Էրդողանը նամակ է հղել Կ․ Պոլսի պատրիարքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ նամակ է հղել Կ. Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին։ Նամակում, մասնավորապես, ասված է․

«Աշխարհի ժողովուրդներին մեծ դառնություն պատճառած Առաջին աշխարհամարտի ծանրագույն պայմաններում մահացած օսմանյան հայերի հիշատակը հարգում եմ, նրանց թոռներին սրտանց ցավակցություններս եմ հղում»:

Էրդողանը չի խոսում հայերի կոտորածի մասին, այն դիտարկում է պատերազմի պայմաններում, այսինքն՝ պատերազմի ժամանակ զոհվել են նաև հայեր․ «Ցավալի այս ժամանակաշրջանում մահացած օսմանյան բոլոր քաղաքացիների հոգիների համար Ալլահից հանգստություն եմ խնդրում»:

Նամակում Թուրքիայի նախագահը խոսում է նաև «հայտնի շրջանակների մասին», որոնք թշնամություն են սերմանում։ Նա հավանաբար նկատի ունի Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնողներին։

***

2014թ․ ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, Էրդողանը հանդես էր եկել ուղերձով, որը կրում էր «Թուրքիայի Հանրապետության վարչապետ հարգելի Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 1915թ. իրադարձությունների վերաբերյալ ուղերձը»: Էրդողանի ուղերձը տարածվել էր յոթ լեզուներով, այդ թվում՝ արևելահայերեն և արևմտահայերեն՝ «ոչ պաշտոնական թարգմանություն» նշումով: 2014-ին առաջին անգամ էր, երբ Թուրքիայի ղեկավարը ապրիլի 24-ի նախօրեին հանդես էր գալիս ուղերձով:

Մեկնաբանել