Ինչո՞ւ Շվեդիայի քաղաքականությունը համավարակի դեմ կարող է արդյունավետ լինել

Ստոկհոլմի Էրստա Սկոնդալ համալսարանական քոլեջում պատմության և քաղհասարակության ուսումնասիրությունների պրոֆեսոր Լարս Տրեգորդը և Բարսելոնայի միջազգային հարաբերությունների CIDOB կենտրոնի ավագ գիտաշխատող Ումիտ Օզքրմլին The Guardian-ում հրապարակել են հոդված այն մասին, թե ինչու կորոնավիրուսի դեմ պայքարի Շվեդիայի որդեգրած ուրույն քաղաքականությունը կարող է աշխատել, և որն է քաղաքացիների ու պետության միջև վստահության դերն այդ հարցում։

Ճշմարիտ է այն, որ կորոնավիրուսը ազգություն ու սահմաններ չի ճանաչում, չնայած այն ստիպում է հանրության ավելի աղքատ շերտերին կրել բեռի մեծ մասը, իսկ աշխարհի տարբեր երկրներ որդեգրել են վիրուսի դեմ պայքարելու գրեթե միանման մեթոդներ։

Այնուամենայնիվ, մեթոդները կարող են զգալիորեն տարբերվել երկրից երկիր, նույնիսկ հարուստ երկրների շարքում։ Ուիլյամ Մակնիլը 1976 թ. իր դասական «Համաճարակներ և ժողովուրդներ» գրքում փորձել է ցույց տալ, որ համաճարակները յուրաքանչյուր հասարակության համար հայելու դեր են կատարում։

Իրոք, համաճարակը երկրների համար հսկայական սթրեսադիմացկունության փորձություն է, որը վերհանում է վերջինիս խորը հանրային կառուցվածքները: Այժմ երևան են գալիս այն արժեքները, հաստատությունները և սովորույթները, որոնք սովորական ժամանակներում մասնակիորեն թաքնված են համաշխարհային միտումների միջոցով։

Իսպանիան, որը Եվրոպայում ամենաշատ տուժած երկրներից մեկն էր, խիստ արգելափակումներ մտցրեց՝ վիրուսի տարածումը դանդաղեցնելու և արդեն իսկ լեցուն հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար: Տանը մնալն անձնական ընտրության հարց չէր. սոցիալական հեռավորությունը դարձավ ոստիկանության կողմից վերահսկվող պարտադիր կատարման օրենք։

Պետական համաճարակաբան Անդերս Թեգելի գլխավորությամբ, Շվեդիան ընտրեց ավելի հանդարտ և խիստ վիճահարույց մոտեցում: Խստագույն արգելափակումների փոխարեն սոցիալական հեռավորությունը դարձավ ինքնակարգավորվող։ Քաղաքացիներին հանձնարարվեց իրենց հայեցողությամբ փոխադարձ վստահության հիման վրա անհատական պատասխանատվություն ստանձնել։

Հոդվածագիրները համոզված էին, որ «շվեդական մոդելը» հնարավոր չէր լինի «արտահանել» այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իսպանիան կամ Թուրքիան, որտեղ սոցիալական և ինստիտուցիոնալ վստահության մակարդակները շատ ավելի ցածր են: Բայց կարո՞ղ էր դա գործել հենց Շվեդիայում: Եվ ինչո՞ւ Շվեդիան որոշեց հեռանալ այն ուղուց, որին հետևում էին շատերը, այդ թվում՝ իր հյուսիսային հարևանները:

Շվեդիայի համար լիարժեք արգելափակումները երկարաժամկետ կտրվածքով գործող տարբերակ չէին կարող լինել։ Օրինակ, եթե դպրոցներն ու նախադպրոցական հաստատությունները փակվեին, ծնողները ստիպված կլինեին աշխատանքից վաղ գալ տուն՝ երեխայի տնային կրթությամբ զբաղվելու համար: Սա, հնարավոր է, ավելի վատթարացներ իրավիճակը, աշխատողներին հեռացնելով այնպիսի կարևոր ոլորտներից, ինչպիսիք են առողջապահությունը, կամ տարեցների համար մեծացնելով ռիսկերը, և այլն։

