Քաղաքը ապրում է, քաղաքին առանձնապես պետք չեն մարդիկ

Պատմության սկիզբը՝ Կյանքը՝ դիլիջանյան մեկուսացումից հետո

Ես լուսանկարիչ եմ, իսկ լուսանկարիչը երբեմն լրագրող է, մանավանդ, եթե այդ լուսանկարիչը վավերագրական ժանրում է աշխատում ու եթե շուրջդ աշխարհը մոտավորապես փլվում է օնլայն ռեժիմում: Լրագրող լինելն ունի լիքը մինուսներ` օրինակ էն, որ վտանգի պայմաններում դու ստիպված ես լինել այնտեղ, որտեղ մնացածը լինել չեն ուզում ու ինֆորմացիա հասցնել։ Ունի նաև առավելություններ` վտանգի պայմաններում դու կարող ես լինել այնտեղ, որտեղ մնացածը լինել չեն ուզում, կամ այս դեպքում` շատ են ուզում, բայց պետք չի: Եթե ավելի կարճ` մենք՝ լրագրողներս, ունենք աշխատանքի վայրից թղթիկ, որը թույլ ա տալիս քաղաքով պտտվել և նկարել: Կարանտինից փրկող ու միառժամանակ վտանգի տակ դնող հրաշք մի գործիք:

Եվ այսպես մի ամսվա Երևանի կարոտը գրպանում զինվում եմ ձեռնոցներով, դիմակով, կամերայով ու իջնում կենտրոն առաջին անգամ․․․ նկարելու, իհարկե։ Իսկ դուք ի՞նչ մածեցիք։

Նախ և առաջ կենտրոնը դատարկ է…ավելի շուտ դատարկ էր, այսօր պատկերը արդեն լռիվ ուրիշ է, իսկ այն օրերին դեռ կառանտին բառը ինչ-որ նշանակություն ուներ, թեկուզ և ոչ ամեն տեղ: Տեսնելով Ֆեյսբուքում բոլոր նկարները ծայրամասերից, լսելով լեգենդներ արաբկիրյան խրախճանքների մասին, Մասիվի համայն շաբաթ-կիրակիի և «մասիվցուն կոռոնան չի կպնում»-ի մասին՝ կարող եմ վստահ ասել` կենտրոնը անհասկանալի պատճառով իրոք դատարկ էր: Միգուցե պատճառը ոստիկանների քանակն էր, միգուցե այն, որ կենտրոն իջնելը դարձել է անիմաստ․ չէ՞ որ կենտրոնը միայն խանութներն ու կաֆեներն են, որոնք հիմա փակ են, միգուցե կենտրոնում իրականում ապրող այլ ոչ սեզոնային տուն ունեցողների քանակը ահագին փո՞քր է։ Չգիտեմ, բայց փաստը մնում է փաստ` կենտրոնը դատարկ էր, ու պատկանում էր միայն ոստիկաններին․․․ ու լրագրողներին:

Տարիների ցույցեր նկարող լուսանկարչի փորձս օգնում է լավ շրջանցել ոստիկանների կույտերը, բայց դե միշտ չի ստացվում:

– Քուրիկ ջան, քուրիկ ջան,- ականջակալներս հանելով արդեն լարվում եմ, մտովի պատկերացնելով, թե ինչ սխալ կարող են փորձել գտնել իրականում լրիվ ճշգրիտ կազմած թղթերումս։- Քուրիկ ջան, որ խնդրեմ մեզ մի հատ էս Օպերայի շենքի մոտ կնկարե՞ս, մեյլս տամ, հետո նկարը ուղարկես:

Ոնց որ թե էլի բան եմ բաց թողել էս նոր աշխարհի փոփոխություններից, մտածում եմ, նկարում, խոստանում փորձել հիշել ուղարկել ու հեռանում: Առաջին հենց անկյունից թեքվելիս տեսնում եմ նորից էս անգամ արդեն ավելի մեծ ոստիկանական խումբ, ավելի լուրջ ու ավելի ցույց ցրող տրամադրությամբ։ Ու կրկին մեկն ակտիվ շարժվում է իմ ուղղությամբ:

– Այ հիմա, այ էս անգամ հաստատ,- իջեցնում եմ նորից չեբուռաշկայի ականջակալներս։

– Լրագրո՞ղ եք,- հարցնում է ոստիկանն այնքան լայն ժպիտով, որ նույնիսկ դիմակի տակից եմ տեսնում։

-Այո,- շփոթված ասում եմ ես։

– Վա՜յ։ Ո՞նց եք ձեզ զգում։

– Լավ,- խելքի չգալով՝ ասում եմ ես:

– Առողջ եղեք,- ասում է ոստիկանը՝ ժպիտը այդպես դեմքին, ու գնում:

Չե հաստատ ես ինչ-որ բան եմ բաց թողել: Ասում են գոյություն ունեն զուգահեռ իրականություններ` միգուցե սա դրանցից մեկն է։ Ոստիկանն իհարկե մերն է, բայց որ ոստիկանը այ սենց նրբանկատությո՞ւն, էսքան էմպատիա՞ ունենա լրագրողի հանդեպ ու համարի մեզ մի համակարգի մաս, մի ընդհանուր գործ անող, որովհետև մենք երկուսս էլ այս օրերին անվտանգ տների փոխարեն ստպիված ենք փողոցներ չափչփել։ Չգիտեմ՝ էս ինչ հեքիաթ է, գիտեմ որ ուզում եմ այստեղ մնալ, կարելի՞ է։

Քանի դեռ ես իտալիաներից տուն էի հասնում, պարզվում է՝ գարունն է եկել Երևան, ու ոչ թե ձևական օրացուցային, այլ լրիվ օրինական, կանաչով, անհավատալի քանակի ծիտիկներով, որոնց հիմա կարող ես լսել Հանրապետության հրապարակից Օպերա ու ամեն տեղ:

Ասում են՝ կենտրոնում հիմա նույնիսկ գիշատիչ թռչուններ են հանդիպում: Համարյա ինչպես դելֆինները Վենետիկում, պարզապես ի տարբերություն դելֆինների՝ այս նորությունը սուտ չէ: Մի տեսակ միառժամանակ հիացնող է ու վախենալու՝ ինչ արագ է բնությունն իր հասանելիքը հետ վերցնում. տպավորություն է, որ մարդկության ծագման օրվանից այս օրվան է սպասել.․. չնայած ինչի՞ տպավորություն, երևի տենց էլ կա։ Եթե առաջ կինոներում Նյու Յորքը պոստապոկալիպտիկ ջունգլիների մեջ թվում էր ինչ-որ մեկի անառողջ երևակայության արդյունք, հիմա սկսում ես հասկանալ, թե իրականում ինչ կարճ ժամանակվա հարց է դա: Բայց առայժմ մենք այստեղ ենք։ Սիրելի բնություն, մի քիչ էլ դիմացի, եթե դժվար չի: Էս մի գարունն էլ թող վայելենք:

Երևանում գարուն է

Երևանում գարուն է ու, բացի ոստիկաններից ու լրագրողներից, փողոցում են նաև քաղաքա(թաղա՞)պետարանի աշխատակիցները, որոնք դանդաղ ու քնքշանքով բզբզում են քաղաքի կանաչ տարածքները՝ էնքան սիրով, էնքան նուրբ, էնքան առանց ոչ մի տեղ շտապելու։ Տպավորություն է, որ Սաքո պապիկն է բակի էն փոքր հողատարածքում սիգարետը ատամների մեջ հմտորեն սեղմած գարնան բացվելուն պես դուրս եկել՝ այգու գործերի համար պահած հին կոշիկներն ու տղայի մաշած գլխարկը հագին: Մի քիչ էստեղ-էնտեղ հողը փխրեցնի, մի երկու ճյուղ կտրի, զիբիլները մաքրի։ Ամենակարևորը՝ կնոջ փնթփնթոցներից այգում արևի տակ հնարավորինս երկար պատսպարվի:

Սաքո պապիկները հարթեցնում են հողը, տնկում ծաղիկներ, մանր-մունր բաներ ճանապարհին շտկում թռչունների անդադար ծլվլոցի տակ` ուղղակի այդ հրաշք Պրովանսի կիրակին` Մաշտոց Սայաթ Նովայի երբեմնի ամենաբանուկ խաչմերուկներից մեկում է, մի քանի ալարկոտ մեքենաների ու տխուր ու անգործ ոստիկանների աչքի տակ:

Քաղաքը ապրում է, քաղաքին առանձնապես պետք չեն մարդիկ: Հիշո՞ւմ եք «Խաղալիքների պատմություն» մուլտը, որտեղ խաղալիքերը տիրոջ սենյակից դուրս գալուց հետո կենդանանում էին։ Հաստատ եմ ձեզ ասում․ տեսա, թե ոնց Սարոյանի արձանը շրջվեց՝ նայի, թե որ ուղղությամբ եմ գնում։ Իհարկե, հենց նկատեցի, հետ շրջվեց։ Երևում է՝ ամաչկոտ է․.. կամ էլ միգուցե ինչ-որ մեկը չէր մտածել տնից դուրս գալուց առաջ հաց ուտելու մասին ու հիմա իսկը ժամանակն է, քանի Կասկադի բոլոր մնացած արձաններն էլ չեն կենդանացել:

Ես դեմ չեմ, առաջին անգամվա համար այսքանը լրիվ հերիք էր։ Գնացինք տուն, վաղը` նորից որսի:

Հ.Գ. Երևան ջան, ամպի չափ կարոտել էի, մի քիչ էլ դիմացի, շուտով՝ մի ամառային երեկո, Կասկադում` էն սիրուն շորը հագիս, մի քիչ գինովցած, քո երեկոյան քամիներից սրճարանի ծածկոցի մեջ պինդ պատսպարված նորից միմյանց սեր կխոստովանենք (իսկ ես լուրջ հույսեր ունեմ, որ իմ սերը միակողմանի չի:) ։

Կարդացեք նաև՝

Իմացե՛ք՝ կարանտինում տխուր չի․ կյանքը մեկուսացման պատերից ներս

Մեկնաբանել