«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրենը մեղադրվում է կաշառք տալու մեջ. փաստաբան

Ապրիլի 25-ին կալանավորվել է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը: Նրան մեղադրում են մոտ 20 մլն դոլար կաշառք տալու մեջ: 

Սեդրակ Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկացրեց, որ պատրաստվում են կալանավորման դեմ բողոք ներկայացնել Վերաքննիչ քրեական դատարան:

Փաստաբանը մանրամասնեց. «2009-2010 թվականներին Առուստամյանը փոխառությամբ, տարեկան  տոկոսով գումարներ է տրամադրել, որոնց տոկոսները չի ստացել: Ըստ նրա՝ այստեղից էլ կաշառքի կասկածը: Փաստաբանն ասաց, որ փոխառությունն արվել է բանկային փոխանցումներով, առկա են նաև բոլոր պայմանագրերը: Փոխառության պայմանագրերը 2 անգամ համաձայնագրերով երկարաձգվել են և դեռ ուժի մեջ են:

«Իրեն վերագրված մեղադրանքը բացարձակապես կապ չունի քրեաիրավական տիրույթի հետ»,- ասաց Սուքիասյանը:

Իսկ թե ում հետ է կնքվել փոխառության գործարքը՝ փաստաբանը չցանկացավ հայտնել՝ նախաքննության գաղտնիությունը չխախտելու պատճառաբանությամբ:

Ավելի վաղ՝ 2019 թվականի օգոստոսի 27-ին, Սեդրակ Առուստամյանն այս գործով որպես վկա հարցաքննվել է և ցուցմունք տվել: 

Ժաննա Ավագյան