Ինչու էր Արցախը հրաժարվում Հռոմի 1992թ․ բանակցություններից

Թեհրանի միջնորդության ձախողումից հետո մի քանի երկրներ և կազմակերպություններ փորձ արեցին հասնել կրակի ժամանակավոր դադարեցմանը: Հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը նկատում է, որ մի քանի միջնորդությունների պայմաններում, հատկապես երբ դրանց միջև կար մրցակցություն, գործընթացն ակտիվանում էր: «ԵԱՀԽ-ից բացի, բազմաթիվ միջնորդություններ կային, և բանակցային գործընթացներ էին գնում մի քանի ուղղություններով: Ռուսաստանը միանգամից երկու միջնորդություն էր իրականացնում` արտգործնախարարության և պաշտպանության նախարարության միջոցով, որոնք, մեղմ ասած, նույնը չէին: Ղազախստանի միջնորդությունը կար, բացի այդ կային երկկողմ շփումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

1992թ. հունիսի 1-5-ը Հռոմում տեղի է ունենում Մինսկի խմբի անդամ պետությունների նիստ, որը նպատակ ուներ ճանապարհ հարթել դեպի Մինսկի խորհրդաժողով: Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները (Քրիստիան Տեր-Ստեփանյան` ԱԳՆ Եվրոպայի բաժնի պատասխանատու, Ժիրայր Լիպարիտյան` Հայաստանի նախագահի խորհրդական, Սուրեն Զոլյան` Գերագույն խորհրդի Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի քարտուղար) մեկնում են Հռոմ, մինչդեռ ղարաբաղյան կողմը հրաժարվում է մասնակցել նիստին:

Հունիսի կեսերին Մոսկվայում Իտալիայի դեսպանատանը Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելլին ընդունում է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատվիրակությանը` նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի գլխավորությամբ: Նպատակը մեկն էր. համոզել ղարաբաղյան պատվիրակությանը` մասնակցելու Հռոմի հաջորդ նիստ(եր)ին: Գերագույն խորհրդի լրատվական ծառայության ղեկավար Գեղամ Բաղդասարյանը մասնակցել և գրառել է այդ հանդիպման խոսակցությունը:

Գեորգի Պետրոսյան– Առաջին բանը, որ տարակուսանքի տեղիք է տալիս, հրավերի տոնն է: Մեզ մի քանի տեքստ են ուղարկել, որոնցում մեզ դիտարկում են որպես դիտորդ, համայնքի ներկայացուցիչ կամ էլ` ընտրված ներկայացուցիչներ: Ահա այստեղից էլ սկսվում է միմյանց չհասկանալը, թյուրըմբռնումը: ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատներից ստացած հեռագրերը փոքր ինչ տարբերվում են իրարից: Մենք պետություն ենք կառուցում, խորհրդարան ենք ստեղծել, մենք այսօր պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ, որն ագրեսոր է, մենք չենք կարող ներկայանալ որպես համայնք: Ադրբեջանական փոքրամասնության համար տեղ ենք հատկացրել մեր խորհրդարանում: Ադրբեջանցիները չմասնակցեցին ընտրություններին և իրենց բնակավայրերը վերածեցին ռազմական հենակետերի, և մենք ստիպված էինք զենքի դիմել` պաշտպանելու մեր հողն ու պատիվը:

Մարիո Ռաֆայելլի– Ղարաբաղի հարցով խորհրդաժողովը կազմված է 11 երկրների ներկայացուցիչներից, որոնց հետ պայմանավորվածությամբ որոշվել է հրավիրել ԼՂ ընտրված ներկայացուցիչներին: Մենք չենք կարող ձեզ հրավիրել ուրիշ պետությունների նման: Փաստը, որ ես հիմա հանդիպում եմ ընտրված ներկայացուցիչների հետ, արդեն իսկ նշանակում է, որ ես ճանաչում եմ նրանց, բայց սա ինքնաբերաբար չի նշանակում, որ ես ձեզ միջազգային կարգավիճակ եմ տալիս: Դուք կհրավիրվեք որպես շահագրգիռ կողմ: Լիագումար նիստ կլինի խորհրդաժողովի բացման և փակման ժամանակ: Ձեր ներկայությունը կազդի աշխատանքների ընթացքի վրա, առաջարկություններ կանեք նախագահողի միջոցով: Դուք կարող եք նստել իմ կողքին:

Գեորգի Պետրոսյան– Մենք հակամարտությունը չենք ընկալում որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախում: Դա հակամարտություն է ազատության ձգտող ԼՂ-ի և ագրեսոր Ադրբեջանի միջև: Էլ չեմ խոսում շրջափակման մասին, որը նույնպես պատերազմական միջոց է, չեմ խոսում մեր ավերված գյուղերի, մեր զոհերի մասին: Մեր հանրաքվեից հետո մենք չենք կարող որպես դիտորդ կամ համայնքի ներկայացուցիչներ ներկայանալ խորհրդաժողովին:

Մարիո Ռաֆայելլի– Եթե բացակայեք, ապա ձեզ կմեղադրեն, որ դուք ուզում եք խոչընդոտել բանակցային գործընթացը: Հետևանքները վատ կլինեն: Ինձ թվում է, որ ապագա հանդիպումը կարելի է օգտագործել նաև խորհրդաժողովը հնարավոր դարձնելու և ձեր խնդիրները ներկայացնելու համար: Լաչինի և Շուշիի գրավումն ու միջանցքի բացումը պայթյունավտանգ վիճակ են ստեղծել: Ադրբեջանական և թուրքական կողմերը դա օգտագործում են ասելու, որ խորհրդաժողով պետք չէ և որ պետք է նախկին վիճակին վերադառնալ: Երբ միջանցք չկար, մենք Աղդամում էինք` ռումբերի տակ: Ես կուզեի հստակ իմանալ` դուք կարող եք մանակցել, եթե ընդունեն անկախ պետության ձեր կարգավիճա՞կը:

Գեորգի Պետրոսյան– Մենք իրավունք ունենք վճռորոշ դեր խաղալ մեր ժողովրդի ճակատագրի որոշման հարցում: Այս պահին ես չեմ խոսում պետականության ճանաչման մասին:

Մարիո Ռաֆայելլի– Ուրեմն` երբ ասում եք շահագրգիռ կողմ…

Գեորգի Պետրոսյան– Մենք պատերազմող կողմ ենք: Հայաստանն է շահագրգիռ կողմ:

Մարիո Ռաֆայելլի– Ձեր և ԼՂ ադրբեջանցիների հրավերները համապատասխանում են ընդունված փաստաթղթին, որով ես ստացել եմ իմ լիազորությունները: Դա մարտի 24-ին էր: ԵԱՀԽ նախարարների խորհուրդը, բոլոր նախարարները համաձայն են, որ խորհրդաժողովն ունենա 11 անդամ երկիր, և որ ԼՂ ընտրված և այլ ներկայացուցիչները նախագահողի կողմից հրավիրվեն որպես շահագրգիռ կողմեր: Այս մոտեցումն է տարբերում ձեզ ԼՂ-ի ադրբեջանցիներից, որովհետև ընտրված ներկայացուցիչները միայն դուք եք: Հենց այս տարբերակումն էլ ընդգծում է, որ դուք ունեք հստակ կարգավիճակ: Ասել ընտրված ներակայացուցիչներ, նշանակում է ընդունել, որ եղել են ընտրություններ: Միջազգային իրավունքի տեսանկյունից դա ինքնաբերաբար ենթադրում է, որ ընտրությունները նոր պետության ստեղծման հետևանք են: Մեր առաջարկները համահունչ են ձեր դիրքորոշմանը: Միակ բանը, որ չենք կարող անել, դա ձեզ որպես անկախ պետության ներկայացուցիչներ հրավիրելն է: Ձեր երկիրը միջազգային ճանաչում չի ստացել: Եթե չմասնակցեք, ձեր ձայնը չի լսվի, և այն կներկայացնի Հայաստանը, ինչը ճիշտ չէ, ձեր հակառակորդներն անհաջողության մեղքը ձեր վրա կբարդեն:

Գեորգի Պետրոսյան– Մենք վետոյի իրավունք ունե՞նք:

Մարիո Ռաֆայելլի– Այո, բայց չի կարելի այդ մասին «աղաղակել»:

Գեորգի Պետրոսյանին հունիսի վերջերին Երևանում ընդունում է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Ստուպիշինը, ով նույնպես կարևորում է «ռազմական ջանքերը դիվանագիտության հետ զուգորդելու» անհրաժեշտությունը: «Ես ղարաբաղցիներին խորհուրդ տվեցի ակտիվորեն մասնակցել բոլոր հասանելի, այդ թվում` Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններին, և չշրխկացնել դուռը, եթե ինչ որ բան դուր չի գալիս, այլ վարժվել քրտնաջան, երկարատև, անգամ տաղտկալի աշխատանքին, բանավեճերին և չինովնիկների ու հակառակորդի ներկայացուցիչների դիվանագիտական դեմագոգիային, չտրվել սադրանքների»,- գրում է Ստուպիշինը:

Դավիթ Շահնազարյանը պատմում է. «Այո, ղարաբաղցիները բավական մեծ դժկամությամբ էին գնում Հռոմի բանակցություններին: Հիմնական պատճառն այն էր, որ 1992թ. մարտի 24-ի ԵԱՀԽ նախարարների խորհրդի ընդունած մանդատում նշված էր «ընտրված և այլ ներկայացուցիչներ» ձևակերպումը: Բայց մենք ապացուցեցինք, որ դա լուրջ չէ, որովհետև (Շուշիի քաղաքապետ) Նիզամի Բահմանովն ընտրված չէր, ի տարբերություն ԼՂ իշխանությունների: Երկրորդ` քանի որ հիմնական հարցը զինադադարի հաստատումն էր, ակնհայտ էր, որ Բահմանովը կողմ լինել չէր կարող: Հակամարտության իրական կոնֆիգուրացիան էր` երկու ռազմական և երեք քաղաքական կողմեր: Ղարաբաղցիներն այդ փաստարկները լսեցին և գնացին Հռոմ»:

Հռոմ պատվիրակություն ուղարկելու իրավասությունը Գերագույն խորհրդինն էր: Ղարաբաղյան կողմը սկզբում ի դեմս Գերագույն խորհրդի, հրաժարվում էր մասնակցել բանակցություններին և պատվիրակություն ուղարկել Հռոմ: Գերագույն խորհրդի նախագահությունը 5 «դեմ» և 4 «կողմ» ձայներով մերժել էր պատվիրակություն ուղարկելու առաջարկը: Վարչապետ Օլեգ Եսայանը հիշում է. «Կառավարությունը դիմեց Գերագույն խորհրդին` գիտակցելով, որ բանակցությունները դժվար թե արդյունքներ տան, բայց հաշվի առնելով, որ պատերազմական գործողությունների ծավալումը կարող է վերագրվել ղարաբաղյան կողմի` բանակցություններից խուսափելու հանգամանքին, կառավարությունն առաջարկեց ևս մեկ անգամ քննարկել: Գերագույն խորհուրդը 5 «կողմ» և 4 «դեմ» ձայներով որոշում ընդունեց պատվիրակություն ուղարկել Հռոմ»:

Հունիսի 15-20-ը տեղի է ունենում Հռոմի երկրորդ, իսկ հունիսի 29-ից հուլիսի 6-ը` երրորդ հանդիպումը: Ղարաբաղյան պատվիրակության ղեկավար Բորիս Առուշանյանը նկատում է, որ Ստեփանակերտի մասնակցությունը անհրաժեշտ էր մի շարք նկատառումներով. «Օրինակ, Լաչինով միջանցք բացելուց և չորս տարվա շրջափակումը ճեղքելուց հետո Հայաստանին և ԼՂ-ին մեղադրում էին ագրեսիայի մեջ: Հայաստանը հարկադրված էր միայնակ պաշտպանել մեր դատը: Հրաժարվելով Հռոմ գնալուց մենք կարծես թե կողմնակի հաստատում էինք մեր ընդդիմախոսների մեղադրանքները: Մեր ներկայությունը Հայաստանին ազատում էր շատ հոգսերից, այսինքն` հարվածների մի մասը մենք մեզ վրա ենք վերցնում` ցույց տալով, որ պատերազմ մղողը, կռվող-պայքարողը մենք ենք և ոչ թե Հայաստանը»:

Հռոմում ղարաբաղյան պատվիրակությունը տարածում է հայտարարություն` նշելով, որ Ադրբեջանի ազգային բանակի հարձակման հետևանքով ԼՂ-ում օրհասական վիճակ է ստեղծվել, հրի են մատնվել ավելի քան 20 բնակավայրեր, խաղաղ բնակչության շրջանում կան հարյուրավոր սպանվածներ և վիրավորներ, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան: «Ադրբեջանի այս ագրեսիան կատարվել է այն օրը, երբ ԼՂՀ պատվիրակությունը ժամանել է Հռոմ: Նախորդ խոշորածավալ ագրեսիան, երբ զավթվեց Շահումյանի շրջանը, և տեղահանվեց նրա բնակչությունը, Ադրբեջանը ձեռնարկել էր հունիսի 12-ին, այն օրը, երբ Մոսկվայում ԵԱՀԽ և ԼՂՀ ղեկավարները բանակցություններ էին վարում (գործընթացին) ԼՂՀ մասնակցության շուրջ: Պատվիրակությունն անհնար է համարում իր հետագա մնալը Հռոմում, երբ Ադրբեջանի ազգային բանակի ագրեսիան և բարբարոսական գործողությունները Մինսկի խումբը չի դատապարտել»:

Հռոմի բանակցությունների հինգ փուլերի ընթացքում զուգահեռ ընթանում էին արյունալի ռազմական գործողություններ: Մայիսյան պարտություններից հետո ուշքի գալով` ադրբեջանական բանակին հաջողվեց գրավել Շահումյանի ու Մարտակերտի շրջանները և Արծվաշենը ՀՀ տարածքում: Հունիսի կեսերից հետո տեղի էր ունենում Հռոմի երկրորդ հանդիպումը, երբ գրավվում են Շահումյանի շրջանն ու Մարտակերտի հյուսիսային գյուղերը: «Եթե Հռոմի առաջին հանդիպման ժամանակ ադրբեջանական պատվիրակության պահանջով օրակարգ էին մտցվել Շուշիին և Լաչինին վերաբերող կետեր, ապա հաջորդ հանդիպումների օրակարգի կետեր դարձան Շահումյանը և Մարտակերտը: Կուտակված խնդիրների լուծման և հակամարտության ծավալման կանխարգելման փոխարեն ԵԱՀԽ-ն սկսեց միայն արձագանքել ռազմաճակատի գծում կատարվող փոփոխություններին»,- ասում է Զոլյանը:

