություններից մեկի բաժնետերը հաղորդում է ներկայացրել, որ 2012-2016 թթ․ ընկերության գլխավոր տնօրենն իր լիազորությունները ընկերության շահերին հակառակ է օգտագործել ու օրենսդրության խախտմամբ տարբեր կազմակերպությունների վարկեր է տրամադրել։ Գործով մեղադրյալ է ներգրավվել ընկերության տնօրենը։ Հետագայում դրանից բխող երեք տարբեր քրեական գործեր են բացվել ու միավորվել մեկ գործի մեջ։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ բաժնեմասի շորթում կատարելու և բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ հավաքելու հարցում մի ցուցմունքում նշվել է [տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ] Գագիկ Բեգլարյանի անունը։ Բացի այդ տվյալներ են ձեռք բերվել, որ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը պաշտոնեական լիազորություններն անցել է։ Գործն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն։ 

ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ «քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում նրանց վերագրվող արարքների վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, և քննիչի կողմից որոշում է կայացվել Բեգլարյանի ու Սեդրակյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել»։ Քրեական գործը հետ է ուղարկվել Քննչական կոմիտե։ 

Հատուկ քննչական ծառայությունը ՍիվիլՆեթի մեկ այլ հարցման պատասխանել է, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել մեկ անձի, որի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով։ 

«Ձորահէկ»-ի մասնավորեցում. մեղադրյալը միայն Սեյրան Օհանյանն է

2019-ի մայիսին Գլխավոր դատախազությունը հայտարարեց՝ ուսումնասիրվել է «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի օտարման գործըթնացը։ Հիդրոէլեկտրակայանը գտնվում էր պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Ըստ դատախազության՝ բարձր եկամտաբերություն ունեցող «ՁորաՀԷԿ»-ը, որի արժեքը օտարման պահին կազմում էր 8 միլիարդ դրամ, օտարվել է 3,6 միլիարդ դրամով։ 

Գնորդը եղել է «Ձորագետ հիդրո» ընկերությունը, որը կապվում էր Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի անվան հետ։ Իրավաբանական անձանց էեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ մի քանի օֆշորային ընկերություններից զատ՝ այստեղ բաժնեմասեր են ունեցել Մինասյանի մտերիմները՝ Արմեն Պետրոսյանն ու Լեոնիդ Արևշատյանը։ Ավելի ուշ ՀԷԿ-ն անցել է «Ռեալ էներգո ինվեստ գրուպին», որն իր հերթին պատկանում է հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընտանիքին։ 

ՀԷԿ-ի օտարման հետ կապված մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ 3 միլիոն դոլարի վատնում թույլ տալու համար։ ՀՔԾ-ից ՍիվիլՆեթը հետաքրքրվել էր՝ արդյոք Միքայել Մինասյանը, Արմեն Պետրոսյանը և Լեոնիդ Արևշատյանը հրավիրվել ու հարցաքննվե՞լ են այս գործով։ Ստացվել է պատասխան, որ նախաքննական տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով՝ նշված տեղեկությունը չի տրամադրվում։ 

Ազգային պատկերասրահի անհետացած նկարների նախաքննությունը շարունակվում է

2019-ի ապրիլին Գլխավոր դատախազությունը հաղորդեց Հայաստանի ազգային պատկերասրահից թանգարանային առարկաների անհետացման մասին։ 

Ըստ դատախազության՝ Ազգային պատկերասրահի հետ միավորված «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ում թանգարանային առարկաների առկայության ստուգման ժամանակ պարզվել է, որ բացակայում են 626  անուն թանգարանային առարկաներ, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանի «հայֆիլհարմոնիայի դահլիճ» գեղանկարն ու Հովհաննես Զարդարյանի «Վերածնունդ» գեղանկարը։ 

Ազգային պատկերասրահից 120 միլիոն դրամ արժեքով մշակութային արժեքների անհետացման փաստով Գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործով նախաքննությունը ևս շարունակվում է։ 

Քննչական կոմիտեից Սիվիլնեթին վստահեցրել են, որ մեծածավալ քննչական աշխատանքներ են կատարվում՝ բացակայող մշակութային արժեքների ցանկը ու դրանց անեհտացման հանգամանքները պարզելու համար։ Այս գործով ևս մեղադրյալներ չկան։ 

