Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

Այսօր առավոտյան Մարտի 1-ի գործով մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար․ այս մասին հաղորդում են Քոչարյանի գրասենյակից։ Ըստ հաղորդագրության՝ հետազոտության արդյունքներով որոշում կկայացվի հետագա բուժման բնույթի վերաբերյալ։

2019 թվականի հոկտեմբերի 9-ին հաղորդվեց, որ Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրյան» կենտրոնում վիրահատել են։ 

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Նոր միջնորդության համար հիմք է հանդիսացել երկրում առկա կորոնավիրուսային հիվանդության համաճարակը և Քոչարյանի վարակման վտանգը՝ հաշվի առնելով, որ նա գտնվում է տարիքային ռիսկային խմբում:

Ավելի վաղ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել էր համավարակի շրջանում «արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկել բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխություն»։

Լուսինե Վարդանյան