Տարվա ամփոփում, Վերջին զանգ, ընդունելություն, զորակոչ․ կարևոր կետեր՝ ԿԳՄՍ նախարարից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ուղիղ եթերում ներկայացրեց 2019-2020 ուսումնական տարին ավարտելու և 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը կազմակերպելու մասին մանրամասներ։ ՍիվիլՆեթը առանձնացրել է կարևոր կետերը։

  • Ուսումնական տարին կավարտվի հեռավար ուսուցմամբ։ Հաջորդ ուսումնական տարում՝ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, կլինեն պահուստային շաբաթ օրեր՝ բացթողումները լրացնելու համար։ Քննարկվում է նաև ուսումնական տարին մեկ շաբաթ ավելի շուտ սկսելը։
  • Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվի 4-րդ և 9-րդ դասարանների ավարտին։ Աշակերտների՝ մինչև մարտի 13-ը ունեցած և էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատականների հիման վրա կամփոփվեն նրանց տարեկան գնահատականները, որոնք համարվում են քննական և որոնց հիման վրա աշակերտները փոխադրվում են հաջորդ աստիճան։ Փոխադրական քննություններ չեն իրականացվի նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում։ Ամփոփումը տեղի կունենա նույն ձևով։
  • Դպրոցներում ավարտական 12-րդ դասարանի քննությունները չեն իրականացվի։ Ամփոփումը տեղի կունենա այնպես, ինչպես 4-րդ և 9-րդ դասարաններում։ Նախորդ տարվա դեկտեմբերին ավարտական քննություններ հանձնած աշակերտները հնարավորություն ունեն պահպանել քննության արդյունքը կամ ընտրել տարեկան գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական։ Ամփոփումները կկատարվեն և ատեստատները կտրվեն մինչև մայիսի 25-ը։
  • Քոլեջների և ուսումնարանների ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանություն և քննություններ չեն իրականցվի։ Ամփոփումը կկատարվի այնպես, ինչպես դպրոցների ավարտական դասարաններում։ Ամփոփումը և դիպլոմների հանձնումը՝ մինչև հունիսի 5-ը։
  • Բուհերում ավարտական քննութունների իրականացման ձևերը ընտրում են առանձին բուհերը իրենց ինքնավարության սահմաններում՝ պահպանելով համավարակի կանխարգելման ուղղությամբ նախատեսված ընդհանուր կանոնները և մինչև հուլիսի 1-ը գործընթացն ամփոփելու պահանջը։
  • Մեդալի քննությունները չեն իրականացվի։ Հավակնորդներին կարող է հնարավորութուն տրվել մասնակցել հաջորդ ուսումնական տարվա քննություններին։
  • Վերջին զանգը տեղի չի ունենա մայիսին։
    «Հենց որ առողջապահության նախարարության հետ միասին պայմանավորվում ենք, որ համավարակը այլևս որևէ վտանգ իրենից չի ներկայացնում, և մենք սահմանափակումների հետ խնդիր չունենք, մենք միասին որևէ օր որոշում ենք և վերջին զանգի արարողություններն ենք իրականացնում»,- նշեց նախարարը։
  • Դիմորդները բուհ ընդունվելու համար կհանձնեն մեկ քննություն։ Մինչև ապրիլի 30-ը կհայտարարվի, թե որ մասնագիտությունից որն է լինելու այդ միակ և հիմնական քննության առարկան։ Մինչև մարտի 15-ը մի քանի քննության համար հայտագրված դիմորդներին կվերադարձվի քննությունների համար վճարված գումարը՝ փոխանցման միջոցով։ Մայիսի 25-ից հնարավորություն կտրվի հայտագրվել մինչև հունիսի 15-ը։ Դիմորդները միաժամանակ կընտրեն թե՛ քննական առարկան, թե՛ բուհն ու մասնագիտությունը։
  • Մագիստրատուրայի դիմորդները կարող են դիմել հունիսի 16-30-ը, արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 5-ը։
  • Ասպիրանտուրայի ընդունելության գործընթացը առաջարկվում է իրականացնել հունիսի 16-30-ը, արդյունքներն ամփոփել մինչև հուլիսի 5-ը։ Ընդունելության գործընթացում կկասեցվի մրցույթային չհանդիսացող օտար լեզվի և տեղեկատվական հաղորդակցական հիմունքներից ստացված համապատասխան միավորը հավաստող վկայականի կամ տեղեկանքի ներկայացման պահանջը։
  • Ընդունելությունը քոլեջներում և ուսումնարաններում կկազմակերպվի օգոստոսին՝ հիմնականում ատեստատների գնահատականներով։ Բացառություն են արվեստի և առողջապահական հաստատությունները, որտեղ կիրականացվի մեկական քննություն՝ նույն սկզբունքներով, ինչ բուհերի ընդունելության դեպքում։

Նախարարի խոսքով՝ ապրիլի 30-ին կներկայացվեն ավելի մանրամասն տեղեկություններ դիմորդների համար։ Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ իրենց գործողություններում ելնում են նրանից, որ որևէ կերպ չխոչընդոտեն զորակոչը։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել