Լիբանանում բողոքի նոր ալիք՝ ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին

Լիբանանում բռնկվել է բողոքի նոր ալիք՝ երկրում կորոնավիրուսի համավարակի պայմաններում խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնին։

Երկրի հյուսիսում սկսված բողոքի ցույցերի ընթացքում իրավապահների ու ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։ Տասնյակ երիտասարդներ հարձակումներ են գործել բանկերի վրա, հրդեհել զինվորական մեքենաներ։ 

Ըստ լիբանանյան Daily Star կայքի՝ զինվորականների հետ բախումներում ստացված վնասվածքներից Տրիպոլիում զոհվել է 26-ամյա երիտասարդ։ Associated Press-ը հաղորդում է, որ Կարմիր Խաչը Տրիպոլիից տարհանել է վիրավոր քաղաքացիներին։

Ցուցարարները հայտարարել են, որ իրենց պահանջները պարզ են, և իրենք որևէ անհնարին բան չեն խնդրում։ Բանակը հայտարարել է, որ հարգում է քաղաքացիների՝ բողոքի իրավունքը, քանի դեռ նրանք չեն փակում ճանապարհներ, հարձակում չեն գործում հանրային և մասնավոր գույքի վրա։

Լիբանանում կորոնավիրուսի համավարակը է՛լ ավելի է խորացրել ֆինանսատնտեսական ճգնաժամը, որի ճիրաններում Լիբանանը գտնվում է անցյալ ամառվանից։ Ազգային արժույթ լիրան արժեզրկվել է ավելի քան 50 տոկոսով․ դոլարի համեմատ լիրայի պաշտոնական փոխարժեքը 1 500 է, մինչդեռ սև շուկայում այդ թիվը հասնում է 4 000-ի։

Կիրակի օրը Լիբանանի Կենտրոնական բանկը հանձնարարական էր հրապարակել տարադրամի փոխանակման կետերում դոլարը 3 200-ից ավել լիրայով չվաճառելու վերաբերյալ։ Երկուշաբթի մի շարք կետեր հայտարարել են, որ չեն վաճառում դոլար։

Խորացող ճգնաժամային պայմաններում վարչապետ Հասսան Դիաբը մեղադրել է Կենտրոնական բանկի ղեկավար Ռիադ Սալամեհին՝ ասելով, որ նա է կազմակերպել ազգային արժույթի անկումը։

Լիբանանում տիրող իրավիճակին անդրադարձել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը․ «Կորոնավիրուսի համավարակը ամիսներ շարունակ տևած բողոքի ցույցերը կտրուկ արգելակեց, քանի որ մարդիկ մնացին տանը՝ պաշտպանելու իրենց առողջությունը, կառավարությունն էլ արգելեց զանգվածային հավաքները և կարանտին հայտարարեց։ Բայց անսանձ կոռուպցիան, ծայրաստիճան անհավասարությունը, ռեգրեսիվ հարկային համակարգը, կենսամակարդակի արագ վատթարացումը և գրեթե գոյություն չունեցող սոցիալական ապահովությունը գերակայում են, ինչպես երբեք»։

Ըստ HRW-ի՝ COVID-19-ը միայն ջրի երես բերեց և խորացրեց այս մարտահրավերները։ Կառավարության չհամակարգված և անհամաչափ արձագանքը համավարակին է՛լ ավելի խարխլեց հանրային վստահությունը իշխանության հանդեպ։

Գլխավոր լուսանկարը՝ Associated Press-ի

Ստելլա Մեհրաբեկյան