Ինչպես զարգացնել գյուղատնտեսությունը COVID-19-ի ժամանակ և հետո

Բենիամին Պողոսյան, Կարեն Բաղդասարյան

Հայաստանում գյուղատնտեսության թիրախային զարգացումը COVID-19-ի տնտեսական հետևանքների դեմ պայքարի ռազմավարության բաղկացուցիչ է։

Վերջին շաբաթների ընթացքում միջազգային առաջատար վերլուծական կենտրոններն ու կազմակերպությունները գնահատումներ են հրապարակել նոր կորոնովիրուսային համաճարակի՝ գլոբալ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական զարգացումների վրա ազդեցության վերաբերյալ։ Չնայած առկա անորոշություններին՝ արդեն ակնհայտ է, որ 2020 թ. համաշխարհային տնտեսությունը գրանցելու է 1929-1939 թթ. «Մեծ դեպրեսիայից» հետո ամենամեծ անկումը։

Կա՞ն արդյոք Հայաստանում ոլորտներ, որոնց պետության կողմից թիրախային աջակցության ցուցաբերումը կձևավորի պետություն-մասնավոր հատված համագործակցության այնպիսի մոդել, որը հնարավորություն կտա տնտեսվարողներին նվազագույն կորուստներով դուրս գալ տնտեսական ճգնաժամից և հիմքեր ստեղծել հետագա աճի համար, իսկ այդ ոլորտում ներգրավված բնակչությանը՝ բարձրացնել սեփական բարեկեցությունը։

Սույն հոդվածում առանձնացրել ենք արդյունավետ գյուղատնտեսությունը՝ որպես ստեղծված իրավիճակում կայուն զարգացման հնարավորություն և մատնանշել այդ ոլորտին պետության կողմից թիրախային աջակցության ցուցաբերման տարբերակներ, որոնք միաժամանակ կխթանեն նաև մասնավոր ներդրումները:

Առկա իրավիճակ

Համավարակի հետևանքով էական և երկարաժամկետ փոփոխություններ են սպասվում մարդկանց վարվելակերպում, ինչն իր ազդեցությունն է թողնելու տնտեսության մի շարք ոլորտների վրա։ Արդեն հիմա կարելի է ակնկալել, որ նույնիսկ համաճարակի սուր փուլի ավարտից հետո շարունակվելու են մարդկանց տեղաշարժի սահմանափակումները և այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են զբոսաշրջությունը, զվարճություններն ու հանրային սնունդը, անորոշ ժամանակով ի վիճակի չեն լինելու վերադառնալ նախաճգնաժամային մակարդակին։ Այս գործընթացի հետևանքով տվյալ ոլորտների հետ ուղղակի կամ անուղակի կապ ունեցող հանրային հարստությունը կտրուկ արժեզրկվելու միտումներ է գրանցելու, ինչը հանգեցնելու է կապիտալի արտահոսքի դեպի այլ ոլորտներ։

Հաշվի առնելով տարբեր երկրների կողմից առաջ քաշվող սահմանափակումները և օդային հաղորդակցությունների ու ցամաքային բեռնափոխադրումների իրականաման դժվարությունները՝ լուրջ խնդիրներ են ստեղծվելու նաև սննդի մատակարարման շղթաների անխափան աշխատանքի համար։ Ամենայն հավանականությամբ առաջիկա տարիներին բնակչությանն առողջ սննդի մատակարարման խնդիրը դառնալու է պետությունների գերակայություններից մեկը, ընդ որում, եթե նախկինում այս խնդրին բախվում էին հիմնականում երրորդ աշխարհի երկրները, ապա այժմ այն մուտք է գործում նաև զարգացած պետությունների ազգային անվտանգության ապահովման առաջնահերթությունների օրակարգ:

Միջազգային հեղինակավոր «Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» (CSIS) կողմից 2020 թ. ապրիլի 17-ին կազմակերպված «Արդյոք աշխարհը մոտենում է գլոբալ սննդային ճգնաժամին» քննարկման ժամանակ Սննդի քաղաքականության հետազոտությունների միջազգային ինստիտուտի ավագ փորձագետ Ջո Գլոբերը նշել է, որ շուրջ երկու տասնյակ պետություններ արդեն իսկ հայտարարել են տարբեր տեսակի սննդամթերքի արտահանման արգելքներ սահմանելու մասին, ինչը կարող է հանգեցնել սննդի միջազգային գների աճին, իսկ որոշ պետություններում նաև սննդամթերքի մատչելիության հետ կապված խնդիրներ ստեղծել։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բեսլին ապրիլի 20-ին բրիտանական The Guardian պարբերականի հարցմանն ի պատասխան նշել է, որ կորոնավիրուային համավարակի պատճառով ավելի քան 30 զարգացող պետություններ կանգնած են սովի վտանգի առջև։ Համաշխարհային Բանկի կայուն զարգացման գծով փոխնախագահ Յուրգեն Վոգելեն ապրիլի 21-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չնայած վերջին երկու տարիներին առատ բերքի շնորհիվ սննդի համաշխարհային պաշարներն ավելացել են, սակայն արտահանման արգելքների և մատակարարման շղթաների խափանման հետևանքով որոշ սննդատեսակների մասով հնարավոր է գնաճ, իսկ առանձին զարգացող պետություններ կարող են կանգնել նաև սննդամթերքի պակասի վտանգի առջև։ Այս առումով հատկանշական է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության ապրիլի 26-ի հայտարարությունը մինչ հուլիսի 1-ը ԵԱՏՄ սահմաններից դուրս Ռուսաստանից հացահատիկային մշակաբույսերի արտահանման դադարեցման վերաբերյալ:    

Վերոհիշյալ միտումների հաշվառումը էական նշանակություն ունի առնվազն միջնաժամկետ հեռանկարում (3-5 տարի) հետհամավարակային աշխարհում ՀՀ անվտանգային շահերի ապահովմանն ուղղված արդյունավետ ռազմավարության մշակման համար։ Հաշվի առնելով սննդի մատակարարման շղթաներում հնարավոր խափանումները և սննդի անվտանգության ապահովման բացարձակ գերակայությունը պետությունների առաջնահերթությունների ցանկում՝ ՀՀ-ում գյուղատնտեսության առաջանցիկ տեմպերով զարգացումը և սննդամթերքի արտահանման ծավալների էական աճը կարող է միջնաժամկետ հեռանկարում դառնալ հետհամավարակային աշխարհում ՀՀ տնտեսական անվտանգության և պետբյուջե եկամուտների հոսքի կայուն ապահովման, ինչպես նաև այդ ոլորտում հանրային հարստության կուտակմանը նպաստող էական գործոն։ Բացի դրանից, սննդամթերքի արտահանման ծավալների էական աճն զգալիորեն կավելացնի ՀՀ աշխարհաքաղաքական նշանակությունը տարածաշրջանային անվտանգության համակարգում։

Հարկ է նշել, որ չնայած վերջին տարիներին ՀՀ-ից պատրաստի սննդի արտահանման ծավալների աճին, (2018 թ. 553 միլիոն դոլար, 2019 թ. 639 միլիոն դոլար) այս ոլորտում դեռևս հսկայական չիրացված ռեսուրս է առկա։ Դրա մասին է վկայում նաև ինտենսիվ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման նպատակով օտարերկրյա քաղաքացիների կողմից (խոսքը վերաբերում է ինչպես Սփյուռքի մեր հայրենակիցներին, այնպես էլ օտարազգիներին) վերջին տարիներին Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերման ծավալների աճը։

Նշված խնդիրների լուծումն անհնար է իրականացնել առանց գյուղատնտեսության տարբեր ճյուղերում արդյունավետ կառավարման իրականացման, մասնավորապես՝ պետության, բիզնեսի և գիտության համագործակցության միջոցով։ Գյուղատնտեսության մեջ ներդրումներ կատարող տնտեսվարողների համար պետության կողմից ցուցաբերվող թիրախային աջակցությունն ընկալվում է որպես երկարաժամկետ ներդրումների անվտանգության երաշխիք, և այդ ոլորտում նրանց կողմից ռիսկեր ստանձնելու պատրաստակամության խթան է:

