Քոչարյանի կալանքը վերացնելու նոր միջնորդություն է ներկայացվել. հիմքում կորոնավիրուսն է

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նոր միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Նոր միջնորդության համար հիմք է հանդիսացել երկրում առկա կորոնավիրուսային հիվանդության համաճարակը և Ռոբերտ Քոչարյանի վարակման վտանգը. նա գտնվում է տարիքային ռիսկային խմբում:

Պաշտպանը նաև դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ ներկայացված միջնորդությունն այլ դատավորի վերամակագրելու համար:

Գործով հերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։ Քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը, որը մարտի 13-ից գտնվում էր արձակուրդում, ապրիլի 17-ին դուրս է եկել աշխատանքի և կրկին՝ ապրիլի 20-ից մինչև մայիսի 7-ը արձակուրդ է ձևակերպել։

***

Ապրիլի կեսին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել էր համավարակի շրջանում «արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկել բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխություն»։

Ժաննա Ավագյան

Մեկնաբանել