Քոչարյանի կալանքը վերացնելու նոր միջնորդություն է ներկայացվել. հիմքում կորոնավիրուսն է

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նոր միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Նոր միջնորդության համար հիմք է հանդիսացել երկրում առկա կորոնավիրուսային հիվանդության համաճարակը և Ռոբերտ Քոչարյանի վարակման վտանգը. նա գտնվում է տարիքային ռիսկային խմբում:

Պաշտպանը նաև դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ ներկայացված միջնորդությունն այլ դատավորի վերամակագրելու համար:

Գործով հերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։ Քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը, որը մարտի 13-ից գտնվում էր արձակուրդում, ապրիլի 17-ին դուրս է եկել աշխատանքի և կրկին՝ ապրիլի 20-ից մինչև մայիսի 7-ը արձակուրդ է ձևակերպել։

***

Ապրիլի կեսին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել էր համավարակի շրջանում «արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկել բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխություն»։

Ժաննա Ավագյան