Կյանքը` հավասար պայմաններում․ սահմանափակ հնարավորություններով մարդիկ՝ Ֆինլանդիայում

Համարվում է, որ պետության զարգացման մակարդակը որոշվում է նրանով, թե ինչպիսին է նրա հարաբերությունները օգնության կարիք ունեցող քաղաքացիների` երեխաների, ծերերի, հաշմանդամների հանդեպ: 2018-ի գարնանը ՄԱԿ-ը Ֆինլանդիան ճանաչեց որպես ամենաերջանիկ և ամենաբարեկեցիկ երկիրն աշխարհում:

Սուոմիում, iնչպես ֆիններն են իրենց երկիրն անվանում, հաշմանդամ մարդիկ, այդ թվում` մտավոր, հետևում են հասարակական կանոններին, ընդունում են որոշումներ իրենց կյանքի վերաբերյալ և չեն վախենում լինել նկատելի: Եվ թեկուզ կան չլուծված հարցեր, արդյունքները, որոնց Ֆինլանդիան հասել է հաշմանդամություն ունեցող մարդկանց օգնության հարցում, արժանի են հիացմունքի:

Լինել ինքնուրույն

2016-ի հունիսին Ֆինլանդիան վավերացրեց ՄԱԿ-ի հաշմանդամների իրավունքների մասին միջազգային կոնվենցիան: Կոնվենցիայի հիմնական դրույթներն են խտրականության անթույլատրելիությունը, հավասար հնարավորությունները, ինտեգրումը հասարակության մեջ: Կոնվենցիային միացող յուրաքանչյուր երկիր ինքնուրույն ընդունում է օրենքներ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների ապահովման համար և հետևողական է դրանց իրականացմանը:

Կոնվենցիայի վերանայումից առաջ Ֆինլանդիայում հաշմանդամ մարդկանց օգնության պլանում եղել է, թե ինչով հպարտանալ: Օրինակ` «մատչելի միջավայրով»: Սահմանափակ հնարավորություններով մարդիկ փակված չեն չորս պատի մեջ՝ իրենց բակում կամ համայնքում: Նրանք շրջում են, ուզում են աշխատանքի գնալ, գնումների, հանդիպում են ընկերների հետ և ճանապարհորդում են:

Քաղաքային ենթակառուցվածքները հարմարեցված են այնպես, որ սահմանափակ կարողություններով յուրաքանչյուր անձ իրեն հարմարավետ զգա, կարողանա շրջել առանց կողմնակի օգնության: Հարմարավետ թեքահարթակները, վերելակները, հարմարեցված սանհանգույցները վաղուց նորություն չեն, այլ ցանկացած հանրային շենքում պահպանվող չափանիշեր են:

Ֆինլանդիայի գրեթե բոլոր հյուրանոցներում կան համարներ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար` լայն միջանցքներով, պարիսպներով և լոգարանում` հատուկ նստատեղով: Թանգարանները առաջարկում են ծրագրեր հենաշարժողական խնդիրներ ունեցողներին և թույլ տեսնողներին: Նույնիսկ 40 մետր բարձրություն ունեցող հելսինկյան հայտնի ատրակցիոնը նախագծված է այնպես, որ հնարավոր լինի առանց խնդիր պտտվել հաշմանդամի սայլակով:

Հատուկ կարիքներ ունեցող մարդկանց օգնելը չի ավարտվում քաղաքային միջավայրի հասանելիությամբ: Ամեն մարդ իրավունք ունի որոշել, թե ինչպես ապրել և ինչով զբաղվել, ինչպես լինել հասարակության լիարժեք անդամ: Այս ամենի մեջ հոգեբանական օգնություն է անհրաժեշտ մարդկանց: Եթե Հայաստանում այս մարդկանց սոցիալականացման հարցերով առավելապես զբաղվում են բարեգործական կազմակերպություններ ու միջազգային կազմակերպություններ, ապա Ֆինլանդիայում այդ պարտականությունը դեռ 20 տարի առաջ իրենց վրա վերցրել են քաղաքապետարանները:

Ֆինլանդիայի վարչական շրջաններից եկում՝ Հարավային Կարելիայում, օրինակ, բացվեցին զարգացման առանձնահատկություններ ունեցող մարդկանց առաջին սոցիալական կենտրոնները: Այդպիսի կենտրոնների գլխավոր խնդիրն է մարդկանց սովորեցնել ինքնուրույն ապրել:

Օրինակ` «Վիլլա Կարելիան» վայր է, որտեղ ապրում են ծանր հաշմանդամություն ունեցող մարդիկ: Հրահանգիչները սովորեցնում են նրանց կատարել կենցաղային պարզ պարտականություններ՝ օգնել խոհանոցում, լվացք անել, մաքրություն անել:

Կենտրոնի մշտաբնակները ստանում են ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ հմտությունները: Բարեկամները, որոնք հարազատներին այցելության են գալիս, զարմանում են. մարդը տանը ոչինչ չէր անում, իսկ այստեղ առանց հսկողության ինքնուրույն հաճույքով լվանում է ամանները և հարդարում անկողինը: Ամենօրյա զբաղվածության պլանը ոչ միայն լվացք է և մաքրություն: Այստեղի բնակիչներն ունեն անհատական թատրոն, անցկացվում են էքսկուրսիաներ: Ծրագրերը և սոցիալական կենտրոնների պայմանները տարբերվում են ըստ մշտաբնակների կարիքների:

Ֆինլանդիայի սոցիալական բոլոր կենտրոններում մարդիկ ապրում են միմյանցից առանձին, ամեն մեկը` իր առանձին մոտ 25 քառակուսի մետր մակերես ունեցող սեփական բնակարանում: Կահույքը, հարմարանքները, անկողնային պարագաները բնակիչը գնում է անձամբ` իր ճաշակով: Ցանկության դեպքում նա կարող է ունենալ հեռուստացույց, համակարգիչ, երաժշտական կենտրոն կամ հարվածային գործիքներ. որևէ սահմանափակում չկա: Բնակարանը սեփական տարածություն է և ոչ ոք չի կարող մուտք գործել առանց թակելու:

Բայցևայնպես, բնակիչները մոռացված չեն: Ամեն մեկը ստանում է անհրաժեշտ ծավալով օգնություն: Ոմանց մոտ մասնագետը գտնվում է գրեթե անընդհատ, իսկ ոմանց մոտ ներս է մտնում շաբաթը մեկ` իմանալու, թե ինչպես են գործերը: Սա միայնակ ապրելու փորձ է, սոցիալական հարմարեցման կարևոր մասը: Սոցիալական բնակարաններում ապրելը անվճար չէ: Վարձակալության արժեքը տատանվում է ամիսը 500-600 եվրոյի սահմաններում: Գումարի մոտ 80 տոկոսը վճարում է պետությունը, 20 տոկոսը` ինքը՝ վարձակալն իր կենսաթոշակից: Այդպես սոցիալական կենտրոնի անդամը վճարում է էլեկտրամատակարարման, բուժման, գնումների համար: Ի դեպ, միջին կենսաթոշակը մոտ 1000 եվրո է կամ մի քիչ ավելի:

Դեռ 20 տարի առաջ մտավոր զարգացման խանգարումներով ֆիների մեծամասնությունն ապրում էր ինտերնատներում: Այդպիսի հաստատությունների գլխավոր խնդիրն այն է, որ մարդիկ այնտեղ փակ են շրջապատող աշխարհից, նրանք կարծես գոյություն չունեն դրսի աշխարհի համար:

1990-ականներին հոգեբանները սկսեցին քննարկել այս հարցը, որ մեկուսացումն անիմաստ է, որ փակ հաստատություններում մարդը չի ապրում, այլ գոյատևում է, աստիճանաբար կորցնում է նույնիսկ այն հմտությունները, որոնք նրա մոտ կային այնտեղ ընդունվելիս: Ֆինլանդիայի իշխանությունները լսեցին մասնագետների կարծիքը:

2010-ին երկրի խորհրդարանը հաստատեց մտավոր զարգացման խանգարումով մարդկանց անհատական բնակարանով ապահովելու ծրագիրը:

Տարբեր տվյալներով այսօր այդ բնակարաններում 500-ից 2000 մարդ է ապրում: Մնացածը, մոտ 30 հազարի հոգի, իրավունք ունի ընտրել բնակության վայր՝ մնալ ծնողների հետ, ապրել սոցիալական կենտրոնի բնակարանում, թե վարձակալել բնակարան:

Գտնել աշխատանք

Սոցիալական կենտրոններում և ամենօրյա այցի կենտրոններում մտավոր զարգացման խանգարումներով մարդկանց օգնում են գտնել հետաքրքիր զբաղմունք, յուրացնել արհեստներ: Աշխատանքը նույնպես անհրաժեշտ բաղկացուցիչ է սոցիալական ինտեգրման համար: Այն հնարավորություն է տալիս մարդուն զարգանալ, իրեն զգալ հասարակության լիարժեք անդամ, այլ ոչ թե անպիտան:

Սոցիալական կենտրոններին կից կան արհեստանոցներ: Այնտեղ զբաղվում են նրանք, ովքեր չեն կարող, չեն ցանկանում կամ դեռևս չեն գտել աշխատանք կենտրոններից դուրս: Արհեստանոցներում աշխատում են օրական միջինը հինգ ժամ: Զբաղվում են օրինակ, գորգագործությամբ կամ ձուկ որսալու համար ցանցեր պատրաստելով:

Իհարկե սոցիալական կենտրոնների շատ անդամների համար աշխատանքը արհեստանոցներում նրանց երազանքների սահմանագիծը չէ: Հրահանգիչները նրանց համար քաղաքում փնտրում են համապատասխան աշխատատեղեր` արտադրությունում, շինարարությունում, հասարակական սննդի ոլորտում:

«Պերտի Կուրիկա» ռոք խումբըՉլռել․ «Պերտի Կուրիկա»

Որքանո՞վ է պետական քաղաքականությունը օգնել փոխելու ֆիննական հասարակության մեջ հաշմանդամների դիրքը:

Հավանաբար ամենավառ օրինակը «Պերտի Կուրիկա» ռոք խումբն էր: 2015-ին քառյակը հաղթող ճանաչվեց Եվրատեսիլ մրցույթի ազգային որակավորման փուլում: Նրա համար քվեարկեց ֆին հեռուստադիտողների մեծամասնությունը: Եվ նրանց այնքան չշփոթեցրեց փաստը, որ խմբի բոլոր մասնակիցները այս կամ այն ձևի հաշմանդամություն ունեցող մարդիկ էին: «Պերտի Կուրիկա»-ի ղեկավարն ունի մանկական ուղեղային կաթված, վոկալիստ Կարի Աալտոն` աուտիզմ, իսկ բաս-կիթառահար Սամի Հելթեն և թմբկահար Տոնի Վիալիտոն՝ Դաունի համախտանիշ: Թեկուզ եզրափակիչ փուլ խումբը չանցավ, այն երգի մրցույթի ամենաքննարկված մասնակիցներն էին: Իսկ գլխավորը` ֆիննական պանկերին հաջողվեց բարձր և ամբողջ աշխարհի առաջ հայտարարել. «Մենք կանք և մենք այնպիսին ենք, ինչպիսին որ դուք եք»:

Ի դեպ, երաժշտական այս խմբի մասին ֆին ռեժիսորներ Յուկա Կարկայնեն և Յանի Պետերի Պասին նկարահանեցին վավերագրական ֆիլմ. «Պանկի համախտանիշ»:

Տաթևիկ Ղահրամանյան

Լուսանկարում՝ հաշմանդամ վետերանների ձմեռային մարզաձևերի մրցույթ Ֆինլանդիայում, 2015։ (Photo credit: Militarytimes.com)

Մեկնաբանել