Մոտ 1200-ից ավելի դիմումներ են ստացվել ՓՄՁ-ներից, որոնցից 350-ը մերժվել են տարբեր պատճառներով․ այսօրվա ասուլիսին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը։
«Մերժելու հիմնական առիթը եղել է ոլորտային անհամապատասխանությունը, այսինքն՝ դիմում են ընկերությունները, որոնց աշխատանքը ներգրավված չէ մեր ծրագրում, նաև մերժվել են ոչ բարվոք հարկային պատմություն ունենալու համար, սակայն դիմումներ ստանալու դեռ վարջնաժամկետ հաստատված չէ»,- ասաց նա: Մարգարյանի խոսքով՝ մերժվածների քանակը մեկ շաբաթ առաջ ավելի մեծ էր, և ծրագրի մեջ փոփոխություններ են կատարվել, ինչի արդյունքում մերժված դիմորդների մի մասը դարձել է ծրագրի շահառու։
Բողոքարկման դեպքեր չեն ունեցել, չնայած բաց են և պատրաստ, որովհետև «հնարավոր են դեպքեր, երբ լրացուցիչ տեղեկատվությունը հնարավորություն կտա ավելի պարզ գնահատել»։
Փոխնախարարը նշեց, որ վարկ ստանալու համար առաջնահերթ դիմում են մշակող արդյունաբերության ՓՄՁ-ները, այնուհետև հանրային սնունդի և զբոսաշրջության ՓՄՁ-ները:
Նաիրա Մարգարյանը նաև հայտնեց, որ սև ցուցակում հայտնվելը կապված է վարկունակության հետ, հետևաբար սև ցուցակում հայտնված ՓՄՁ-ները չեն կարող օգտվել աջակցության ծրագրից։
Լուսինե Վարդանյան