Արման Բաբաջանյանը մանրամասներ է պատմում Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքից

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում մանրամասներ է հաղորդում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ու «Ադեկվատ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: 

«Ալեն Սիմոնյանի կողքին եղել է իմ ընկերը, որն էլ զանգահարեց ինձ ու տեղեկացրեց, որ հարձակվել են Ալեն Սիմոնյանի վրա: Նա հեռախոսը փոխանցեց Ալեն Սիմոնյանին, խոսեցի նրա հետ, ասաց, որ իր վրա հարձակվել են: Այդ խոսակցությունից հետո ես անմիջապես դիմել եմ ոստիկանապետ Արմեն Սարգսյանին ու հայտնել միջադեպի մասին», – ասաց նա: 

Ալեն Սիմոնյանն արդեն հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել «Ադեկվատ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի հետ: Նրա խոսքով՝ Դանիելյանն է հարձակվել իր վրա, ինչի արդյունքում էլ տեղի է ունցել ծեծկռտուք: 

«Ադեկվատ» միաբանության անդամներն իրենց հերթին պնդում են, որ Արթուր Դանիելյանի վրա փողոցում զբոսնելիս հարձակվել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: