Հայաստանը 260 մլրդ դրամով նախատեսում է ավելացնել պետական պարտքը. նախարար

Կորոնավիրուսի համավարակի հարուցած տնտեսական ճգնաժամն աննախադեպ է իր տարածման արագության ու անկանխատեսելիության առումով: Մենք ունենք առաջարկի ու պահանջարկի շոկեր: Այս մասին ապրիլի 28-ին Ազգային ժողովում ներկայացնելով 2020թ․ պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը՝ հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Ակնհայտ է, որ տնտեսական անկումն անխուսափելի է: Հարցն այն է, թե որքան է այն լինելու: Սնանկության ռիսկերը նույնպես անխուսափելի են: Ճգնաժամն աննախադեպ է նաև հակազդման միջոցառումների տեսանկյունից: Տնտեսության վերականգնման համար միջոցներ չձեռնարկելը կարող է էական ռիսկեր առաջացնել ապագայի համար: Ըստ այդմ, մեր միջոցառումները պետք է լինեն հասցեական և ժամանակին, հակառակ պարագայում՝ դրանց արդյունավետության աստիճանը կլինի չափազանց ցածր», – ասաց Ջանջուղազյանը:

Հայաստանի տնտեսությունը, ինչպես նշեց նախարարը, ենթարկվում է արտաքին ու ներքին շոկերի: Ներքին շոկերը բխում են համավարակի դեմ պայքարելու նպատակով պարետատան կիրառած սահմանափակումներից: Արտաքին շոկերի հիմնական աղբյուրներն են համաշխարհային տնտեսության սպասվող 3-տոկոսանոց անկումը, զբոսաշրջաության կրճատումը, գունավոր մետաղների գների նվազումը, նավթի գների գահավիժումը, որոնք խնիդրներ են առաջացնում Հայաստանի առևտրատնտեսական գործընկեր պետություններրում, ինչպես նաև տրանսֆերտների կրճատումը:

«Մեր գնահատմամբ՝ սպասվում է Հայաստանի տնտեսության անկում 2 տոկոսի սահմաններում, որը ներառված է առաջարկվող նախագծի մեջ: Մենք 2020 թվականի բյուջեում դրել էինք 4,9 տոկոս աճի կանխատեսում: Հաշվարկաները կատարված են այն տեղեկատվության հիման վրա, որը հայտնի է: Սակայն անորոշության սահմանները բավականին մեծ են», – ասաց Ջանջուղազյանը՝ նշելով, որ կառավարությունը ճգնաժամի հետևանքների հաղթահարման համար ներդրել է 150 մլրդ դրամի հասնող սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթ:

«Այս սցենարի ներքո պարտք ներգրավելու կարիքը գնահատվում է մոտավորապես 260 մլրդ դրամ, քանի որ նման տնտեսական անկման կանխատեսումը ենթադրում է անվանական ՀՆԱ-ի նվազում: Ուստի այս տարվա սպասվող 7,95 տրիլիոն դրամի փոխարեն ՀՆԱ-ն ակնկալվում է, որ կլինի 6,48 տրիլիոն դրամ: Համապատասխանաբար այն կգեներացնի ոչ թե 1,6 տրիլիոն դրամ հարկային եկամուտ, այլ 1,4 տրիլիոն դրամ կամ մոտ 169 մլրդ դրամով պակաս, քան ի սկզբանե ծրագրավորված էր: Իսկ սա նշանակում է, որ մեր պակասուրդը կկազմի 324 մլրդ դրամ, քանի որ մենք ծախսերը չենք կրճատելու: Պահպանում ենք գրեթե նույն մակարդակի վրա», – ասաց նա:

Նախարարը կրկնեց՝ ձևավորվող պակասուրդի ու հարկային եկամուտների նվազումից առաջացած խնդրիների լուծման համար կպահանջվի մոտ 260 մլրդ դրամի պարտքային միջոցներ ներգրավել: 

«Ուստի մենք առաջարկում ենք փոփոխություն կատարել այս տարվա բյուջեում, որպեսզի տրվեն հնարավորություններ գերազանցել առկա սահմանափակումները: Առաջարկվում է սահմանել առավելագույն պակասուրդի չափը 324 մլրդ դրամ, որը կկազմի կանխատեսվող ՀՆԱ-ի 5 տոկոսը», – ասաց նախարարը՝ չբացառելով, որ համավարակով պայմանավորված՝ իրավիճակի վատթարացման պարագայում կարող են նոր փոփոխություններ առաջարկել պետբյուջեի մասին օրենքում: