Զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի զարգացումը համավարակից հետո. ապագան տեսանելի՞ է

Արփի Ումեդյան

Հյուրանոցային և զբոսաշրջության զարգացման փորձագետ

Կորոնավիրուսի համավարակի արդյունքում ավիացիայի, զբոսաշրջության, հյուրանոցային ճյուղերի կոլապսը աշխարհի բոլոր երկրների տնտեսություններում ամենատուժածն է եկամուտների կորստի և գործազրկության թվաքանակի ահռելի մեծ ծավալի առումով: Դրա արդյունքում այս ոլորտի վերականգնողական աշխատանքները կառավարությունների կողմից օժանդակության փաթեթեների են արժանանում առաջնահերթ կարգով:

Համաձայն ոլորտի միջազգային վերլուծաբանների կանխատեսումների՝ 2020-ին աշխարհի բոլոր երկրների զբոսաշրջային ոլորտում այս պահի դրությամբ իրատեսական շահույթի հոսքերը հնարավոր են ներքին և միջսահմանային զբոսաշրջիկներից: Օրինակ, փետրվար, մարտ ամիսներից ի վեր ասիական երկրներ Չինաստանի, Սինգապուրի, Հոնկոնգի և Թայվանի Զբոսաշրջության պետական մարմինները ոլորտին աջակցության փաթեթներ տրամադրելուն զուգահեռ մեկնարկել են հակազդելու տարատեսակ գործողություններ և վերականգնողական ռազմավարական պլանների մշակման գործընթացներ: 

Մարտի վերջին Չինաստանի զբոսաշրջության պատկան մարմինները, ընդունելով անվտանգ ճամփորդական կանոններ, զարկ տալով տնտեսությանը, վերաբացել են զբոսաշրջութան նպատակակետերը՝ խթանելով ներքին զբոսաշրջությունը: Եվրոպական երկրներից Գերմանիան, Ավստրիան և Շվեցարիան այս օրերին քննարկում են սահմանափակ քանակով միջսահմանային հոսքերի հնարավոր անվտանգ զբոսաշրջության կազմակերպումը՝ հունիսից մինչ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի համար:

Նկատի առնելով այս փորձը՝ Հայաստանը ևս արդեն այս օրերին պետք է հրատապ որոշում կայացնի, թե ինչ ուղղությամբ է տանելու զբոսաշրջության հոսքերի հնարավոր աշխատանքը հունիսից-սեպտեմբեր ամիսների ընթացքում զբոսաշրջությունը անվտանգ կազմակերպելու համար: Արդյոք մենք կենտրոնանալու ենք ներքին զբոսաշրջությա՞ն վրա, թե՞ չենք բացառելու նաև ցամաքային ճանապարհով ժամանող զբոսաշրջիկների հոսքը հարևան Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից: Երկու դեպքում էլ ջանքերը հարկ է ուղղել համապատասխան քայլերի ծրագիրը զարգացնելու ուղղությամբ՝ ապահովելով անվտանգ ներքին զբոսաշրջություն:

Պատրաստվելով զբոսաշրջության ոլորտի վերականգնման պլանավորման աշխատանքներին՝ առաջնահերթ հրատապ քայլերն են՝

•         հերթերում սոցիալական հեռավորության կանոնների համաձայն՝ գծանշումների իրականացում՝ ցամաքային սահմանային կետերում, հյուրանոցային և սննդի օբյեկտներում, զբոսաշրջային նշանակության այլ կետերում:

•         հյուրանոցներում մաքրության սերտիֆիկացման ծրագրի մշակում և իրականացում: Ծրագրի շրջանակում այն հյուրանոցները, որոնք համապտասխանում են կառավարության և օպերատիվ խմբի կողմից սահմանված ախտահանման, բուժծառայության պարագաների կիրառման և մի շարք այլ պահանջներին, ստանում են հավաստագիր: Օպերատիվ խումբը ստուգայցերի վերահսկողության արդյունքում օժանդակում է մասնավորին սպասարկման անվտանգության պահանջների կազմակերպման և շտկման հարցում: Որպես լավագույն օրինակ՝ կարելի է ուսումնասիրել Սինգապուրի կողմից ներդրված «Մենք մաքուր Սինգապուրն ենք» հյուրանոցային սերտիֆիկացման ծրագիրը:

•         մարքեթինգային ռազմավարության մշակում՝ կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների սահմանմամբ:

•         երկրի ճանաչելիությունը բարձրացնող թվային քարոզարշավների պլանավորում ու իրականացում, որը հիանալի հնարավորություն է ընդհանրապես երկրի, հյուրանոցների և զբոսաշրջային փորձառությունների ճանաչելիությունը բարձրացնելու համար:

Գործազրկությունը՝ զբոսաշրջային ոլորտում

Մեկ այլ գերխնդիր է այս ոլորտում գործազրկությունը, որի արդյունավետ լուծման տարբերակ է ոլորտում ներգրավված մասնագետներին նոր, հարակից մասնագիտացում տրամադրելու հարցում կազմակերպչական աջակցությունը: Այդպիսի մասնագիտացումներ են՝ տվյալնների հավաքագրման ու վերլուծության մասնագետը, սպառողի վարքագիծը ուսումնասիրող վերլուծաբանը, քաղաքականություններ և ռազմավարություններ մշակող փորձագետը, նախագծերի կազմակերպիչը, մարքեթինգի եվ բրենդավորման ոլորտի բազմապրոֆիլ մասնագետները: Մենք վաղուց ունենք նման մասնագետների պակաս, առանց վերջիններիս զբոսաշրջության ոլորտը կաղում է՝ անկախ ճգնաժամերից։

Այժմ մի քանի խորհուրդ հյուրանոցներին և զբոսաշրջային ծառայություն մատուցողներին՝ իրենց հետագա աշխատանքը պլանավորելու համար.

•         Համավարակի պատճառով ամրագրման չեղարկումների ճկուն քաղաքականության որդեգրում ողջ 2020-ի ընթացքում (սա, ի դեպ, միջազգային նորմ է դառնալու ընդդեմ համաճարակի պայքարի):

•         Ամրագրման ժամանակ հյուրի հիվանդության մասին տվյալների հավաքագրում: Ծառայության մատուցման վայրում հյուրից բացասական թեսթի արդյունքի թերթիկի ներկայացում (ժամանումից չորս օր առաջ գրանցած ժամկետում):

•         Գնային ճկուն քաղաքականության կիրառում: Միջազգային պրակտիկայում 4-5-աստղանի հյուրանոցներում նկատվում է 50-70% դրուքաչափից գնիջեցում:

•         Մարքեթինգային ջանքերի ամրապնդում թվային հարթակներոմ, որը ենթադրում է կանոնավոր ներկայություն, որակյալ ու դրական բովանդակությամբ հաղորդակուցություն, ուղիղ եթերներ, վիրտուալ տուրեր:

•         Առցանց հաղորդակցության և հյուրերի հետ հետադարձ կապի ամրապնդում՝ նույն րոպեին (real time), ճշգրիտ և վստահելի տեղեկության տրամադրում: Համավարակի մասին կանխարգելող քայլերի, բուժկետի և համապատասխան բժշկական պարագաների առկայության և պատասխանատու կիրառության, մոտակա հիվանդանոցի քարտեզագրումն ու դրա հետ կապված լրացուցիչ ճշգրիտ տեղեկատվության թափանցիկ հրապարակում:

•         Ոլորտի սպասարկման ներկայացուցիչների համար լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացում, հմտությունների զարգացում՝ ուղղված անվտանգության նոր կանոնների ծանոթացմանն ու ոչ պակաս կարևոր՝ համբերության ու հոգատարության որակների դրսևորմանը հյուրերի և միմյանց նկատմամբ:

•         Հյուրանոցային սպասարկման մեջ արդեն իսկ անխուսափելի պարտադիր ժամանակակից գործիքների պլանավորում և գնում: Օրինակ՝ հյուրի ամրագրման վարքագիծը ուսումնասիրող վաճառքի ծրագրերի և  IOT բազմացանց անվտանգության և հարմարավետության համակարգերի ներդրում (մեկ կոճակի հպման միջոցով բազմաթիվ գործողությունների իրականացում, որը կնվազեցնի շփումը բազմաթիվ առարկաների հետ):

•         Առցանց ծառայությունների և փորձառությունների մշակում:

•         Բնությանն ու շրջակա միջավայրին ուղղված սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացում:

2020 թվականը շրջադարձային է ոլորտի համար, և ժամանակն ու ռեսուրսները պետք է ներդնել նոր կարողություններ սովորելու, ծրագրեր պլանավորելու և վերջապես ռազմավարություններ մշակելու համար: Իսկ ճգնաժամը հնարավորություն է՝ վերաիմաստավորելու սպասարկման ոլորտը՝ շեշտը ուղղելով նորարարական, պատասխանատու և գիտակից զբոսաշրջության ուղղությունների վրա՝ ամրապնդելով Հայաստանում համայնքային զբոսաշրջության, առողջության և բնապահպանությանն ուղղված ինքնատիպ փորձառությունների կայուն զարգացումն ու պահպանումը։