Սկսվող տնտեսական ճգնաժամն առաջին հերթին հարվածելու է տնտեսվարողների համար շրջանառու միջոցների հասանելիությանը: Հատկապես գյուղատնտեսության ոլորտում ագրոտեխնիկական միջոցառումների իրականացման ուշացումը կարող է ոչ միայն ի չիք դարձնել տվյալ սեզոնից ակնկալվող արդյունքը, այլ նաև անդառնալի հարված հասցնել տնտեսական միավորներին: Համավարակի դեմ պայքարի նպատակով կառավարության կողմից մշակված  հակաճգնաժամային ծրագրերի շրջանակում բանկերի միջոցով առաջարկվող վարկային միջոցները կարող են տնտեսվարողների համար օգտակար լինել ընթացիկ գործունեության ապահովման տեսանկյունից, սակայն ոլորտում առկա հիմնարար մի շարք խնդիրներ պահանջում են անհապաղ կապիտալ ներդրումներ՝ հակաճգնաժամային ծրագրերի շրջանակում տրամադրվող միջոցները հետագայում արդյունավետ դարձնելու տեսանկյունից:  Ստորև կնշենք մի շարք ուղղություններ, որտեղ պետության կողմից կապիտալ ներդրումներին աջակցությունը տնտեսվարողներին վստահություն կներշնչի լրացուցիչ ռիսկեր վերցնելու և արյունավետ գյուղատնտեսական ծրագրեր իրականացնելու համար:

Ոռոգման համակարգ

Ոռոգման արդյունավետ համակարգի և անհրաժեշտ ժամանակահատվածում ջրի անհրաժեշտ քանակի առկայությունը արդյունավետ բուսաբուծության և պտղաբուծության, թերևս, թիվ մեկ նախապայմանն է։ Դեռևս խորհրդային տարիներին Հայաստանում ձևավորվել է ոռոգման լայն ցանց՝ բաղկացած խոշոր ու միջին ջրամբարներից, ջրանցքներից, պոմպակայաններից և այլ ենթակառույցներից։ Սույն հոդվածում չենք անդրադառնա այդ ենթակառուցվածքի ներկայիս վիճակին կամ արդյունավետությանը, բայց անհրաժեշտ ենք համարում շեշտել արհեստական «միկրո ջրամբարների» կառուցման կարևորությունը ոռոգման անխափան աշխատանքն ապահովելու տեսանկյունից։

«Միկրո ջրամբարները»  սնվում են հիմնական ջրանցքներից և ապահովում են ոռոգման անխափան աշխատանք ջրամատակարարման ընթացիկ կամ վթարային խափանումների պարագայում: 20 000-100 000 մ3 տարողությամբ նման ջրամբարների կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական ներդրումները կազմում են մոտավորապես 20 000 – 200 000 ԱՄՆ դոլար։ Այդ «միկրո ջրամբարները» կարող են կառուցվել ինչպես անհատ ֆերմերների տարածքներում, այնպես էլ համայնքներին կից՝ որպես մինչև մի քանի հարյուր հեկտար հողատարածքի անխափան ոռոգումը ապահովող պահեստային տարբերակներ և ոռոգման հիմնական համակարգի խափանման դեպքում կարող են ընդհուպ մի քանի շաբաթ տնտեսվարողներին ապահովել անհրաժեշտ ոռոգմամբ։ Դրանց կառուցումը չի առաջացնում բնապահպանական խնդիրներ և միևնույն ժամանակ համալրում է պետության քաղցրահամ ջրային ռազմավարական պաշարները: Անխափան ջրամատակարարումը կաթիլային ոռոգման ապահովման նախապայման է, առանց որի անհնար է անցում կատարել կաթիլային ոռոգմանը և ջրային ռեսուրսների խնայող ու արդյունավետ օգտագործմանը: Առանց կայուն ոռոգման անհնար է ակնկալել ներդրումներ գյուղատնտեսության ոլորտում:

Պետության կողմից նման ջրամբարների կառուցման արժեքի առնվազն 50 տոկոսի համաֆինանսավորումը կարող է խթանել անհատների և համայնքների կողմից մշակովի և անմշակ հողատարածքներում կաթիլային արդյունավետ ոռոգման համակարգերի ներդրումը և հետևաբար ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումը:

Այս խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է քննարկումներ սկսել խոշոր և միջին ջրօգտագործողների ու համայնքների ղեկավարների ներգրավմամբ և մշակել միկրոջրամբարների կառուցումը խթանող պետական աջակցության ծրագիր՝ 2020 թ. տարեկան ընդհանուր առնվազն 1 մլն մ3, իսկ սկսած 2021 թ.-ից տարեկան առնվազն 2 միլիոն մ3 տարողությամբ «միկրո ջրամբարներ» կառուցելու նպատակով: 

Այգեգործություն

Վերջին տարիներին Հայաստանում առանձնահատուկ ուշադրության է արժանանում ինտենսիվ այգեգործությունը։ Ի տարբերություն ավանդական այգեգործության, այս ճյուղը պահանջում է ծավալուն ներդրումներ կաթիլային ոռոգման և ցրտից ու կարկուտից այգիների պաշտպանության համակարգերի ստեղծման համար (առնվազն 50 հազար ԱՄՆ դոլար 1 հեկտար այգու համար): Միևնույն ժամանակ նման համակարգերը ապահովում են կատարված ներդրումների անհամեմատ ավելի բարձր երաշխավորված հետվերադարձելիության մակարդակ։ Հարկ է ընդգծել, որ 2019 թ. ՀՀ կառավարությունն այգեգործությանն աջակցման բավականաչափ ծավալուն ծրագիր է ընդունել։ Դրանով պետությունը համաֆինանսավորում է ինտենսիվ այգեգործության համար տրամադրվող վարկերը, կամ փոխհատուցում է կատարված ծախսերի մի մասը։

Կարևորելով այս ծրագրի ընդունումը, գտնում ենք, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամի և դրանից բխող շրջանառու միջոցների պակասի հետևանքով ծրագրի շահառուները լրացուցիչ աջակցության կարիք ունեն։

Ծրագրի արդյունավետությունն էականորեն մեծացնելու համար նպատակահարմար է դրանում կատարել մի շարք փոփոխություններ.

– ընդլայնել ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեցող այգիների ծավալային վերին շեմը՝ ներկայիս տարեկան 100-ից այն հասցնելով մինչև 500 հեկտարի,

– մեծացնել պետության կողմից ծախսերի փոխհատուցման ծավալը՝ ներկայիս 50-ից այն հասցնելով 90 տոկոսի (փոխհատուցման տրամադրումից 5 տարի հետո նշված 40 տոկոսը պետությանը հետ վերադարձնելու պայմանով),

– կապալառուի կողմից համապատասխան հաշվի ներկայացման դեպքում պետության կողմից տրամադրվող փոխհատուցումը կատարել մինչև այգու հիմնումը՝ սահմանելով ծրագրի իրականացման ֆիքսված ու պարտավորեցնող ժամկետներ շահառուի և կապալառուի համար և նախատեսել տուգանքներ դրանց խախտման դեպքում:

Պետք է հաշվի առնել, որ ինտենսիվ այգեգործությունը ներդրումների հետվերադարձելիության մակարդակի և վերջնական արտադրանքի համար արտաքին շուկաների առկայության առումով գյուղատնտեսության առավել շահութաբեր ճյուղերից է: Հարկ ենք համարում նշել, որ վերջին 10 տարիների ընթացքում Վրաստանում և Ադրբեջանում պետական ուղիղ աջակցության շնորհիվ բազմապատկվել են կորիզավորների և ընդեղենի ինտենսիվ այգիների ծավալները։

Հողի որակ

Գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը հողի որակի պահպանումն ու որակյալ հողատարածքների ծավալների ընդլայնումն է։ Անկախությունից ի վեր տարբեր գործոններով պայմանավորված Հայաստանում զգալիորեն ավելացել է հողի որակի անկման ցուցանիշը։ Դրա հիմնական պատճառներն են կոռոզիան, աղակալումն ու ճահճացումը, միևնույն ժամանակ բանջարաբուծության և պտղաբուծության համար կիրառելի շատ հողատարածքներ 3-րդ և 4-րդ կարգի են։ Անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով տնտեսվարողներն այս հողատարածքներում չեն կարողանում համապատասխան մելիորացիա իրականացնել և արդյունավետ գյուղատնտեսական գործունեություն ծավալել, ուստի և տվյալ հողերը մնում են անմշակ: Նման հողատարածքներում ներդրումների կատարումը պետք է ուղղակի խրախուսվի պետության կողմից՝ մելիորացիայի և հողի բաղադրությունում հումուսի ավելացման, ինչպես նաև աղակալումից ու ճահճացումից մաքրման, կոռոզիայից պաշտպանության ծրագրերի իրականացման տեսքով:

Այս խնդրի լուծման նպատակով առաջարկում ենք մշակել և իրականացնել գործող ոռոգման համակարգին միացած հողերի որակի բարձրացման ուղղությամբ տնտեսվարողի կողմից կատարվող աշխատանքների արժեքի պետության կողմից մինչև 50 տոկոսի փոխհատուցման ծրագրեր, որոնք կներառեն մելիորատիվ, հումուսի ավելացման, քամուց պաշտպանության նպատակով անտառաշերտերի ստեղծման, աղակալման դեմ դրենաժային և ճահճուտներից մաքրման աշխատանքները: Դրանց շնորհիվ կբարձրանա արդեն իսկ ոռոգման ցանցին միացած հողատարածքների արժեքը, ինչն իր հերթին այդտեղ կապահովի արդյունավետ ներդրումային ծրագրեր իրականացնելու նոր հնարավորություններ:

Կաթնատու անասնապահություն

Գյուղատնտեսության այս ճյուղն էական նշանակություն ունի ինչպես հանրապետության բնակչությանը մսով և կաթնամթերքով ապահովելու, այնպես էլ պատրաստի արտադրանքի արտահանման տեսանկյունից։ Հայաստանում գործում են փոքր ու միջին անասնագոմերի խթանման ծրագրեր, սակայն այս ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտը անասնակերի որակյալ, խոշորածավալ և ցածր ինքնարժեքով տեղական արտադրության բացակայությունն է։

Հարկ է ընդգծել, որ անասնակերի արժեքը կազմում է խոշոր եղջերավոր անասնապահության օպերացիոն ծախսերի գրեթե 80 տոկոսը, և ներկայումս Հայաստանում առկա կաթի մթերման և պատրաստի որակյալ անասնակերի գների հաշվառմամբ տնտեսվարողներին ձեռնտու չէ անասնակերի ձեռք բերումը և անասուններին ողջ տարվա ընթացքում գոմում պահելը։ Այս պայմաններում տնտեսվարողները նախընտրում են արոտի շրջանում (մայիս-սեպտեմբեր ամիսներ) անասուններին պահել արոտավայրերում, որոնք ապահովված չեն խմելու ջրով և էլեկտրաէներգիայով: Այնտեղ ստացված կաթը անհրաժեշտ լոգիստիկ ցանցի բացակայության պայմաններում անհնար է պահանջվող հիգիենիկ պայմանների ապահովմամբ հասցնել վերամշակողին, ինչի հետևանքով էականորեն նվազում են կաթի որակն ու համապատասխանաբար մթերման գները:

Շատ ավելի խորքային խնդիր է հանրապետությունում կաթի անհամաչափ արտադրությունը ապրիլ-սեպտեմբեր (ընդհանուր ծավալի 80%) և հոկտեմբեր-մարտ ամիսներին (ծավալի 20%), քանի որ աշուն-ձմեռ շրջանում պատրաստի որակյալ անասնակերի թանկության պատճառով տնտեսվարողները նախընտրում են հենց այդ փուլում անասուններին մտցնել ծնի շրջան (ծնի շրջանում անասունները սպառում են շատ ավելի քիչ քանակի սնունդ): Ընդ որում, խնդիրը վերաբերում է և՛ ցածրադիր, և՛ լեռնային, և՛ բարձրադիր արոտավայրերում պահվող խոշոր եղջերավոր անասուններին: Կաթի ինքնարժեքի հիմնական գործոնի՝ անասնակերի արժեքի կառավարումը թույլ կտա փոփոխելի դարձնել ծնելիության փուլերը և հավասարակշռել կաթի արտադրության ծավալները գարուն-ամառ և աշուն-ձմեռ փուլերում: Դա անկյունաքարային նշանակություն ունի կաթի գների կայունության ու որակյալ բարձրարժեք կաթի մատակարարման անխափան շղթան ապահովելու տեսանկյունից:

Այս խնդրի լուծման նպատակով առաջարկում ենք պետությանը սահմանել կաթի մեջ բարձր յուղայնությունն ու սպիտակուցի առկայությունն ապահովող անասնակերի համապատասխան չափորոշիչներ և ուղղակի օժանդակություն ցուցաբերել այդ չափորոշիչներին համապատասխան անասնակեր արտադրող տնտեսվարողներին: Վերջնական արդյունքին ուղղված խրախուսման այս ձևը մի կողմից կապահովի արդյունավետ անասնագոմերի ստեղծման ծրագրերի իրականացմանը, որակյալ կաթի կայուն մատակարարումները դեպի վերամշակող ոլորտ, մյուս կողմից կխթանի տնտեսվարողների կողմից վարելահողերի արդյունավետ օգտագործումը՝ համապատասխան արտադրական սարքավորումների, մեխանիզացիայի ներդրման և տարածքների օգտագործման ընդլայնման  տեսանկյունից:

Ճշգրիտ գյուղատնտեսություն

Վերջին տարիներին աշխարհի առաջատար պետություններում մեծ տարածում է ստացել «Ճշգրիտ գյուղատնտեսությունը», որը «խելացի սարքերի»՝ ստատիկ և դինամիկ սենսորների ու տեղեկատվական ծրագրերի համակցման միջոցով լրջորեն նպաստում է գյուղատնտեսության ոլորտում արդյունավետ որոշումների կայացմանը։  Տեղեկատվական համակարգերին միացված տեսանկարահանող դրոնների և հողի վրա տեղակայված սենսորների միջոցով ստացված տեղեկույթի վերլուծությունը հնարավորություն է տալիս բազմակի անգամ ավելացնել հողի որակի գնահատման, ցանքի ժամկետների, ոռոգման, պարարտացման, վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի, բերքահավաքի կազմակերպման, աշխատուժի և մեխանիզացիայի կառավարման վերաբերյալ ընդունվող որոշումների արդյունավետությունը: Այս լուծումները հնարավորություն են տալիս բարձրացնել և բազմապատկել ինչպես ինտենսիվ, այնպես էլ ավանդական գյուղատնտեսության արդյունավետությունը:

Առաջարկում ենք պետությանը աջակցել ճշգրիտ գուղատնտեսության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերություններին՝ գիտության և բիզնեսի համագործակցությունն ու նորարարական ստարտ ափ ծրագրերը խթանող համապատասխան հարթակ ստեղծելու միջոցով: Նշենք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 2019 թ. արդեն իսկ հաջող փորձեր են արվել նման հարթակ ձևավորելու նպատակով: Այս ուղղությունը մեծապես նպաստելու է ոչ միայն գյուղատնտեսության ավանդական և ինտենսիվ ոլորտների արդյունավետ կառավարմանը, այլև խթանելու է տեխնոլոգիաների տրանսֆերը դեպի Հայաստան ու բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսական նոր մասնագիտությունների յուրացումը երիտասարդ սերնդի կողմից:

Եզրակացություն

Վերը նշված առաջարկները կարելի է համալրել լրացուցիչ թիրախային ու փոխկապակցված ծրագրերով:  Գյուղատնտեսության ոլորտը երկարաժամկետ ներդրումների, պետության մշտական հոգածության և արդյունավետ կառավարման կարիք ունի։ Այստեղ առաջնահերթությունների գնահատումը և ճիշտ ժամանակին որոշումների ընդունումը կարող է էականորեն նպաստել երկրի պարենային անվտանգության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, երկրի ՀՆԱ-ի աճին և բնակչության եկամուտների ավելացմանը:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով Հայաստանի առաջատար այլ ոլորտներում, այդ թվում՝ տուրիզմ, ծառայություններ, թեթև արդյունաբերություն,  մեքենաշինություն, անորոշության մեծացման պայմաններում որակյալ թարմ և վերամշակված սննդի արտադրությանը միտված արդյունավետ գյուղատնտեսությունը կարող է հանդես գալ որպես փրկարար օղակ բնակչության պարենային անվտանգության ապահովման, դեպի Հայաստան ներդրումների ներգրավման, տնտեսության իրական հատվածում կայուն, մրցակցային բիզնես միավորներ ստեղծելու, ինչպես նաև Հայաստանի միջազգային ինտենգրման տեսանկյունից:

Բենիամին Պողոսյանը քաղաքագետ է, Երևանում գործող Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենը։

Կարեն Բաղդասարյանը «Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրենն է։