Հայաստանի քաղաքացին հաղթահարել է վախը

Հայաստանում Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից անցել է երկու տարի:

Արդեն միանշանակ կարելի է ասել, որ երկրում այլևս չկա հետհեղափոխական էյֆորիա և պաթոս: Հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքով գալիք տնտեսական հարվածներն ու սոցիալական դժգոհությունները՝ կարելի է ասել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու թիմին դժվար կլինի հենվել «ուղիղ ժողովրդավարության» վրա, այն է՝ մարդկանց փողոց դուրս բերելով հարցեր լուծել:

Կորոնավիրուսից առաջ դա դեռ հնարավոր էր, և հանրաքվեի սկսված արշավը բավականին տպավորիչ էր: Սյունիքի մարզում հազարավոր մարդիկ դուրս էին գալիս փողոց և աջակցում Փաշինյանին:

Անշուշտ, չի կարելի ասել, որ Փաշինյանի և թիմի վարկանիշը աղետալի անկում է ապրել: Բայց անկումը անխուսափելի է մի երկրում, որտեղ չկա ձևավորված միջին խավ, իսկ բնակչության մեկ երրորդը աղքատ է:

Այս իրողությունը, թվում է, ծանոթ է նաև իշխանություններին: Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ու նրանց քաղաքական շրջապատի վերադարձի սպառնալիքով խոսելու Փաշինյանի ու թիմի մարտավարությունը խոսում է հենց այդ իրականությունը գիտակցելու մասին:

Հայաստանում հեղափոխությունը հաղթանակեց Սերժին մերժելու մարտավարության հենքով: Անշուշտ, Փաշինյանի վճռականությունը, հավատը, մինչև վերջ գնալու մղումը, ժողովրդի առաջին շարքում և առաջին գծի վրա կանգնելը ունեցան վճռական նշանակություն և նրա նկատմամբ, օրերի ու շաբաթների ընթացքում ձևավորվեց համաժողովրդական վստահություն և համակրանք:

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ նման կամ մոտ իրավիճակ արձանագրվել է 1991-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը 83 տոկոս քվեով ընտրվեց նախագահ:

Ընտրվելուց մեկ տարի անց արդեն Տեր-Պետրոսյանը կորցրել էր 83 տոկոս քվեների առնվազն կեսը, ինչի հետևանքը գլխավորապես տնտեսական աղետալի իրավիճակն էր, որ պայմանավորված չէր Տեր-Պետրոսյանով․ պատերազմ էր, շրջափակում:

Ի տարբերություն Փաշինյանի, որի քաղաքականության հիմքում և առանցքում պոպուլիզմն է, Տեր-Պետրոսյանը առաջնորդվում էր սառը հաշվարկներով ու պրագմատիզմով, մի բան, որ այդ դժվար ժամանակներում հաճո չէր բնակչության մի ստվար հատվածի ականջին:

1998-99-ին քաղաքականություն վերադարձավ Կարեն Դեմիրճյանը իր հետ բերելով խորհրդային տարիների կարոտախտը: Դեմիրճյանի հանդեպ համակրանքը մի քանի հիմնավորում ուներ. Խորհրդային Միության ժամանակները դեռ մոտ էին, անցել էր ընդամենը տասը տարի, ժողովրդի մի հատված կարոտով էր հիշում կայուն աշխատանքը, համեմատաբար անհոգ կյանքն ու սոցիալական որոշակի բարեկեցությունը: Երկրորդ, կար անվստահություն նախկին իշխանությունների հանդեպ, և Դեմիրճյանը անդադար կրկնում էր, որ գալիս է ժողովրդին փոսից հանելու:

Փաշինյանի և նրա թիմի՝ նախկինների վերադարձով ժողովրդին վախեցնելու մարտավարությունը չի աշխատելու, քանի որ նույն ժողովուրդը Փաշինյանի և թիմի հետ երկու տարի առաջ այս օրերին հաղթահարել է վախը

Փաշինյանի և նրա թիմի՝ նախկինների վերադարձով ժողովրդին վախեցնելու մարտավարությունը չի աշխատելու, քանի որ նույն ժողովուրդը Փաշինյանի և թիմի հետ երկու տարի առաջ այս օրերին հաղթահարել է վախը: Հայաստանում այսօր առաջին հերթին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են վախեցածները:

Հայաստանի անկախության ոչ երկար պատմության յուրահատկություններից մեկն այն է, որ նախկին իշխանությունները այլևս չեն վերադառնում: Ճիշտ է, պատճառաբանությունները տարբեր են, այդ թվում և առաջին հերթին՝ օրվա իշխանության ընտրակեղծարարությունը, բայց նախկինները, որպես ամբողջական թիմ, երբեք չեն վերադարձել:

1918-1920 թթ․ Հայաստանի Հանրապետությունը կառավարած ՀՅԴ-ն չի վերադարձել: Լավագույն դեպքում եղել է կոալիցիայի մաս: Այս կուսակցության լավագույն արդյունքը եղել է խորհրդարանական ընտրությունների 13 տոկոսը:

Յոթ տասնամյակ Խորհրդային Հայաստանը ղեկավարած Կոմկուսը, կարելի է ասել, անվերադարձ հեռացել է հայ քաղաքական բեմից:

Լևոն Տեր-Պետրոսյանն ու թիմը իշխանությունից հեռանալուց հետո չեն կարողացել վերադառնալ:

Ռոբերտ Քոչարյանը, թվում է, կցանկանար իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցելուց հետո տասը տարի անց վերադառնալ, բայց չհաջողվեց:

Հայաստանի կողմից մերժված Սերժ Սարգսյանը դժվար կարողանա վերադառնալ:

Խորհրդարանական հաջորդ ընտրություններում հիմնական պայքարը ծավալվելու է Նիկոլ Փաշինյանի և մի ուժի միջև, որը, գուցե, դեռ չի ձևավորվել: Փաշինյանի մրցակիցը չի կարող լինել մերժված Սերժը, գրեթե նույն վարկանիշն ունեցող Քոչարյանը կամ երկուսը միասին:

Հայաստանի ներքաղաքական պայքարի ոչ երկար պատմությունը հուշում է, որ ընտրությունների նախօրեին ձևավորվում են կուսակցություններ կամ դաշինքներ, որոնք մարտահրավեր են նետում գործող իշխանությանը:

1996-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնական մրցակիցը Վազգեն Մանուկյանն էր ու նրա շուրջ ձևավորված դաշինքը:

1998-ին Ռոբերտ Քոչարյանի հիմնական մրցակիցը Կարեն Դեմիրճյանն էր: Մեկ տարի անց Քոչարյանը կանգնեց Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի Միասնության առջև:

2003-2004-ին Ստեփան Դեմիրճյանը կարողացավ Քոչարյանի դեմ փողոց հանել տասնյակ հազարավոր մարդկանց:

2007-2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանը շռնդալից վերադարձավ քաղաքականություն, և Սերժ Սարգսյանին հաջողվեց Բաղրամյան-26 հասնել Մարտի 1-ի ճանապարհով:

2013-ին Րաֆֆի Հովհաննիսյանին հետևում էր Հայաստանի բնակչության մեծամասնությունը:

Այնպես որ, հաջորդ համապետական ընտրություններին դեռ բավարար ժամանակ կա, որպեսզի Փաշինյանից ու թիմից դժգոհողները աջակցեն մի ուժի, որի անունը կլսենք երկու-երեք տարի հետո:

Թաթուլ Հակոբյան

Մեկնաբանել