Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

Այսօր առավոտյան Մարտի 1-ի գործով մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար․ այս մասին հաղորդում են Քոչարյանի գրասենյակից։ Ըստ հաղորդագրության՝ հետազոտության արդյունքներով որոշում կկայացվի հետագա բուժման բնույթի վերաբերյալ։

2019 թվականի հոկտեմբերի 9-ին հաղորդվեց, որ Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրյան» կենտրոնում վիրահատել են։

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Նոր միջնորդության համար հիմք է հանդիսացել երկրում առկա կորոնավիրուսային հիվանդության համաճարակը և Քոչարյանի վարակման վտանգը՝ հաշվի առնելով, որ նա գտնվում է տարիքային ռիսկային խմբում:

Ավելի վաղ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել էր համավարակի շրջանում «արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկել բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխություն»։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել