Թալիշ և Վարազաթումբ (Լելե թեփե). ինչո՞ւ և ինչպե՞ս է 800 հեկտարը չորս տարի անց դարձել 400

Ապրիլյան պատերազմում հայկական կողմի տարածքային կորուստները, ինչպես բազմիցս գրվել է 2016-ից մինչև վերջերս, եղել է շուրջ 800 հեկտար:

2016 թվականի մայիսի 14-ին և 16-ին տողերիս հեղինակը, օգտվելով տարբեր աղբյուրներից ստացված տվյալներից, երկու տարբեր հոդվածներ է հրապարակել կորուստների թեմայով, որոնք առանց փոփոխության, վերահրատարակում ենք ստորև:

Իմ հրապարակումներից հետո «Ազատություն» ռադիոկայանը, հղում կատարելով իմ երկու հոդվածներին, հարց էր ուղղել ՀՀ պաշտպանության նախարարությանը: Ի պատասխան՝ մամուլի խոսնակը հաստատել էր, որ իմ ներկայացրած տվյալները ամենամոտն են իրականությանը: Ես նշել էի, որ մեր կորուստները Թալիշում և Վարազաթմբում՝ Լելե թեփեում, միասին 700-ից 900 հեկտար է:

Հերթական անգամ, երբ 2016-ի ամռանը Արցախ մեկնեցի, Արցախի պաշտպանության բանակի նախկին զորահրամանատարներից մեկը, որը մեծ դերակատարություն էր ունեցել Ապրիլյան օրերին, ինձ պատմեց, որ իրականում Թալիշի ուղղությամբ մեր կորուստները ավելին են, քանի իմ ներկայացրած թվերը: Այդ մասին ես այլևս չանդրադարձա, քանի որ իմ ձեռքի տակ եղած տվյալները թույլ չէին տալիս գրելու, որ մեր կորուստները կազմել են 1000 հեկտարից ավելի: Այսօր էլ դա ես չեմ կարող պնդել:

Այս ցավալի թեմային այլևս չէի անդրադառնա, եթե Սերժ Սարգսյանը վերջերս չհայտարարեր, որ մեր կորուստները իրականում կազմել են 400 հեկտար: Այսօր Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախկին տնօրեն Լևոն Մնացականյանը, որը 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն էր, կրկնել է Սերժ Սարգսյանին, ասելով՝ «Մեր հաշվարկներով՝ 400 հեկտար է»:

Եթե իրավամբ հայկական կողմի կորուստները կազմել են 400 հեկտար, ապա դա լավ է: Լավ կլիներ, եթե մենք չունենայինք 70-ից ավելի զոհերն ու տարածքային կորուստները: Բայց եղածը՝ եղած է. քառօրյա պատերազմ է եղել, և այդ պատերազմում մենք տվել ենք կորուստներ:

Քանի որ Ապրիլյան քառօրյան արդեն պատմություն է, ցանկալի կլիներ, որ մենք իմանայինք ճշմարտությունը տարածքային կորուստների մասին: Հասկանալի է նաև, որ այսօր Ապրիլյան քառօրյան քաղաքականացվել է հերթական անգամ և օգտագործվում է ներքաղաքական նպատակներով:

Ներքո իմ երկու հոդվածներն են առանց որևէ փոփոխության՝ առաջինը 2016-ի մայիսի 14-ի, երկրորդը՝ մայիսի 16-ի թվագիր:

Լելե թեփե-ում կորուստների չափերը. 1994-ի արյունալի ձմռանը այս տարածքներում հայկական ուժերը տվել են շուրջ 400 զոհ

Արցախյան բանակի դիրքային և տարածքային կորուստները հարավային ուղղությամբ 2016-ի ապրիլին

2016-ի ապրիլ 1-2-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից գրավված Լելե թեփե բարձունքը կամ բլուրը գտնվում է Հորադիզ գյուղի և Հորադիզ կայարանի միջև՝ դեպի Արաքս գտնվող հատվածում՝ գետից դեպի հյուսիս:

1994-ի մայիսյան անժամկետ զինադադարով և հաստատված շփման գծով նախկին Ֆիզուլիի շրջանի Հորադիզ գյուղը մնաց Արցախի, իսկ Հորադիզ կայարանը՝ Ադրբեջանի կազմում:

Լելե թեփե բլուրը կորցնելու մասին պաշտոնապես առաջինը խոսեց Արցախի պաշտպանության նախարարության օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը ապրիլյան ասուլիսներից մեկում. «Լելե թեփեն չի կարող համարվել ռազմավարական նշանակություն ունեցող, որովհետև լեռան գագաթի տրամագիծը կազմում է 5 մետր: Ընդհանուր լանդշաֆտի համեմատությամբ նրա բարձրությունը կազմում է 20 մետր: Դիրքերի համակարգի մեջ այն էական, թեկուզ մարտավարական նշանակություն չունի: Խոսք չկա ռազմավարական նշանակություն ունենալու մասին»:

Ապա Սերժ Սարգսյանը «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում ասաց, որ «հայկական կողմը մարտերի ընթացքում որոշ տարածքներ է կորցրել», «շատ փոքր հատված» շփման գծի հյուսիսում և հարավում, որոնք չունեին «ռազմավարական կարևորություն» հայկական զինված ուժերի համար, որոնք չեն փորձել հետ բերել դրանք՝ «նոր զոհերից խուսափելու համար»:

Մենք, բնականաբար, հնարավորություն չունենք 100 տոկոսով ճշգրիտ ներկայացնել, թե որքան է Արցախյան կողմի դիրքային և տարածքային կորուստը հարավային՝ Լելե թեփե-ի ուղղությամբ, սակայն ծանոթ լինելով տեղանքին, ուսումնասիրելով տարբեր քարտեզներ, համեմատելով հայկական և ադրբեջանական դիրքերը մինչև 2016-ի ապրիլի 1-2-ի գիշերն ու դրանից առաջ եղածը, կարող ենք իրականությանը մոտ պատկեր ունենալ:

Այսպիսով, Լելե թեփե-ում Արցախյան բանակը կորցրել է 7 դիրք, որոնք միասին կազմում են 1.5-ից մինչև 2 կիլոմետր երկարություն և 500 մետրից մինչև 1 կիլոմետր խորություն:

Ասել, որ սա շատ մեծ կորուստ է, արդարացված չէ: Բայց չի կարելի նաև անդադար հայտարարել, թե Լելե թեփեն կարևոր նշանակություն չունի: Շփման գծի այս հատվածը հիմնականում դաշտավայր է, իսկ նման լանդշաֆտի պայմաններում ամեն մի բարձունք ունի կարևոր նշանակություն:

Ամենից ցավալին ու ողբերգականն այն էր, որ Լելե թեփեի դիրքերում Արցախյան բանակը տվեց մի քանի տասնյակ զոհ և վիրավոր:

1994-ի հունվարյան ողբերգությունը

Նախքան 1994-ի մայիսյան զինադադարը, Արցախյան ուժերը գրոհով հասել էին Հորադիզ երկաթուղային կայարան: Այն հայկական ուժերի վերահսկողության տակ էր որոշ ժամանակ: 1994-ի հունվարի առաջին օրերին ադրբեջանական բանակը հարձակում սկսեց երեք ուղղություններով` Մարտակերտ- Քելբաջարի, Աղդամ-Մարտունիի և Հորադիզի հատվածներում: Հակառակորդը հետ բերեց Հորադիզ երկաթուղային կայարանը: Հունվարի առաջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական ուժերին հաջողվեց ճեղքել և մոտ 15 կմ խորությամբ եւ 5 կմ լայնությամբ առաջանալ հարավարևելյան` Հադրութի ուղղությամբ: Դրան նպաստեց Իրանի տարածքով ադրբեջանական դիվերսիոն խմբավորման անցումը Արցախյան ուժերի թիկունք:

Այս հոդվածը պատրաստելու ընթացքում ես, ըստ իմ տրամադրության տակ գտնվող 1991-1994 թթ. պատերազմի զոհերի ցուցակի, հաշվեցի, թե որքան է եղել հայկական զոհերի թիվը Լելե թեփեի կամ Հորադիզի հատվածում 1994-ի արյունալի ձմռան ամիսներին: Հորադիզ կայարանը հետ գրավելու համար կատաղի մարտեր էին ընթանում: Այդ ամիսներին հայկական կողմը տվել է շուրջ 400 զոհ: Արցախյան երկուսուկես տարիների պատերազմի ընթացքում հայկական կողմի զոհերը՝ զինվորական և քաղաքացիական, կազմում է շուրջ 7.000:

Վարանդա/Ֆիզուլիի շրջանն այսօր

Ֆիզուլիի շրջանը և համանուն քաղաքը նախկինում կոչվել է Կարյագինո: 1930-ին նախկին Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Կարյագինո շրջանի (уезд) մի մասի վրա ձևավորվեց նոր վարչական միավոր, որը 1959-ին՝ ի պատիվ բանաստեղծ Մուհամմեդ Ֆիզուլիի, վերանվանվեց Ֆիզուլի:

Նախքան Ադրբեջանի հռչակումը՝ 1918-ը, Կարյագինոն հիմնականում բնակեցված էր ռուս մոլոկաններով:

Արցախ-Ադրբեջան շփման գիծը 1994-ի մայիսին հաստատված զինադադարով անցնում է նախկին Խորհրդային Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանով:

Ճշգրիտ դժվար է ասել, թե նախկին Ֆիզուլիի շրջանի որ մասն է մնացել Ադրբեջանին: Երբ նայում ենք քարտեզին, նկատելի է, որ շրջանի կեսից պակասն է գտնվում այսօրվա ԼՂՀ տարածքում: Հաշվի առնելով, որ մինչև 1993-ի օգոստոսի 23-ը (սա այն օրն է, երբ Արցախյան բանակը առանց լուրջ կորուստների մտավ Ֆիզուլի) շրջանի տարածքը 1386 քառակուսի կիլոմետր էր, կարելի է ասել, որ մոտավորապես 600 քառակուսի կիլոմետրն է այսօր գտնվում Արցախի կազմում:

Արցախի կազմում գտնվող նախկին Ֆիզուլիի տարածը գրեթե բնակեցված չէ, մինչդեռ Ադրբեջանի տարածքում գտնվող Ֆիզուլիի շրջանում կա 22 բնակավայր: Շրջանի ամենամեծ բնակավայրը Հորադիզ քաղաքատիպ ավանն է:

Տարիներ առաջ Արցախի իշխանությունները Ֆիզուլի քաղաքը և շրջանը, որտեղ մի քանի տասնյակ հայ է բնակվում, վերանվանեցին Վարանդա:

Ո՞վ է Ֆիզուլին

Ֆիզուլին 15-րդ դարի նշանավոր պոետներից ու մտածողներից Մոհամմեդ իբն Սուլեյմանի գրական անունն է: Ծնվել է Իրաքի Քերբելա քաղաքում, գրել արաբերեն, պարսկերեն և օսմաներեն:

Թալիշում կորուստների իրական չափերը

Արցախյան բանակի դիրքային և տարածքային կորուստները հյուսիսային ուղղությամբ 2016թ․ ապրիլին

2016-ի ապրիլ 1-2-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից Արցախյան հյուսիսային ուղղությամբ գրաված դիրքերը գտնվում են Լեռնային Ղարաբաղի  Թալիշ և Ադրբեջանի Թափ Կարակոյունլու գյուղերի միջև ընկած տարածքի բլրաշատ վայրում՝ Մռավջուր կամ Ինջա գետի երկայնքով և ջրի հունից դեպի հարավ-արևելք ընկած հարթավայրային հատվածում:

Նախ ադրբեջանական դիվերսիոն խմբերը՝ կրելով Արցախի պաշտպանական բանակի համազգեստ, ներթափանցել են Թալիշ (գյուղի ծայրամասի տներից մեկում նրանք դաժանաբար սպանեցին երեք տարեց մարդու): Խումբը դեռևս չէր հասցրել դուրս գալ Թալիշից, երբ սկսվել է ուժգին հրետակոծությունը: Միաժամանակ, ադրբեջանական բանակին հաջողվել է գրոհով վերցնել այդ հատվածի դիրքերը:

Դիրքապահները կռվել են մինչև վերջին փամփուշտը, մինչև վերջին նռնակը և չեն նահանջել՝ ակնկալելով օգնություն և մատակարարում, ինչը տեղի չի ունեցել, քանի որ աննախադեպ հրետակոծությունը պարզապես թույլ չի տվել զենք-զինամթերք հասցնել դիրքեր և օգնության հասնել:

Ադրբեջանական կողմին հաջողվել է տիրել առաջնագծի այդ հատվածին, սակայն կարճ ժամանակ անց Արցախյան ուժերը հակագրոհով հետ են վերցրել կորցրած դիրքերի մի մասը, իսկ մյուս մասը՝ թվով 14 դիրք, որոնք կախված էին Թափ Կարակոյունլու գյուղի վրա, հնարավոր չի եղել հետ վերցնել, քանի որ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվեց կրակի դադարեցում:

Այսպիսով, եթե հարավային ուղղությամբ՝ Լելե թեփե–ում Արցախյան բանակը կորցրել է 7 դիրք, որոնք միասին կազմում են 1.5-ից մինչև 2 կիլոմետր երկարություն և 500 մետրից մինչև 1 կիլոմետր խորություն, ապա Թալիշում և՛ դիրքային, և՛ տարածքային կորուստները ավելի մեծ են:

Այսօրվա դրությամբ, Արցախյան բանակը Թալիշի հատվածում ունի 14 կորցված դիրք, իսկ տարածքային առումով՝ ադրբեջանական կողմի գրաված դիրքերի երկարությունը շուրջ 4-5 կիլոմետր է, խորությունը՝ 1-1.5 կիլոմետր: Այստեղ, ինչպես և Լելե թեփե-ում, ադրբեջանական կողմը ստացել է որոշ դիրքային առավելություն, ինչը հնարավորություն է տալիս ուղղակի կրակի տակ պահել Թալիշը կամ գյուղի որոշ հատվածներ:

Սկզբնական շրջանում փորձ էր արվում հնարավորինս անորոշ պահել իրականությունը Թալիշում դիրքային և տարածքային կորուստների մասին:

Սերժ Սարգսյանը «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում խոստովանեց, որ «հայկական կողմը մարտերի ընթացքում որոշ տարածքներ է կորցրել», «շատ փոքր հատված» շփման գծի հյուսիսում և հարավում, որոնք չունեին «ռազմավարական կարևորություն» հայկական զինված ուժերի համար, որոնք չեն փորձել հետ բերել դրանք՝ «նոր զոհերից խուսափելու համար»:

Իրականում, ինչպես Լելե թեփե-ի, այնպես էլ Թալիշի կորցված դիրքերը ունեն ռազմավարական կարևորություն (այլ հարց է՝ պետք է՞ր և հնարավոր է՞ր մեծ զոհերի գնով վերականգնել ստատուս-քվոն): Մասնավորապես, ինչպես նշեցինք, Թալիշի մի հատված ուղղակի հակառակորդի նշանառության տակ է, մինչդեռ մինչև Ապրիլ 1-2-ի շփման գիծը այնպես էր անցնում, որ հնարավորություն էր տալիս համեմատաբար անվտանգ քաղաքացիական կյանք Թալիշում և ավելին՝ Արցախյան դիրքերն էին իշխում Թափ Կարակոյունլու ադրբեջանական գյուղի վրա:

Չափազանց բարդ է ասել, թե որքան է կազմում Արցախյան կողմի տարածքային կորուստը Թալիշի և Լելե թեփեի շրջանում միասին: Մեր մոտավոր հաշվումներով, որոնք ճշգրտման կարիք կունենան, այն կկազմի 7-ից 9 քառակուսի կիլոմետր, որը կազմում է ԼՂՀ ամբողջ տարածքի մոտ 0.06 տոկոսը:

Շփման գծի այս հատվածը միշտ եղել է խոցելի

Թալիշը, ինչպես և Մարտակերտի շրջանի մեծագույն մասը 1992-1994 թվականներին եղել է ադրբեջանական գրավման տակ: Թալիշը ազատագրվել է 1994-ի ապրիլին՝ զինադադարի հաստատումից օրեր առաջ: Երբ թալիշցիների մի մասը վերադարձավ գյուղ, տները ավերված էին: Նրանք նոր կյանք սկսեցին, որը, սակայն, խաթարվեց ապրիլ 1-2-ի գիշերը, երբ ադրբեջանական դիվերսիոն խմբերը մտան գյուղ, իսկ հրետանին ավերեց գրեթե ամեն տուն: Այսօր Թալիշում քաղաքացիական բնակչություն չկա:

Երբ 1994-ի մայիսին հաստատվեց զինադադար, Մարտակերտի շրջանի մի քանի գյուղեր մնացին հակառակորդի վերահսկողության տակ կամ հենց շփման գծի տարածքում: Այդ գյուղերն են՝ Հացավան, Սեյսուլան, Կարմիրավան, Մարաղա, Այգեստան (Չայլու), Հայկաջուր, Մարալյան Սարով, Լևոնարխ:

Թաթուլ Հակոբյան