Վրաստանը գտնվում է համավարակի գագաթնակետին․ համաճարակաբան

Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն նախօրեին` ապրիլի 26-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Վրաստանը հասել է կորոնավիրուսի տարածման գագաթնակետին:

Իմնաձեն հեգնանքով ներողություն է հայցել նրանցից, ովքեր ակնկալում էին, որ այս շրջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կաճի ոչ թե տասնյակներով, այլ հազարներով:

Իմնաձեն հավելել է, որ վերջին օրերին Վրաստանում գրանցվում է նոր դեպքերի առանձնահատուկ աճ, սակայն այդ ցուցանիշները արտակարգ չեն։ Առկա վիճակագրությունը ցույց է տալիս, որ համավարակի կառավարումն արդյունավետ է։  Նա շեշտել է, որ այժմ «գլխավոր խնդիրը իրավիճակը սարավանդի վրա՝ առանց տատանումների, պահպանելն է»։

 

***

Վրաստանյան կառավարական stopcov.ge կայքի վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 496 է։ Ապաքինվել է 149 մարդ, մահացել՝ 6-ը։ Կարանտինային գոտում է 4 932 մարդ, հիվանդանոցային վերահսկողության տակ՝ 568-ը։