«Շանգրի Լա» խաղատունը կարող է փակվել

Երևան-Աբովյան ավտոճանապարհին գտնվող «Շանգրի Լա» խոշոր խաղատունն առաջիկայում կարող է դադարեցնել գործունեությունը։ Այս մասին հայտնոմ է 1lurer.am-ը։ 

«Շանգրի Լա»-ին 2014-ին տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցով ֆինանսների նախարարությունում ապրիլի 15-ից սկսվել են քննարկումներ, երկու անգամ որոշման կայացումը հետաձգվել է։ Սպասվում է, որ ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը այս հարցով ապրիլի 30-ին որոշում կկայացնի։ 

«Շանգրի Լա»-ն Հայաստանի ամենախոշոր խաղատունն է և Երևանին ամենամոտը։ Խաղատուն այցելողների թվի մասին տեղեկատվություն առկա չէ, Կառավարությունը, սակայն, 2014-ին հայտնել էր, որ խաղատան կառուցման ներդրումային ծրագիրը գնահատվում է ավելի քան 150 միլիոն դոլար։ «Շանգրի Լա» խաղատունը կազմակերպող իրավաբանական անձը «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն է, որի բաժնետերերն են Գագիկ և Ջավահիր Ծառուկյանները, մոտ 3 տոկոս բաժնեմաս էլ ունի «Մուլտի Գրուպ» կոնցեռնը։ 

Ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը հայտնել է, որ վարույթի մանրամասների վերաբերյալ ոչինչ չի կարող հայտնել մինչ դրա ավարտը։