Կորոնավիրուսից հետո՝ ջրհեղեղ, երաշտ ու սով. ինչ է դեռ աշխարհին բերելու 2020-ը

Համավարակը միայնակ չի եկել: 2020 թվականը կորոնավիրուսից հետո մոլորակին խոստանում է հրդեհներ, ջրհեղեղներ, պարենի անբավարարություն և մորեխների բիբլիական ներխուժում։ Բնական աղետները աղքատ երկրներին սպառնում են սովով, իսկ Եվրոպայում և ԱՄՆ-ին՝ լուրջ խնդիրներով, նախազգուշացնում են օդերևութաբանները և միջազգային կազմակերպությունները: Այս մասին է Բի-Բի-Սի-ի ռուսական ծառայության թղթակից Ալեքսեյ Կալմիկովի հոդվածը։

Համաշխարային օվկիանոսն այժմ ավելի տաք է, քան երբևէ; երաշտը մեծ թափ է հավաքում Եվրոպայում և Ամերիկայում: Ըստ ՄԱԿ-ի, աղքատ երկրներում նշմարվում է դարի ամենամեծ հումանիտար ճգնաժամը, իսկ հարուստ երկրներին սպառնում են ջրհեղեղներ, պարենամթերքի անբավարարություն և փոթորիկների բացառիկ շրջան։

Ցանկացած այլ իրավիճակում աշխարհը, ճիշտ է՝ ոչ առանց դժվարությունների, սակայն կկարողանար հաղթահարել կլիմայական այս բնական ճգնաժամերը։ Սակայն այժմ բոլոր ռեսուրսներն ուղղված են Covid-19-ի դեմ պայքարին:

Բժիշկներն ու փրկարարները գերծանրաբեռնված են, իսկ բյուջեներում հավելյալ գումար չկա: Ֆերմերները, բիզնեսը և տրանսպորտը գտնվում են արհեստական կարանտինային կոմայի մեջ: Եվ եթե հանկարծ բերքահավաքի օրերին լինեն ավերիչ պտտահողմեր կամ կարկտահարություն, իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ:

Կարանտինը չի չեղարկել գլոբալ տաքացումը

Կորոնավիրուսը փոխել է կյանքը մոլորակի վրա, բայց չի չեղարկել այն, ինչը փոխել է մեր մոլորակը վերջին տասնամյակներում՝ գլոբալ տաքացումը, որին էլ գիտնականները մեղադրում են բնական աղետների ահագնացող հաճախացման մեջ։

Համաշխարհային կլիմայի ամենամեծ տվյալների բազայի ՝ Ամերիկյան բնապահպանական տեղեկատվության ազգային կենտրոնների ( National Centers for Environmental Information – NCEI) համաձայն, 2020 թ. մարտին մոլորակը տաքացման ռեկորդային մակարդակ է արձանագրել։

Եվ սա՝ չնայած համաշխարհային արգելափակումներին, որոնց պատճառով կանգ է առել տրանսպորտը և արդյունաբերությունը:

«Տնտեսական ակտիվության նվազման արդյունքում օդի աղտոտումը նվազել է, բայց ածխաթթու գազը մի գիշերվա ընթացքում չի գոլորշիանում»,- ասում է Բրիստոլի համալսարանի պրոֆեսոր Դանիելա Շմիդտը: Նրա խոսքով, գլոբալ տաքացման հետևանքները, օրինակ՝ ծովի մակարդակի բարձրացում և այլն, զգալի կլինեն դարեր շարունակ: Համաճարակը միայն սահմանափակել է կլիմայի փոփոխությունների հետևանքները մեղմելու մեր հնարավորությունը:

Իսկ փոփոխություններն ակնհայտ են:

Որքան տաք է օվկիանոսը, այնքան հզոր են դրանում ձևավորվող փոթորիկները: Խոշոր տնտեսություններից նրանք առավելագույն վնաս են հասցնում Միացյալ Նահանգներին՝ աշխարհի ամենահարուստ երկրին, որն առավելագույնն է տուժել կորոնավիրուսից: Այնտեղ փոթորիկների սեզոնը սկսվելու է հունիսից:

Ավելին, գերտաքացած ծովերում ավելի շատ են տեղումները, քան ցուրտ ցամաքում, ինչն անձրևից զրկում է մայրցամաքները և երաշտ առաջացնում: Հնդկական օվկիանոսի արևմտյան հատվածում ջերմաստիճանի բարձրացման հետևանքով մեծանում է Ավստրալիայում չոր ամառների ու, հետևաբար, հրդեհների ռիսկը, իսկ Հյուսիսատլանտյան օվկիանոսում տաքացող ջրերը երաշտ ու հրդեհներ են սպառնում Ամազոնի անտառներին:

Տապը Եվրոպայում

Գլոբալ տաքացման վտանգը զուտ տաքացումը չէ, այլ այն, որ այդ տաքացման հետևանքով խախտվում են կլիմայական երևույթների սովորական «ծրագրերը», զգուշացնում են գիտնականները: Շոգը դառնում է անտանելի, ցուրտը՝ ավելի խիստ, քամին վերածվում է փոթորիկի, իսկ անձրևը դառնում է ջրհեղեղ:

Եվ այս պատկերը նոր չէ: Ընդհանրապես, ընթացիկ դարի երկու տասնամյակից ավելի ժամանակահատվածում, տասներկու ռեկորդային շոգ տարիներից տասնմեկը բաժին է ընկել Եվրոպային։

Այս տարին բացառություն չէ: Ջրամբարների մակարդակը Ուկրաինայում և Ռումինիայում իջել է ծայրահեղ ցածր մակարդակի: Ֆրանսիայի գյուղատնտեսական նշանակության հողերի կեսը չորացել է, ֆերմերներն ահազանգում են:

Գերմանիայում նույնպես չոր է, բայց իշխանությունները չեն շտապում խուճապի մատնվել, չնայած անհնագստացած են իրավիճակով, քանի որ անցած երկու տարիները ևս տեղումների պակաս են ունեցել։

Ցորենի առաջատար արտադրողները` Ռուսաստանը և Ղազախստանը, տեսնելով, թե ինչպես են տուժում Եվրոպայում իրենց ամենամեծ մրցակիցները, սահմանափակել են հացահատիկի արտահանումը: Նրանք վախենում են, որ հարուստ երկրներում պահանջարկի մեծացումը կբերի արտահանման աճի և ներքին շուկայում՝ դեֆիցիտի:

Միևնույն ժամանակ, չոր և տաք եղանակն ունի իր առավելությունները. արդեն մի քանի շաբաթ է, ինչ Եվրոպայի մեծ մասի երկնքում ամպեր չկան, և վերականգնվող էներգիան ավելի ու ավելի մեծ մասշտաբներով է ապահովում մայրցամաքի էլեկտրաէներգիայի կարիքները:

Չլիներ վիրուսը, ամեն ինչ այդքան էլ վատ չէր

Երաշտը հարվածել է ոչ միայն Եվրոպային: Արգենտինական հարթավայրերն ու ամերիկյան պրերիաները նույնպես ջրազրկված են:

Միացյալ Նահանգներում, հինգ կետանոց սանդղակով երկրորդ աստիճանի (severe drought) երաշտն արդեն նկատվում է Տեխասում, Կալիֆոռնիայում և Օրեգոնում, իսկ «շատ չոր» երրորդ աստիճանը՝ (extreme drought) տասնյակ նահանգներում, հիմնականում հարավում, Մեքսիկայի սահմանի մոտ ՝ Ալաբամայից մինչև Վաշինգտոն:

Բայց չնայած դրան՝ դեռ վաղ է խոսել բերքի կրած վնասի մասին: Հաջորդ երկու-երեք ամիսները որոշիչ կլինեն հացահատիկային մշակաբույսերի համար, որոնք հիմնական սնունդն են մոլորակի բնակիչների ու ընտանի կենդանիների մեծ մասի համար: Աշխարհում բերքի ընդհանուր վիճակը սպառնալից չի թվում:

Բացի այդ, անցյալ տարվա փայլուն բերքի շնորհիվ, աշխարհի պահեստները լի են հացահատիկի ռեկորդային պաշարներով:

Արժեր հանգստանալ և այսքանով սահմանափակվել, բայց գործին խառնվեց անկոչ հյուրը՝ կորոնավիրուսը։

Համաճարակը խախտեց համաշխարհային պարենային շուկայի ապրանքաշրջանառությունը։ Պահեստներում և նավահանգիստներում բավարար թվով առողջ աշխատողներ չկան, բեռնատարներն առանց վարորդների անշարժ կանգնած են: Դժվար է ինքնաթիռ ու նավի կոնտեյներ գտնել։ Բեռնափոխադրումները կտրուկ նվազել են:

Մինչդեռ դաշտերում հասունանում ու փչանում է բերքը, քանի որ գյուղատնտեսությունը աշխատանքային միգրանտների հիմնական գործատուներից մեկն է: Կարանտինի պատճառով, օրինակ, սուրճ հավաքողները չեն կարող հասնել Լատինական Ամերիկայի տնկարկներին, մարոկկացիներին թույլ չեն տալիս գնալ Իսպանիա՝ ելակ հավաքելու, իսկ ռումինացիներն ու բուլղարացիները չեն շտապում մեկնել Բրիտանիա և Գերմանիա:

Այս ամենը սպառնում է նոր պարենային ճգնաժամով, սակայն, ի տարբերություն նախորդ երկու՝ 2007-2008 և 2010-2012 թթ․ ճգնաժամերի, այս անգամ խնդիրը պարենի պակասը չէ: Ընդհակառակը, այն առատ է։ Հիմա խնդիրն այն է, թե ինչպես կարելի է այն հավաքել և հասցնել սուպերմարկետներին:

Սարսափելի սով և մորեխներ

Պարենային ճգնաժամի սպառնալիքը, որը զուգորդվում է կորոնավիրուսի համաճարակի հետ, մեծ ծախսեր է առաջ բերում հարուստ պետությունների համար և զարգացնում պրոտեկցիոնիզմի հակվածությունը։ Սա հիանալի առիթ է աղքատ երկրներին ցուցաբերվող օգնությունը նվազեցնելու համար, ինչի վրա վաղուց շեշտ են դնում պոպուլիստները. Նրանք վրդովվում են, թե ինչու պետք է օգնել հեռավոր Աֆրիկային, եթե Դեթրոյթում և Լիվերպուլում ևս կան սոված և հիվանդ անօթևաններ։

Նման տրամադրությունների համար ավելի վատ ժամանակ դժվար է պատկերացնել:

Նույնիսկ առանց մահացու վիրուսի համաճարակի, 2020 թ․ աշխարհին սպասվում էր Երկրորդ աշխարհամարտից ի վեր ամենամեծ հումանիտար ճգնաժամը, ինչպես համաշխարհային առաջնորդներին կորոնավիրուսից շատ առաջ նախազգուշացրել էր ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դեյվիդ Բիզլին:

ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում գրեթե 1 միլիարդ մարդ, այսինքն՝ մոլորակի յուրաքանչյուր ութերորդ բնակիչ, մշտապես թերսնված է: Եվ ահա կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամի հետևանքով միայն 2020 թ. նրանց թիվը կաճի ևս 130 միլիոնով: Բիզլին նախազգուշացնում է՝ 265 միլիոն մարդ սովի կմատնվի։

Նրա ղեկավարած ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն աշխարհում ամենամեծ հումանիտար կազմակերպությունն է: Այն ամեն օր կերակրում է գրեթե 100 միլիոն մարդու: Եթե այդ օգնությունը հանկարծակի դադարեցվի, ամեն օր մինչև 300 հազար մարդ կմահանա սովի պատճառով:

Բայց 2020 թ․ սցենարը համալրվեց մեկ այլ չարիքով՝ մորեխների հրոսակախմբերի ներխուժման տեսքով:

Շատակեր այս արարածները, Եմենում տաք և անձրևոտ ձմռան շնորհիվ, ահագնացող չափերի հասան ու բազմացան։ Այն պահին, երբ աշխարհը տարված էր կորոնավիրուսով, մորեխները խժռում էին Միջին Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի 23 երկրների կանաչ ծածկույթը:

Համաշխարհային բանկը մորեխների այս ներխուժումը անվանել է այս սերնդի ընթացքում ամենածանրը, ու սա դեռ չհաշված այն, որ սպառնում է երկրորդ, ավելի մեծ ալիքը։ Մորեխի ամպեր են հասունանում Քենիայում, Եթովպիայում և Իրանում:

Նրանք ուտելու բան կգտնեն։ Աֆրիկայի բերքը։ Այս տարվա բերքը մեծ հարցականի տակ է:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հոդվածի բնօրինակը՝ За коронавирусом идут потоп, засуха и голод. Прогнозы на 2020 год становятся все мрачнее

Մեկնաբանել