Գավառի բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել․ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել երեկ Գավառում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։ Հաղորդագրությունը՝ ստորև․

«Բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել․ լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել։

Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:

Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։

Միաժամանակ նշենք, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված չճշտված տեղեկություններ են հրապարակում: Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և այդ պահին այնտեղ է գտնվել ՀՀ ոստիկանության պետը:

Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

***

Ապրիլի 28-ին լրատվամիջոցները հայտնեցին Գավառում սպանության դեպքերի մասին։ Ըստ «Հայկական ժամանակ» թերթի՝ հնչած կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի՝ 2 հոգի էլ Երևանի հիվանդանոցներ: Նախնական տեղեկություններով՝ մահացածներից մեկը Նորատուսից է, մյուսն էլ զինվորական քննիչ է: Հնչած կրակոցներին հաջորդել է վենդետա հիվանդանոցում, մահացածներից մեկի հարզատները ներխուժել են հիվանդանոց, ջարդուփշուր արել դռներն ու պատուհանները: Գեղարքունիքի մարզպետը թերթի հետ զրույցում հայտնել է, որ հիվանդանոց ներխուժած անձինք եղել են ավելի քան 500-ը, վնասել են հիվանդանոցն ամբողջությամբ, ներխուժել տարբեր մուտքերից:

Մեկնաբանել