Արաբական Միացյալ Էմիրությունները 7 տոննայի բժշկական օգնություն է ուղարկել Հայաստան

Արաբական Միացյալ Էմիրությունները 7 տոննա բժշկական պարագաներով լի ինքնաթիռ է ուղարկել Հայաստան՝ աջակցելու երկրին նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում․ այս մասին հայտնում է «Արմենպրեսը»՝ հղում անելով ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությանը։ Բժշկական օգնությունից կօգտվի ավելի քան 7 հազար բուժաշխատող։

«Այս առիթով Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ Մուհամմադ Իսա ալ Կատտամ Ալ Զաաբին ասել է․ «Էմիրությունների համար պատիվ է իրականացնել իր պարտականությունը՝ օգնելու այլ երկրներին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում»։

Պարոն դեսպանը նշել է նաև․ «ԱՄԷ կառավարությունը, ժողովուրդը և բոլոր բուժաշխատողները միավորում են իրենց ջանքերը՝ հանուն այս ճգնաժամի հաղթահարման։ Մենք գիտակցում ենք, որ միջազգային հանրությունը կարող է հաղթահարել կորոնավիրուսը միայն միահամուռ ջանքերով և կառուցողական համագործակցությամբ»։

ԱՄԷ-ն մինչ օրս ավելի քան 314 տոննա օգնություն է ուղարկել 27-ից ավելի պետության, որից օգտվել է շուրջ 314 հազար բուժաշխատող»,- հաղորդում է գործակալությունը։

Մեկնաբանել