Հուլիսի 31-ից օգոստոսի 5-ը Հռոմում տեղի է ունենում չորրորդ հանդիպումը: ԼՂ ներկայացուցչի առաջին իսկ ելույթից հետո Ադրբեջանի պատվիրակությունը լքում է նիստը, նրան միանում են Թուրքիայի ներկայացուցիչները: Օգոստոսի 3-ին բանակցությունները լքում են ԼՂ ներկայացուցիչները` ի բողոք այն բանի, որ Ռաֆայելլին նրանց ներկայացրել էր ընդամենը շահագրգիռ կողմ: Հռոմի հինգերորդ հանդիպումը` սեպտեմբերի 7-10-ը, կրում էր ոչ պաշտոնական բնույթ: Այսպիսով, բանակցություններն ավարտվեցին ապարդյուն, Մինսկի խորհրդաժողով հրավիրելու փորձերը ձախողվեցին:

Իտալիան այդ հանդիպումների վրա ծախսեց մոտ 2 միլիոն դոլար, ինչն այն ժամանակներում շատ մեծ գումար էր, մանավանդ որ այս երկիրը, ի տարբերություն ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ Թուրքիայի, կենսական շահեր չէր հետապնդում ղարաբաղյան հակամարտության գոտում: Մարիո Ռաֆայելլին, ով Մոզամբիկում հակամարտության կարգավորման հարցում հասել էր նշանակալի առաջընթացի, դարձավ քննադատության թիրախ:

Հռոմի հինգ հանդիպումները, ինչպես հիշում են մասնակիցները, լի էին հետաքրքրաշարժ ու երբեմն` ծիծաղելի դեպքերով: Զոլյանը պատմում է դրանցից մեկը. «Երբ ԼՂ պատվիրակությունն առաջին անգամ ժամանեց Հռոմ, մենք դիմավորեցինք և տեղավորեցինք հյուրանոցում: Հաջորդ օրը` սուրճի ժամանակ, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Նադիր Մեհտիևին հարցրի. «Ամենուր ասում եք, որ ղարաբաղցիները ձեր քաղաքացիներն են, ինչո՞ւ գիշերը չգնացիք օդանավակայան դիմավորելու»: Նիստից առաջ նա բողոքեց, թե ինչո՞ւ կազմակերպիչները չեն տեղեկացրել, և իրենց քաղաքացիներին չեն կարողացել դիմավորել: Ավելին` ինչո՞ւ հայկական պատվիրակության հյուրանոցում են նրանց տեղավորել, այլ ոչ թե այն հյուրանոցում, որտեղ ադրբեջանցիներն են մնում»:

1992-ի ամառն ու աշունն ամենածանր ժամանակներն էին ղարաբաղյան կողմի համար ողջ պատերազմի ընթացքում: Միջնորդները փորձում էին կանգնեցնել պատերազմը կամ ժամանակավոր հրադադար հաստատել մեկ շաբաթով, մեկ ամսով, ինչքան հնարավոր կլիներ: Ռազմի դաշտում առկա վիճակն ուղղակիորեն ազդում էր բանակցային գործընթացի վրա:

ԼՂ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը հիշում է. «1992թ., երբ մենք տանուլ էինք տալիս պատերազմում, կորցնում տարածքներ, մեզ հետ ավելի քիչ էին հաշվի նստում: 1993թ., երբ ռազմի դաշտում նախաձեռնությունը մեր կողմն էր, ստեղծվում էր անվտանգության գոտին, Ադրբեջանը գնում էր երկկողմ բանակցությունների: Ռազմական և բանակցային գործընթացները զուգահեռ գործընթացներ էին, բայց մեկն ուներ իր ազդեցությունը մյուսի վրա: Մի ուշագրավ փաստ նշեմ. Ռաֆայելլին 1992թ. սեպտեմբերին, երբ փաստորեն ԼՂ տարածքի կեսն էր մնացել, ԵԱՀԽ գործող նախագահ Յոզեֆ Մորավչիկին նամակ է գրում հարց տալով` ինչպե՞ս կարելի է շարունակել բանակցությունները, երբ բանակցությունների առարկան անհետանում է»:

Հատված Թաթուլ Հակոբյանի ԿԱՆԱՉ ու Սև. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից

Մեկնաբանել