Գուրգեն Խաչատրյանը հայտարարել  է, որ իրենց վրա ճնշումներ կան օտարելու «Յուքոմը» 

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և «Յուքոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը (ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին) հայտարարություն է տարածել, որ «երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը, նաև մեկ այլ տեղեկատվական տեխնոլոգիական ընկերություն՝ IUnetworks-ը»։ 

«Ապօրինությունների բաղկացուցիչ մասն է կազմել բոլոր գույքերի, այդ թվում` ընկերություններում բաժնեմասերի վրա դրված անօրինական կալանքը։ Սպառնալիքները հասել են ընդհուպ մինչև այն կետին, որ խոստացվել է անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերություններում, որի արդյունքում, ըստ նրանց, ստիպված կլինենք համաձայնություն տալ վաճառելուն՝ այն էլ, առավելագույն ցածր գնով»,- հայտարարել է Խաչատրյանը։ 

Ապրիլի 10-ին Սիվիլնեթը գրել էր, որ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող տարբեր ձեռնարկություններում ունեցած բաժնեմասերի վրա կալանք է դրվել։ Դրան նախորդել էր «Յուքոմից» կառավարող թիմի հեռացումը։ 

«Տեսնելով, որ սաբոտաժը արդյունք չի տվել, և մենք շարունակում ենք տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմնեիս, ինչպես նաև մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ»,- հայտարարությունում նշել է Գուրգեն Խաչատրյանը՝ հայտնելով, որ հատվել են իրավական և բարոյական սահմանները։ Նա դեսպաններին, միջազգային կառույցներին կոչ է արել հետևել գործընթացին։ 

Խաչատրյանը շեշտել է՝ «Յուքոմը» չեն վաճառելու, դա իրենց արժանապատվության հարցն է։ 

#CivilNet #News