Հարց է ծագում, թե արդյոք քաղաքականությունն ամբողջ աշխարհում խիստ ռացիոնալ, գիտական հիմքերով է իրականացվում, թե՞ ընդամենն արտացոլում է մշակույթով արմատավորված սահմանափակումներն ու հնարավորությունները: Վերցնենք սոցիալական հեռավորությունը. այժմ այն կարծես թե միջազգային համընդհանուր նորմ է: Ընտրությունն այն է, թե արդյոք պետք է դա ապահովել տուգանքների և ձերբակալությունների սպառնալիքներով, թե անհատի սեփական պատասխանատվությանն ապավինելով։

Շվեդիայի ուղին միգուցե պակաս կտրուկ է, բայց այն ավելի պահանջկոտ կարող է լինել, քանի որ բեռը տեղափոխում է օրենքներից և ոստիկանությունից դեպի ինքնակարգավորում: Թեև սոցիալական մեդիայում ժամանակ առ ժամանակ նյութեր են տարածվում Ստոկհոլմում երեկույթների մասին, նրանց համար, ովքեր ապրում են այստեղ, իրականությունն ավելի սթափ հավասարակշռություն է սոցիալական հեռավորության պահպանման և մնացած ազատությունների` տեղական բիզնեսին աջակցելով նորմալ կյանք վարելու միջև։

Վստահաբար, Շվեդիայում ևս կան շատերը, ովքեր կոչ են անում խիստ արգելափակումներ մտցնել: Միգուցե դրա հերթն էլ հասնի։ Բայց մյուսները շարունակում են խնդրել պահպանել հանդարտություն, հիշեցնելով, որ շվեդերեն «հասարակություն» samhälle բառն ունի միասին համախմբված լինել իմաստը։

Շվեդիայի դեպքում, ընտրությունը պարզապես անհատական ազատության և ավտորիտար կառավարման միջև չէ: Իսպանիայում արգելափակման գործողությունները նույնպես լայն աջակցություն են վայելում, և անվտանգության ուժերը ավելի շատ ժամանակ են ծախսում տարեցների համար հանպատրաստից ծննդյան երեկույթներ կազմակերպելու վրա, քան տուգանքներ նշանակելու վրա:

Կասկած չկա, որ գլոբալ առումով, կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում, ականատես կլինենք պետության վերադարձին: Հարցն այն է, թե ի՞նչ պետության։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բրազիլիայի նախագահ Բոլսոնարոյի նմանների համար, ովքեր զբաղված են համաճարակը ծառայեցնելու հօգուտ իրենց ավտորիտար իշխանության հետագա ամրապնդման, պատասխանը պարզ է` պակաս լիբերալիզմ և պակաս ժողովրդավարություն: Բայց ինչպես շվեդական, այնպես էլ իսպանական օրինակները մեզ ցույց են տալիս, որ հնարավոր է ևս մեկ պատասխան՝ նեոլիբերալ ժողովրդավարության և սոցիալ-դեմոկրատական պետության վերադարձը:

Իմաստուն քայլ կլինի հարգել քաղաքացիներին՝ որպես պատասխանատու, բարոյական էակների, որոնք հավասար են իրենց ունեցած ներդրմամբ: Իրականում դա կարող է լինել փոխադարձության զարգացման լավագույն միջոցը, որը բարձր վստահություն ունեցող հասարակության առանձնահատկություն է. փոխադարձ վստահություն ոչ միայն քաղաքացիների, այլև քաղաքացիների ու պետության միջև:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հոդվածի բնօրինակը՝ Why might Sweden’s Covid-19 policy work? Trust between citizens and state

Տես նաև՝ Ինչու շվեդները չեն վախենում կորոնավիրուսից․ BBC-ի անդրադարձը

Մեկնաբանել