Կարճևանի հողերը կվերադարձվեն, Հովիկ Աբրահամյանը օտարման հետ կապ չունի

Հայաստան-Իրան սահմանի մոտ «Մեղրի ազատ տնտեսական գոտուն» հարակից հողերի օտարման գործով շրջանառվում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մարտին Սարգսյանի անունները։ Այս գործը, ի տարբերություն վերը թվարկածների, հասել է մինչև դատարան, Կարճևան համայնքի ղեկավարն ու քարտուղարը պատժվել են տուգանքով։ 

Ոստիկանության 6-րդ վարչությունում հարուցված քրեական գործի համաձայն՝ 2014-ի հուլիսին Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Մարտին Սարգսյանը ժամանել է Մեղրի, մատնացույց արել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-իր տարածքները, իր ու Հովիկ Աբրահամյանի անունից հանձնարարել դրանք օտարել «Էսիէյ» ընկերությանը, որի սեփականատերը եղել է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի նախագահ Սարգիս Աղաբեկյանը։ 

Կարճևանի համայնքապետ Արմեն Ավետիսյանն իր ցուցմունքում նշել էր, որ Մարտին Սարգսյանն իրեն ակնարկել է նշված գործողությունը չիրականացնելու դեպքում խնդիրներ առաջանալու մասին։ Այնուհետև կազմակերպվել է հողերի օտարման կեղծ աճուրդ, որով գյուղատնտեսական նշանակության 20 հեկտար հողը 1,5 միլիոն դրամով, 7 հեկտարը՝ 550 000 դրամով և 5 հեկտարը՝ 385 000 դրամով օտարվել են «Էսիէյ» ընկերությանը։ Որոշ հողատեսքեր համայնքի ղեկավարը օտարել է նաև իր հետ փոխկապակցված անձի։ 

Մարտին Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն այս գործով ունեցել են վկայի կարգավիճակ։ 

Դատաքննության փուլում դատավճռով Կարճևանի համայնքապետը տոգանվել է 800 000 դրամով և երկու տարով զրկվել ՏԻՄ-երում ղեկավար աշխատելու հնարավորությունից։ Նրա աշխատակազմի քարտուղարը տուգանվել է 300 000 դրամով և մեկ տարի չի կարողանա աշխատել ՏԻՄ-ում։ 

«Ռադիո» ՓԲԸ-ի օտարում. մեղադրյալներ նորից չկան

2019-ի դեկտեմբերի 5-ին ոստիկանությունը հաղորդեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ ապօրինություններ են տեղի ունեցել «Ռադիո» ՓԲԸ-ի մասնավորեցման ընթացքում։ «Ռադիո» ՓԲԸ-ն գտնվում է Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի վարչական տարածքում։ Ռադիոհեռարձակման կայանը հիմնվել է 1965-ին։  

Մինչև մասնավորեցումը «Ռադիո» ՓԲԸ գույքը գնահատվել է 1,172 միլիարդ դրամ, սակայն մասնավորեցման գործըթնացի ժամանակ կեղծ տեղեկանքներ են կազմվել այն մասին, որ գույքն ունի 70  և ավելի տոկոսի մաշվածություն։ Այն գնահատվել է 412 միլիոն դրամ և օտարվել Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության։ Մինչև ոստիկանության հաղորդագրությունը, մամուլում հրապարակումներ եղան, որ «Ռադիո»-ի գնորդ կազմակերպության սեփականատերերն են մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն ու Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ 

Հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեի վարույթում է։ Այստեղից Սիվիլնեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են․ «Նախաքննության ներկա փուլում մեղադրյալներ չկան»։ 

«Քրեական գործի նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն»,- նշված է պատասխանում։ 

Քրեական գործեր՝ «Սանիթեք»-ի գործունեության վերաբերյալ

Երևան քաղաքի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերության վերաբերյալ իրավապահները քննում էին երկու տարբեր քրեական գործեր։ ՊԵԿ-ը հաղորդել էր, որ դեռ 2019-ի փետրվարից «Սանիթեք» ընկերության վերաբերյալ քրեական գործ է քննվում իրենց վարույթում՝ առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու հատկանիշներով։ 

2019-ի սեպտեմբերին հայտնի դարձավ «Սանիթեքի» ներգրավմամբ մեկ այլ քրեական գործի մասին։ Դատախազությունն ուսումնասիրել և Քննչական կոմիտե էր հասցեագրել առերևույթ չարաշահումների հատկանիշներով քրեական գործ, որը վերաբերում էր Երևանի քաղաքապետարանի ու «Սանիթեքի» միջև կնքված աղբահանության իրականացման պայմանագրին, դրա կատարման ընթացքին ու ստանձնած պարտավորություններին։ 

Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել են, որ գործն ուղարկել են Հատուկ քննչական ծառայություն։ Այստեղ էլ տեղեկացրին, որ «երկու գործերը միացվել ու քննվում են մեկ վարույթում, քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա»։ Հատուկ քննչական ծառայությունն այլ մանրամասներ հրաժարվել է հաղորդել։ 

Միհրան Պողոսյանը երկրում չէ, բայց Շվեյցարայից պատասխաններ են ստացվել

Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին առնչվող օֆշորային սկանդալի գործը ՀՔԾ-ն վերաբացեց միայն անցյալ տարվա հունվարին։ 2016-ի ապրիլին պանամական օֆշորային փաստաթղթերի արտահոսքից հետո եղած հրապարակումից պարզ էր դարձել, որ Պողոսյանը Պանամայում ընկերություններ է հիմնել, թաքցրել եկամուտներն ու պաշտոնն օգտագործել է սեփական բիզնեսի համար։ 

Միհրան Պողոսյանը հարցաննության հրավիրվեց այն ժամանակ, երբ արդեն երկրում չէր։ 2019-ի ապրիլի 15-ին Պողոսյանին մեղադրանք առաջադրվեց ապօրինի ձեռնարկատիրությանը մասնակցելու հատկանիշներով։ Նա նաև մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և վատնման համար։ Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը։ 

Ավելի ուշ պարզվեց, որ Պողոսյանը գտնվում է Ռուսաստանում, և ՌԴ իրավապահ մարմինները վերջինիս արտահանձնումը ՀՀ-ին հնարավոր չեն համարում։ 

Հատուկ քննչական ծառայությունից ՍիվիլՆեթին հայտնել են, որ այս գործով նախաքննությունը շարունակվում է։ «Քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը դեռ 2019-ին քննչական պահանջ է ուղարկել Շվեյցարիա՝ գործով պարզման ենթակա որոշ հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, որի պատասխանը ստացվել է»,- նշված է պատասխանում։ 

Սեդրակ Քոչարյանի գործով ԱԱԾ-ն լուրեր չունի

2019-ի փետրվարին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) խոշոր չափերով հարկերից խուսափելու ու փողերի լվացման մեղադրանք առաջադրեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Սեդրակ Քոչարյանը իր հիմնադրած ընկերությունում ղեկավարել է հարկային հաշիվներում կեղծ տվյալներ մտցնելու և խոշոր չափերի հարկ չվճարելու գործընթաց, նաև՝ երրորդ անձից ստացել է 5,3 միլիոն դոլար, խուսափել եկամտի հարկման գործընթացից, փոխանցումներ արել իրեն պատկանող այլ հաշիվների, միախառնել իր այլ հաշիվներում եղած միլիոններին և  և ուղղել Երևանի «Բեստ վեստերն կոնգրես» հյուրանոցի ձեռքբերմանը։ Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սեդրակ Քոչարյանը չի ընդունել մեղադրանքը։ 

ԱԱԾ-ից ՍիվիլՆեթին տեղեկացրել են՝ նախաքննությունը շարունակվում է, և քննության ներկա փուլում այլ մանրամասներ չեն կարող հաղորդել։ 

Միքայել Մինասյանը՝ մեղադրյալ

2018-ի հեղափոխությունից երկու տարի անց՝ 2020-ի ապրիլի 22-ին, Պետական եկամուտների կոմիտեն հայտնեց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին մեղադրանք առաջադրելու մասին։ Մամուլը մշտապես գրել է Մինասյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց ահռելի ունեցվածքի մասին։ 

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ 2017-2018 թթ. ընթացքում նա մեծ ծավալների հասնող ֆինանսական միջոցների չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն՝ ապօրինի հարստացել է, բացի այդ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված խոշոր չափերի գույք։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Մինասյանի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու համար, հայտարարվել է հետախուզում։ 
․․․

Պետական եկամուտների կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել են, որ 2018-ի հունիսից մինչև 2020-ի մարտ ընկած հատվածում քրեական տարբեր գործերով պետական բյուջե է վերականգնվել 12,4 միլիարդ դրամ։ 

Հատուկ քննչական ծառայությունն իր հերթին 2019-ի 11 ամիսների ընթացքում քննած քրեական գործերով վերականգնել է ավելի քան  4,3 միլիարդ դրամի վնաս։ 

Մկրտիչ Կարապետյան

Produced with the support of Russian Language News Exchange.