2020-ին հայ տնտեսագետների կանխատեսումների միջինով սպասվում է 3,9 տոկոս անկում

Սոցիալ տնտեսական հետազոտությունների հայկական կենտրոնը (Armenian Center for Socio-Economic Studies – ACSES) հայաստանցի 16 տնտեսագետների շրջանում հարցում է իրականացրել ակնկալվող տնտեսական աճի և այլ ցուցանիշների, կառավարության տնտեսական քաղաքականության վերաբերյալ։

Ապրիլի 15-22-ը ACSES վերլուծական կենտրոնը տնտեսագետների շրջանում իրականացրել է «Առանցքային տնտեսական ցուցանիշների կոնսենսուսային կանխատեսման և Covid-19-ի հակազդման պետական աջակցության ծրագրերի գնահատման» փորձագիտական հարցում, որին մասնակցել է 16 տնտեսագետ՝ Բագրատ Ասատրյանը, Վարդան Բոստանջյանը, Ռուբեն Գևորգյանը, Արմեն Եղիազարյանը, Ջուլիետա Թադևոսյանը, Վահագն Խաչատրյանը, Վիլեն Խաչատրյանը, Մանուկ Հերգնյանը, Թաթուլ Մանասերյանը, Հեղինե Մանասյանը, Ատոմ Մարգարյանը, Հրանտ Միքայելյանը, Սուրեն Պարսյանը, Տիգրան Ջրբաշյանը, Էդվարդ Սանդոյանը և Հայկազ Ֆանյանը։

Փորձագիտական հարցման մասնակից տնտեսագետներից յուրաքանչյուրն առանձին կանխատեսել է 2020-ին ՀՆԱ-ի իրական ծավալի փոփոխությունը, 12-ամսյա գնաճը (գնանկումը), դրամ/դոլար միջին փոխարժեքը 2020-ի դեկտեմբերին, ինչպես նաև գնահատել է Covid-19-ի հետևանքների չեզոքացման պետական աջակցության ծրագրերի սոցիալական և տնտեսական բաղադրիչների արդյունավետությունը, դիրքորոշում է հայտնել տնտեսական աջակցության առանձին մեխանիզմների վերաբերյալ։

Ըստ կոնսեսուսային կանխատեսման՝ 2020-ին ՀՆԱ-ի իրական ծավալը Հայաստանում կկրճատվի 3,9%-ով, ինչն ավելի ցածր է, քան մինչ այժմ հրապարակված ՀՀ կենտրանական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության, միջազգային ֆինանսական կառույցների և վարկանշային գործակալությունների վերջին կանխատեսումները։

Միևնույն ժամանակ, փորձագետները կանխատեսում են, որ 12-ամսյա գնաճը կկազմի 1.8%, ինչը թեև ավելի բարձր է, քան նախորդ տարվա ցուցանիշը, սակայն ցածր է ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից (4% +/- 1,5 տոկոսային կետ)։

Բացի այդ, ըստ փորձագիտական կարծիքի, սպասվում է նաև դրամի արժեզրկում դոլարի նկատմամբ․  2020-ի դեկտեմբերին դրամ/դոլար միջին փոխարժեքը կլինի 499` 4,3%-ով ավելի, քան 2019-ի դեկտեմբերի ցուցանիշը։

Covid-19-ի հակազդման պետական աջակցության մասին

Փորձագետների կոնսենսուսային գնահատմամբ՝ 2020-ին Հայաստանում պետական աջակցության ծրագրերի չափը պետք է լինի մոտ 395 մլրդ դրամ, ինչը թույլ կտա հնարավորինս մեղմել տնտեսական և սոցիալական հետևանքները։

Փորձագետները նաև գնահատել են հրապարակված պետական աջակցության ծրագրերի սոցիալական և տնտեսական բաղադրիչների արդյունավետությունը, ընդ որում՝ 5 բալանոց սանդղակում սոցիալական բաղադրիչի միջին գնահատականը կազմել է 3,1, իսկ տնտեսական բաղադրիչինը՝ 2,5: Այլ կերպ ասած, պետական աջակցության ծրագրերը ավելի արդյունավետ են ամբողջական պահանջարկը խթանելու առումով (սոցիալական ծրագրեր), քան՝ ամբողջական առաջարկը (տնտեսական ծրագրեր)։

Փորձագետներին առաջարկվել է նաև դիրքորոշում հայտնել տնտեսական աջակցության հետևյալ մեխանիզմների վերաբերյալ․

-տնտեսական գործունեության առավել տուժած տեսակների համար որոշ հարկատեսակների դրույքաչափերի նվազեցում կամ զրոյացում,

-տնտեսության առանձին ոլորտների տնտեսավարող սուբյեկտների համար հարկերի վճարման հետաձգում,

-առանց միջնորդների՝ հետվերադարձի պայմանով, փոխառություն տրամադրում առանձին տնտեսավարող սուբյեկտների,

-բաժնեմասնակցության սկզբունքով նոր ձեռնարկությունների հիմնադրմանը մասնակցություն,

-նոր կապիտալ ներդրումների համար ամորտիզացիայի ավելի կարճ ժամկետների սահմանում։

Նշված մեխանիզմներից փորձագետները ամենաշատը հավանություն են տվել

-տնտեսության առանձին ոլորտների տնտեսավարող սուբյեկտների համար հարկերի վճարման հետաձգմանը

-բաժնեմասնակցության սկզբունքով նոր ձեռնարկությունների հիմնադրման մասնակցությանը։

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ հետևյալ հղումով։