Որոշակիորեն հաջողվել է աճի կորի հարթեցումը․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ որտե՞ղ ենք մենք այժմ կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով հարցադրման շուրջ։

«Վերջին օրերին հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում:

Աճի կորի հարթեցումը մեզ որոշակիորեն հաջողվել է: Որոշակիորեն հաջողվել է ժամանակ շահել և վերադասավորվել` հիվանդության դեմ պայքարի ավելի կազմակերպված համակարգ ունենալու համար:

Սակայն այդ ջանքերը դեռ պետք է շարունակվեն: Եվ դրանք պետք է լինեն կոլեկտիվ` բոլորիս կողմից: Մենք պետք է շարունակենք պահպանել հեռավորությունը միմյանց միջև, ձեռքերը հաճախ ախտահանենք, փակենք մեր բերանը դիմակով, երբ հնարավոր է:

Սահմանափակումների թուլացմանը զուգընթաց, մենք առավել մեծ անձնական պատասխանատվություն պետք է դրսևորենք վարակի տարածումը կանխարգելելու համար:

Սահմափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վտանգ չկա վարակվելու և վարակելու ուրիշներին, հատկապես մեր տարեց և քրոնիկական հիվանդություններով հարազատներին, մեր հայրերին և մայրերին, մեր տատիկներին և պապիկներին»,- գրել է Արսեն Թորոսյանը։