Ապրիլ 24. Դամասկոսից՝ Հալեպ, Բաղդադից՝ Պոլիս և Ծիծեռնակաբերդի բարձունք

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ապրիլ 24-ին է նշվում, քանի որ 1915-ի այդ օրը Պոլսի հայ մտավորականությանը Հայդարփաշա երկաթուղային կայարանից ուղարկեցին մահվան ճամփորդության: Այդպես սկսվեց Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի տեղահանման և բնաջնջման հրեշավոր ծրագիրը:

1920-ին և Հայաստանի խորհրդայնացման առաջին տարիներին եկեղեցիներում հիշատակվում էր Ապրիլ 24-ը, իսկ հետագայում` մինչև 1965թ. զարթոնքը, 1915 թվականը պաշտոնապես կամ հասարակական լայն շրջանակներում չէր նշվում: Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը որպես հարազատների ու մերձավորների հիշատակի օր հիշվում էր ընտանիքների ներսում միայն:

Առաջինը երգիծաբան Երվանդ Օտյանն է Պոլսի «Ժամանակ» օրաթերթում 1919-ին առաջարկել անմեղ զոհերի համար հիշատակի հատուկ օր ընդունել և ոգեկոչել այդ օրը: Իսկ գրող, Վաղարշապատի դպրոցների տեսուչ Վրթանես Փափազյանը 1920-ին նամակով դիմել է Գևորգ Ե Ամենայն հայոց կաթողիկոսին՝ առաջարկելով ապրիլի 24-ը հայտարարել Նահատակների օր ի հիշատակ հայ մտավորականների, որոնք 1915թ. ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը ձերբակալվեցին Պոլսում և Հայդարփաշա կայարանից տարվեցին դեպի Այաշ, Չանղըրը և մյուս սպանդանոցներ:

Մինչև Օտյանի նախաձեռնությունը Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչումներ տեղի են ունեցել Դամասկոսում, Հալեպում և Բաղդադում:

1918թ. հոկտեմբերի 28-ին Դամասկոսի առաջնորդանիստ վանքում և հայկական գերեզմանատանը, մասնակցությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի և շուրջ 5000 հայության, կազմակերպվել է 1915-ի առաջին սգահանդեսը:

Երկու ամիս անց՝ 1919թ. հունվարի 20-ին, սգահանդես է կազմակերպվում Հալեպում, որին մասնակցում են մի քանի տասնյակ հազար հայ տարագիրներ։ Թափորը Շոպենի մահերգի հնչյունների ներքո Քառասուն Մանկանց եկեղեցուց ճանապարհ է ընկնում դեպի հայկական գերեզմանատուն։ Մինչև 1965-ի երևանյան դեպքերը Հալեպի սգահանդեսը ամենամարդաշատն էր, որին մասնակցեցին երեք հարանվանությունները՝ առաքելական, կաթոլիկ ու ավետարանական, երեք կուսակցությունները՝ ՀՅԴ, ՍԴՀԿ և ՌԱԿ:

1919թ. մայիսի 25-ին սգահանդես է կազմակերպվում Բաղդադի Թարգմանչաց վարժարանի սրահում՝ նվիրված Եղեռնի նահատակների և պատերազմի տարիներին ռազմաճակատներում զոհված զինվորների հիշատակին:

Հայ նշանավոր երգիծաբան Երվանդ Օտյանը, որն աքսորվել էր, սակայն հրաշքով վերապրել ու վերադարձել Պոլիս, 1918թ. դեկտեմբերին «Ժամանակ» օրաթերթում հրատարակում է «Ազգային նոր տոնը» խորագրով հոդված: Օտյանը առաջարկում է 1915-ի անմեղ զոհերի համար հիշատակի հատուկ օր ընդունել և ոգեկոչել այդ օրը:

1919թ. ապրիլի 24-ին Բերայի Հայ Ավետարանական Սուրբ Երրորդություն եկեղեցում Կ. Պոլսի Հայոց պատրիարք Զավեն արքեպիսկոպոս Տեր-Եղիայանի նախագահությամբ տեղի է ունենում սգատոն, որը նշում էր աքսորի չորրորդ տարելիցն ու պոլսահայ մտավորականության ջարդը:

Հայաստանի Հանրապետությունում Ապրիլ 24-ը նշվել է 1920-ին, երբ գրող, Վաղարշապատի դպրոցների տեսուչ Վրթանես Փափազյանը մարտի 25-ի թվակիր նամակով դիմել է Գևորգ Ե Ամենայն հայոց կաթողիկոսին, ՀՀ խորհրդարանին և կրթության նախարարին:

Մայր Աթոռում հայ կաթոլիկ և ավետարանական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը կատարում է հոգեհանգիստ, որով առաջին անգամ նշվում է Առաջին աշխարհամարտի «զոհերի հիշատակության ազգային օրը»:

Հայաստանի խորհրդայանցումից հետո՝ 1921թ հոկտեմբերի 30-ին, Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական կոնդակով Ապրիլ 24-ը մտնում է հայոց մեջ՝ «Տօն Ազգային – յիշատակ բիւրաւոր նահատակաց մերոց համաշխարհային պատերազմին»։ Կոնդակի համաձայն՝ այդ օրը Հայաստանի բոլոր եկեղեցիներում պետք է մատուցվեր պատարագ և կատարվեր հոգեհանգստի կարգ։

Մինչև քեմալականների վերջնական հաղթանակը և Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը 1923-ին հայությունը Ապրիլ 24-ը նշել է նաև Պոլսում: Այսպես, եթե Երևանում լույս տեսնող «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի 1922 թվականի ապրիլյան համարներում անդրադարձ չկա Մեծ եղեռնին, ապա Պոլսի հայկական թերթերը բավական տեղ են հատկացրել:

ՀՅԴ Պոլսի «Ճակատամարտը» օրաթերթը ընթերցողներին տեղեկացրեց, որ «համաձայն Հայրապետական կարգադրության, առաջիկա երկուշաբթի օրը` ապրիլ 24-ը, Ազգային տոն է հռչակվել ի հիշատակ մեր բյուրավոր նահատակների, նույն օրը Հայաստանի բոլոր եկեղեցիներում պիտի մատուցվի Պատարագ և կատարվի հոգեհանգիստ»: «Ըստ այս Հայրապետական հրամանի, հանձնարարում ենք նույն օրը փակել թաղի բոլոր ազգային վարժարանները և եկեղեցիներում մատուցել Սուրբ Պատարագ և կատարել հոգեհանգստյան պաշտոն ի հիշատակ նահատակների»,- գրեց «Ճակատամարտը»:

Ապրիլի 25-ի համարում «Ճակատամարտը» շարունակեց. «Երեկ կեսօրին անհամար բազմություն էր հավաքվել Շիշլիի ազգային գերեզմանատանը` հարգելու հիշատակը Ապրիլ 24 զոհերի: Դաշնակցության կողմից խոսեց Ամատունին, հնչակյանների կողմից` Սեդրակ Քառյանը: Հայ Արվեստի Տան անունից խոսեց Վահան Թեքեյանը: Նա ասաց, որ եկել ենք խոնարհվելու մեր մեծ մեռելների հիշատակին: Հայ երիտասարդության անունից խոսք ասաց Միսաք Մանուշյանը. «Ամբողջ ժողովրդի կեսը դարձել է հուղարկավորը մյուս կեսին: Մեռելներ, մեռելներ, մեռելներ` 7 տարի առաջ, 13 տարի առաջ, 27 տարի առաջ»:

Ապրիլի 24-ը Պոլսում նշվել է նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո՝ 1923-ին և 1924-ին: Ինչպես Կ. Պոլսո Հայոց պատրիարքարանը, այնպես էլ կուսակցական մամուլը շատ ավելի զգույշ էին, սակայն համեստ կերպով և առանց բարձրաձայնելու հիշել ու հիշատակել են Ապրիլ 24-ը: Մեկ տարի անց՝ 1925-ին, Ապրիլ 24-ը նշվել է Փարիզում՝ Պոլսի հայ մտավորականների նախաձեռնությամբ:

Հայոց ցեղասպանությունից փրկվածները, ովքեր ապաստան գտան Խորհրդային Հայաստանում, չէին կարող բարձրաձայնել իրենց պատուհասած ողբերգությունը, քանի որ Թուրքիայի և Խորհրդային Միության միջև հաստատվել էին բարեկամական հարաբերություններ: Հայության ընդհանուր ցավը և հավաքական հիշողությունները պարփակվել ու «կողպվել էին» առանձին ընտանիքների ներսում:

Ապրիլ 24-ը Խորհրդային Հայաստանում սկսեց նշվել միայն 1965-ից: Երկու տարի անց Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցվեց Հայոց Մեծ եղեռնի զոհերի և վերապրածների հուշահամալիրը: Այդ կառույցի թույլատվությունը Մոսկվայից ստանալու հարցում կարևոր դեր կատարեց այն ժամանակվա Խորհրդային Հայաստանի առաջնորդ Յակով Զարոբյանը:

Խորհրդային Հայաստանի մեկ այլ առաջնորդի՝ Կարեն Դեմիրճյանի ղեկավարման տարիներին, մտցվեց Ապրիլ 24-յան «Լռության րոպեն»:

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցվեց թանգարան, որը հետագայում անվանվեց թանգարան-ինստիտուտ: Թանգարանը բացվեց 1995-ի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցի օրը:

Մեկնաբանել