Այլ թուրքեր

1915-ին Օսմանյան կայսրությունում եղել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք, վտանգելով իրենց և հարազատների կյանքը, հրաժարվել են կատարել Թալեաթի, Էնվերի և երիտթուրք մյուս ոճրագործների հրեշավոր ծրագիրը։

Նրանցից ամենաողբերգական ճակատագրին արժանացավ Մուսթաֆա աղա Ազիզօղլուն՝ Մալաթիայի քաղաքագլուխը: Չնայած նա չկարողացավ կանխել հայերի բռնագաղթն ու զանգվածային սպանդը՝ նրան այդուհանդերձ հաջողվեց մի քանի հայերի թաքցնել իր տանը:

Ազիզօղլուին սպանեց որդին՝ «Իթթիհատ վե Թերաքքի» կուսակցության մոլեռանդ ու եռանդուն անդամը՝ «գյավուրների (անհավատների) մասին հոգ տանելու» համար:

Ողբերգական էր Դիարբեքիրի Լիջե քաղաքի քաղաքապետ Հյուսեյին Նեսիմի բեյի ճակատագիրը: Մինչ Դիարբեքիրի կառավարիչ Ռեշիտ բեյը անողոքաբար բնաջնջում էր հայերին հենց իր քաղաքի սահմանների մոտակայքում, Հյուսեյին Նեսիմի բեյը պաշտպանում էր Լիջեի շուրջ վեց հազարանոց հայկական համայնքին:

Տեղեկանալով այդ մասին, Ռեշիտ բեյը իր մոտ՝ Դիարբեքիր է կանչում նրան, իբր հանդիպման, բայց կարգադրում է, որ ճանապարհին իր չերքեզ պահակներից մեկը՝ Հարունը, սպանի նրան: 1915 թվականի հունիսին Հարունը սպանում է Հուսեյինին և դիակը գցում փոսի մեջ: Այդ օրվանից սպանության վայրը կոչվում է քաղաքապետի դամբարան:

Հալեպի, ապա և Կոնիայի կառավարիչ Ջելալ բեյը հստակ գիտեր, թե ինչ է սպասվում հայերին դեպի Դեր Զոր բռնագաղթի ճանապարհին: «Իթթիհատի» առաջնորդներին նա փորձել էր համոզել, որ կայսրության արևելյան հայահոծ շրջաններում կամ Հալեպում հայերի կողմից ապստամբության փորձեր չկան և զանգվածային բռնագաղթը այդ վայրերից արդարացված չի կարող լինել:

Ջելալ բեյին ազատեցին Հալեպում իր զբաղեցրած պաշտոնից և տեղափոխեցին Կոնիա: Այնտեղ նա հրաժարվեց կատարել հայերին բռնագաղթի ենթարկելու Թալեաթի հրամանները և փորձեց պաշտպանել մի խումբ հայերի, որոնք կայսրության այլ շրջաններից Կոնիա էին հասել: Մինչև Կոնիայի կառավարչի պաշտոնից ազատելու հրամանը (1915-ի հոկտեմբեր) նրան հաջողվել էր փրկել շատ հայերի:

Իր հուշերում Ջելալ բեյը գրել է. «Ես նման եմ մի մարդու, որը նստած է գետի ափին՝ առանց որևէ հնարավորության փրկելու որևէ մեկին: Արյունը հոսում էր՝ գետն ի վար տանելով իր հետ հազարավոր անմեղ երեխաների, անբասիր ծերունիների և անօգնական կանանց: Ում որ կարող էի փրկել, ես փրկեցի, մնացյալները գետն ի վար գնացին անվերադարձ»:

Քյոթահիայի կառավարիչ Ֆայիք Ալի Օզանսոյ բեյը հրաժարվեց կատարել Ստամբուլից եկած կարգադրությունները: Հակառակը՝ իր ենթականերին հրամայեց լավ վերաբերվել այլ շրջաններից Քյոթահիայում ապաստանած հայերին: Նրան շուտով Ստամբուլ կանչեցին՝ բացատրություններ տալու և հասկացնալու, որ պարտավոր է ենթարկվել կարգադրություններին:

Ֆայիք Ալի Օզանսոյ բեյի բացակայությունից օգտվելով՝ Քյոթահիայի ոստիկանապետ Քեմալ բեյը սպառնաց հայերին, ասելով, որ տեղահանությունից ազատվելու համար նրանք պետք է կրոնափոխ լինեն: Հայերը համաձայնեցին մահմեդական դառնալ: Երբ Ֆայիք Ալի բեյը վերադարձավ, ոստիկանապետին ազատեց պաշտոնից: Ապա հայերին ասաց, որ ազատ են կրկին դավանափոխ լինելու:

Ֆայիք Ալի բեյի եղբայրը՝ Սուլեյման Նազիֆ բեյը, ազդեցիկ անձնավորություն և ճանաչված պոետ էր: Նա եղբորը խորհուրդ էր տվել չմասնակցել բարբարոսությանը եւ չարատավորել ընտանիքի անունը:

Անկարայի վալի (կառավարիչ) Հասան Մազհար բեյը պաշտպանեց տեղի հայերին և հրաժարվեց կատարել Ստամբուլից եկած հրահանգը՝ տեղահանել հայությանը։

«Ես վալի եմ և ոչ՝ ավազակ։ Չեմ կարող անել դա։ Թող ուրիշ մեկը գա, նստի իմ աթոռին և կատարի այդ հրամանները»,- հայտարարեց Հասան Մազհար բեյը։

1915 թվականի օգոստոսին նրան հեռացրին պաշտոնից։

Անհնազանդ այլ թուրք պաշտոնյաների շարքում, որոնք հրաժարվեցին կատարել Թալեաթի հրամանը, պետք է հիշել Քասթեմոնի կառավարիչ Ռեշիտ փաշային, Էրզրումի կառավարիչ Թահսին բեյին, Բասրայի կառավարիչ Ֆերիթ բեյին եւ Յոզղատի շրջանային կառավարիչ Մեհմեդ Ջեմալ բեյին, Բաթմանի շրջանային կառավարիչ Սաբիթ բեյին։ 

Այս թուրքերը ազատվեցին իրենց պաշտոններից և փոխարինվեցին առավել հնազանդներով, որոնք ի կատար ածեցին հայերին բնաջնջելու հրեշավոր ծրագրերը: 

Լուսանկարում՝ Քյոթահիայի կառավարիչ Ֆայիք Ալի Օզանսոյ բեյը